Բժիշկ դառնալը հնդիկ ուսանողուհի Ռակշա Անանդի դպրոցական տարիների երազանքն էր։ Ռակշան ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ 21-ամյա ապագա սրտաթորասային վիրաբույժն Ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհրդի ակտիվ անդամներից է։ Ծնվել է Հնդկաստանի հարավում՝ Բանգալոր քաղաքում։
«Դեռ մանկուց շատ մոտիվացված էի։ Մարտահրավերներն ինձ խթանում են նոր նպատակներ ուրվագծել և իրագործել դրանք։ Միշտ հնարավորություն եմ փնտրում առաջընթացի և հաջողության հասնելու համար», – պատմում է ուսանողուհին: Ռակշայի հետաքրքրությունների շարքում են գիտությունը և հնդկական դասական երաժշտությունը, նա նաև կիթառահար է և վոկալիստ:
Բժիշկ լինելն, ըստ նրա, անչափ հետաքրքիր առաքելություն է՝ չնայած նրան, որ այս ոլորտը լի է դժվարություններով և մարտահրավերներով:
«Եղավ իրավիճակ, երբ հայտնվել էի բժիշկ դառնալու իմ երազանքից հրաժարվելու շեմին: Սակայն, ինչպես ասում են, Աստված ունի իր ծրագրերը։ Հնդկաստանում, որպես դպրոցի վերջին տարվա ուսանողական գիտահետազոտական խմբի մաս, մենք այցելեցինք «NIMHANS» հոգեկան առողջության և նեյրոգիտության հայտնի հիվանդանոց՝ տեսնելու հոգեկան շեղումներ և հաշմանդամություն ունեցող տարբեր մարդկանց։ Հենց այստեղ ես հասկացա, որ բժշկական ոլորտը հազար անգամ ավելի հետաքրքիր է, քան դրանում առկա դժվարությունները», – վստահեցնում է Ռակշան:
Երևանի Մխիթար ՀԵրացու անվան պետական բժշկական համալսարանն ընտրելու հիմնական պատճառը նրա համար այն էր, որ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը մեծ հեղինակություն է վայելում միջազգային կազմակերպությունների կողմից:
«Այս երկրի և նրա ժողովրդի սերը, հարազատությունը պարզապես անհավատալի են: Եթե հնարավորություն ընձեռվի, շատ կցանկանայի մնալ և աշխատել այս գեղեցիկ քաղաքում՝ Երևանում», – ընդգծում է հնդիկ ուսանողուհին:
Լավ բժիշկ դառնալու և հաջողակ կարիերա ունենալու համար, Ռակշայի համոզմամբ, շատ կարևոր են հաղորդակցման հմտությունները, աշխատանքային ճիշտ էթիկան, առաջնորդության լավ որակները և կարեկցանքը:
«Քանի որ յուրաքանչյուր հիվանդ դիմում է բժշկին առավելագույն վստահությամբ և հավատով, բոլոր ապագա բժիշկներին իմ խորհուրդը հետևյալն է․ պետք է ձգտենք ամբողջացնել մեր գիտելիքները` հիվանդների հույսերն արդարացնելու և բազմաթիվ կյանքեր փրկելու համար», – եզրափակում է ապագա սրտաթորասային վիրաբույժը:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան