ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկեց «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են անվանի պրոֆեսորներ Ֆրանսիայից, Իսրայելից և Ռուսաստանի Դաշնությունից։
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ միջոցառման կարևորությունը դժվար է գերագնահատել: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն նվիրյալներին, որոնց ամենօրյա աշխատանքով են պայմանավորված վերարտադրողական առողջության ոլորտում մեր երկրում գրանցվող հաջողությունները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ բժշկական մայր բուհն այն ակադեմիական հարթակն է, որտեղ պետք է քննարկվեն մի շարք մասնագիտական հարցեր: Նա նշեց, որ վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել մարդկության զարգացման ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը, ծնելիությունն ու բնական աճը, ինչպես նաև երկրի անվտանգության ապահովումը: Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի նախաձեռնողներին և հյուրերին: ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ պերինատալ բժշկության արդի հիմնախնդիրներին նվիրված այս 3-րդ գիտաժողովը նվիրված է ժամանակակից բժշկության, այդ թվում մանկաբարձական պրակտիկայի համար կարևորագույն հիմնախնդիր հանդիսացող հեմոստազի համակարգի հարցերին: Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչն ուրախությամբ ընդգծեց, որ գիտաժողովին մասնակցում են Վրաստանի, Արցախի և Ջավախքի մանկաբարձ-գինեկոլոգները: Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան հեմոստազիոլոգիայի ոլորտի այնպիսի աշխարհահռչակ գիտնական-կլինիցիստներ, ինչպիսիք են Հաֆայի հեմատոլոգիայի և թրոմբոզի ինստիտուտի տնօրեն Բենջամին Բրենները, Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ժան–Քրիստոֆեր Գրին, ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ, Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիան և նույն ամբիոնի ու ՌԴ գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն: Անվանի մասնագետները ներկայացրին զեկուցումներ մանկաբարձության ոլորտի մի շարք արդի հիմնահարցերի մասին: Մասնակիցների խոսքով՝ միջազգային այս փորձի ներդրումը Հայաստանում կնպաստի մայրական և պերինատալ հիվանդացության և մահացության իջեցմանը:
Նշենք, որ Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիան և նույն ամբիոնի ու ՌԴ գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն այուհետև կհանդիսանան ԵՊԲՀ այցելու պրոֆեսորներ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում մասնագետները քննարկեցին հետագա համագործակցության ընդլայնման մի շարք հարցեր: