Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ ուսանողուհին ցանկանում է նպաստել կանանց առողջության պահպանմանը

Հնդիկ ուսանողուհին ցանկանում է նպաստել կանանց առողջության պահպանմանը

Հնդիկ ուսանողուհի Շրեա Նանդինի Բոսեն բժիշկ դառնալու մասին երազում էր դեռ 5 տարեկանից, ծնողներն էլ աջակցում և խրախուսում էին նրան այդ հարցում:

23-ամյա Շրեան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է: Ծնվել է Հնդկաստանի Օդիշա նահանգի Ռուրկելա քաղաքում: 

«Երբ դեռ երեխա էի, միշտ հիացած էի բժիշկներով և ստետոսկոպներով: Այնպես պատահեց, որ մի անգամ ծնողներիս հետ բժշկի էի այցելել ՝ պատվաստումներ ստանալու: Ես մոտ 5 տարեկան էի և վախենում էի ներարկիչներից, բայց միանգամից մոռանում էի վախի մասին, երբ բժիշկն ինձ քաղցրավենիք կամ սառնաշաքար էր խոստանում: Ես մինչև հիմա այդպես եմ անում», – կատակում է հնդիկ ուսանողուհին: Այդ օրը, շարունակում է Շրեան, պատվաստվելուց հետո ինքը վերցրեց բժշկի ստետոսկոպը և դուրս եկավ: «Մայրս, նկատելով դա, վերադարձրեց ստետոսկոպը՝ իմ անունից ներողություն խնդրելով բժշկից: Բայց բժիշկը ժպտաց և ասաց նրան, որ մի օր ես ինքս հիանալի բժիշկ կդառնամ: Այդ օրվանից որոշեցի անպայման բժիշկ դառնալ, իսկ մայրս շատ էր ցանկանում տեսնել ինձ բժշկի սպիտակ խալաթով», – պատմում է ապագա բժիշկը՝ հավելելով, որ մայրը նրա ուժի հենասյունն է:  

Շրեան նաև պրոֆեսիոնալ Բհարատնատյամ (հնդկական դասական պար) է պարում: Շատ հոբբիներ ունի, որոնց թվում՝ ածուխով նկարելը և երգելը:

Հայաստանում բոլոր ծանոթները նրան խորհուրդ տվեցին ԵՊԲՀ-ն՝ որպես բժշկական որակյալ կրթություն ապահովող հաստատություն:

Հայաստանը, նրա համոզմամբ, շատ գեղեցիկ երկիր է, հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն:

«Ես արդեն հասցրել եմ լինել Սևանում, Գառնիում, Ծաղկաձորում և Խոր Վիրապում. Սևանն, անկասկած, իմ ամենասիրելի վայրն է», – անկեղծանում է Շրեան:

Նրա խոսքով՝ մարդիկ Հայաստանում իսկապես շատ ընկերասեր են:

Շրեան «Հայ-հնդկական ընկերություն» հասարակական կազմակերպության և Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի անդամ է:

Ապագա բժիշկը հիացած է ԵՊԲՀ կրթական համակարգով: «Դասախոսները բացահայտում են մեր հմտությունները և միշտ մեր կողքին են դժվար պահերին: Շատերի հետ եմ ընկերացել», – ասում է Շրեան:

Հնդիկ ապագա բժիշկը պատմում է նաև նեղ մասնագիտացման ընտրության մասին: Հնդկաստանի գյուղական բնակավայրերում նա ականատես է եղել, թե ինչպես են շատ կանայք տառապում ծննդաբերելիս կամ տարբեր այլ խնդիրների պատճառով: «Երազում եմ հնարավորությանս սահմաններում օգնել աղքատներին և կարիքավորներին: Հենց այդ պատճառով էլ ցանկանում եմ գինեկոլոգ դառնել և օգնել կանանց ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ, որ կանայք իմ միջոցով նաև կրթվեն այնպիսի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, ինչպիսիք են ծննդօգնությունը, հղիությունը և ծննդաբերությունը, պտղաբերության հետ կապված խնդիրները, սեռավարակները, հորմոնալ խանգարումները և այլն», – ընդգծում է Շրեան:

Բժիշկ լինելը, նրա խոսքով, հեշտ գործ չէ: «Մենք շատ տարիներ, աշխատասիրություն, համբերություն և գումար ենք ներդնում դրան հասնելու համար: Ես չեմ ուզում լինել լավ բժիշկ, որը բուժում է հիվանդությունը, ես ուզում եմ լինել հիանալի բժիշկ, որը հասկանում է հիվանդի հոգեվիճակը, փորձում օգնել ամեն գնով», – կարծում է հնդիկ ուսանողուհին, որի համոզմամբ՝ բժիշկը չի կարող լինել եսակենտրոն:

«Դու նվիրվում ես մարդկությանը, և քո կյանքի հիմնական նպատակը կյանքեր փրկելն է», – ավելացնում է նա:

Շրեան հասկանում է հայերեն,  փորձում է կատարելագործել լեզվի իմացությունը: Ապագա բժիշկը զրույցը եզրափակում է մոր խոսքերով.

«Ես պարզապես կցանկանայի ասել այն, ինչ մայրս միշտ ասում էր ինձ. «Երբեք մի՛ հանձնվիր, երբ ուրվագծել ես քո միակ երազանքը: Արա՛ հնարավոր ամեն ինչ, դա քո՛ պայքարն է, պայքարի՛ր»:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան