Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ ապագա բժիշկները նշեցին Լույսերի փառատոնը՝ Դիվալին. Ֆոտոշարք

Մոմեր, գույնզգույն լույսեր, հնդկական ազգային ուտեստներ և քաղցրավենիք․ հնդիկ ապագա բժիշկները նշեցին Լույսերի փառատոնը՝ Դիվալին։

Տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի և բարու հաղթանակը չարի նկատմամբ։ «Դիվալի» բառը թագմանաբար նշանակում է «լամպերի շարան»: Տոնի անվանումն արդեն իսկ հուշում է օրը նշելու կերպի մասին, այսպես՝ տոնակատարության մասնակիցները լուսավորում և զարդարում են իրենց տները լապտերներով, ծաղիկներով, մոմերով և էլեկտրական գունավոր լամպերով:

Ամեն տարի Հնդկաստանում և ամենուր Դիվալին ուղեկցվում է շքեղ տոնակատարություններով, սակայն այս տարի ԵՊԲՀ-ում բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողները, հայտնելով իրենց աջակցությունը հայ ժողովրդին այս դժվարին իրավիճակում, զերծ մնացին հրավառությունից, և միջոցառման բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների վառ հիշատակը։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հնդիկ ապագա բժիշկների հետ նշել նրանց ազգային տոնը, հիանալ նրանց երիտասարդ ավյունով։

«Համոզված եմ, որ ձեր երկրում, ձեր բազմադարյա և բազմաշերտ մշակույթում լույսը կրթությունն է, արվեստը, մարդասիրությունը։ Մենք շատ ընդհանուր կողմեր ունենք, և համոզված եղեք, որ մեր երկրի մշակույթը, մեր ավանդույթներն ունեն նույն հենքը։ Յուրաքանչյուր մարդու համար, ով արժևորում է իր ընտանիքը, իր զավակին, իր երկիրը, կարևորը լույսն է։ Այսօրվա շատ բարդ աշխարհում ձեր սերունդը ևս մեկ անգամ հաստատում է, որ ձգտում է դեպի լույսը։ Ցանկանում եմ, որ լույս լինի ձեր ընտանիքներում, ձեր երկրում։ Ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում լույս լինի», – մաղթեց բժշկական բուհի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Դիվալիի գեղեցիկ ավանդույթը ևս մեկ անգամ հուշում և պարտադրում է գնահատել այն ամենն, ինչն առնչվում է լույսի հետ:

«Վստահ եմ, որ այս երկրից մի փոքր լույս ձեզ հետ տանելու եք՝ լուսավորելու կրթության և մշակույթի միջոցով։ Եվ շնորհակալ եմ, որ ձեր երկրից, ձեր հայրենիքից մի մասնիկ եք բերել մեր երկիր։ Համալսարանի և անձամբ իմ անունից յուրաքանչյուրիդ սրտանց շնորհավորում եմ», – եզրափակեց Արմեն Մուրադյանը։

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի կարծիքով՝ Դիվալին շատ գեղեցիկ տոն է։

«Դուք գեղեցկացնում եք ամեն ինչ ձեր լույսերով։ Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը լուսավորի իր հայրենիքն ու ընտանիքը», – մաղթեց պրոռեկտորը։

Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանը շեշտեց․ «Դուք մի մեծ ընտանիքի անդամ եք, որը կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարան։ Մենք փորձում ենք այնպես անել, որ բուհը ձեզ համար դառնա տուն, որտեղ դուք կստանաք կրթություն՝ ձեռք բերելով աշխարհի ամենակարևոր և ամենահարգված մասնագիտություններից մեկը՝ բժշկի մասնագիտությունը։ Որպես ձեր դեկան և «երկրորդ մայր»՝ ցանկանում եմ, որ Դիվալիի լույսերը վերացնեն խավարը ձեր և ձեր ընտանիքների կյանքից՝ բերելով առողջություն, երջանկություն և բարեկեցություն»։

Հայաստանում Հնդկաստանի դեսպանության կցորդ, հյուպատոս Մանորանջան Սահուն նույնպես շնորհավորեց ուսանողներին․ «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է նշել տոնը ձեզ հետ՝ ապագա բժիշկների միջավայրում»։

Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը մաղթեց․ «Ցանկանում եմ, որ մենք բոլորս պարուրվենք լույսով և առաջնորդվենք դրանով»։ 

Միջոցառումն այս տարի անցկացվեց ԵՊԲՀ ուսանողական հանրակացարանում: