Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորաբաց Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկում են համալսարանի հնդիկ ուսանողների համար նախատեսված Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացները։ Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն այսօր ներկա էին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Յոգեշվար Սանգվանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ նախորդ տարվա նոյեմբերին Հնդկաստան կատարած այցի ընթացքում հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականի և բժշկական համալսարանի միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում ԵՊԲՀ-ն երեք ամիս անց ազդարարում է այս անգամ հնդիկ ուսանողների համար նախատեսված նոր կրթական կարևոր ծրագրի մեկնարկի մասին:
Բուհի ղեկավարն ընդգծեց, որ FMGE քննության նախապատրաստական դասընթացների նպատակը մեր համալսարանի հնդիկ ուսանողների համար այս քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելն է, ինչը կբարձրացնի թե՛ համալսարանի, և թե՛ մեր երկրի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։
Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը շնորհակալություն հայտնեց նման ծրագրի համար՝ նշելով, որ մեկնարկող ծրագիրը հրաշալի հնարավորություն է հնդիկ ուսանողների համար և ԵՊԲՀ-ում ստացած բժշկական կրթությունը հնդիկ ուսանողների հետագա հաջողությունների սկզբնակետը կհանդիսանա:
Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց մեր երկրում կրթություն ստացող հնդիկ ուսանողներին աջակցել յուրաքանչյուր, այդ թվում կրթական հարցերում:
ԵՊԲՀ-ում այսօր բժշկական կրթություն են ստանում շուրջ 1800 արտասահմանցի ուսանողներ աշխարհի 30 երկրներից, նրանցից շուրջ 900-ը Հնդկաստանից են։ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ երբեւէ բժշկական համալսարանում նման ցուցանիշ չի գրանցվել: «Մենք մեր ուսանողներին տրամադրում ենք փաստացի միջազգային մակարդակի կրթական ծրագիր և կլինիկական գործունեություն,»,-ասաց նա:
Արմեն Մուրադյանի խոսքով` կլինիկաներում վերջին մեկ տարվա ընթացքում ակնառու են հստակ երեւացող ցուցանիշներ:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում 30 տոկոսով նվազել է մահացության ցուցանիշը: «Մուրացան» հիվանդանոցում Ավստրիայում վերապատրաստված երիտասարդ մասնագետին հաջողվել է իրականացնել նորածնային վիրաբուժության մեջ ամենածանր խնդիրներից մեկը՝ նեկրոտիկ էնտերոկոլիտի ցուցանիշը հասցնել 0-ի:
Տեղեկացվեց նաև այն մասին, որ ԵՊԲՀ ռեկտորատի այսօրվա որոշման համաձայն կսահմանվեն կրթաթոշակներ հնդիկ ուսանողների համար:
Մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ այսօր կայացրած որոշումը, որով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը, Արմեն Մուրադյանը նշեց, որ այս քայլը թույլ կտա առավել մեծ կլինիկական, ուսումնական հարթակներ ձևավորել:
Ռեկտորը վստահեցրեց՝ եթե FMGE-ի նման ծրագրերն իրենք արդեն իսկ ներդնում են այսօր, այսպիսի պայմաններում, ապա համոզված պետք է լինեն, որ արտասահմանցի ուսանողների թվաքանակը և կրթության արտահանման գործընթացը հաստատուն ճանապարհին է:
ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանն էլ մանրամասնեց, որ FMGE քննությունն անցկացվում է Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից, որին մասնակցում են արտասահմանյան բուհերում ուսանած բոլոր հնդիկ ուսանողները, ինչն անհրաժեշտ է Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար։ ԵՊԲՀ շրջանավարտների 88,5 % բարեհաջող հանձնում են այս քննությունը, ինչը բավական բարձր ցուցանիշ է աշխարհի բուհերի շրջանում։
Դասընթացների միջին արժեքը 6000 ԱՄՆ դոլլար է, սակայն ԵՊԲՀ-ն իր վրա է վերցնում ողջ ֆինանսական բեռը և ուսանողների համար այս դասընթացները կազմակերպում է անվճար։ Դասընթացները կանցկացվեն ԵՊԲՀ հանրակացարանային համալիրում, որպեսզի դրանք առավել հասանելի լինեն ուսանողների համար։
Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար մասնակիցներին տրամադրվելու են հայրենական արտադրության պլանշետներ՝ «Արմթաբեր» ։