Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգայնացման և զարգացման ուղղությունները` Գիտական խորհրդի նիստում

Միջազգայնացման և զարգացման ուղղությունները` Գիտական խորհրդի նիստում

Գիտական խորհրդի` մարտի 27-ին կայացած նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ կյանքից հեռացած Կենսաքիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, անվանի բժիշկ-գիտնական Միխայիլ Աղաջանովի հիշատակը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնեց, որ առաջիկայում Նոմինացիոն կոմիտեի հետ կքննարկվի  բժշկագիտության բնագավառում մեծ ավանդ թողած այս պայծառ անվան հավերժացումը բուհի պատմության մեջ: 

«Մեծ և հագեցած օրակարգ է: Մենք միավորել ենք երկու զեկույց՝ հաշվի առնելով, որ միջազգայնացման ամբողջ գործընթացը, որն իրականացվում է բժշկական համալսարանում, պսակվել է հաջողությամբ` հավատարմագրման գործընթացի հավաստագրի ստացումով, այնուամենայնիվ, կարծես թե մնացել են հարցեր, որոնք պահանջում են բաց և թվային քննարկում», – ասաց ռեկտորը`  ավելացնելով, որ  վերջին տարիներին կատարվող փոփոխությունների մասին, առաջին հերթին, ցանկանում է, որ տեղյակ լինեն  երիտասարդ գործընկերները:

 Նա հատուկ շեշտադրեց, որ տարիների ընթացքում անդրադարձ չի եղել վճարովի ծառայությունների փոփոխություններին, մասնավորապես` ուսման վարձին, սակայն բոլոր բարեփոխումները կյանքի են կոչվել` հենց այս սկզբունքը պահպանելով, ուսման վարձի անփոփոխ լինելով: Խոսքը վերաբերում է բազմաթիվ լսարաններին, շենքային պայմաններին, սեփականությանը, նոր կենտրոններին ու ծրագրերին:

Վերջին տարիների աշխատանքը գնահատելով՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր փորձություն` որպես մարտահրավեր և հետագա հաջողությունների տրամպլին է դիտարկվել, և սա է համալսարանական մեծ թիմի ամբողջական աշխատանքի սկզբունքը:

Օրակարգի առաջին հարցը զեկուցեց միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր  Երվանդ Սահակյանը:

Նա ներկայացրեց բուհի միջազգայնացման քաղաքականության հիմնական ուղղությունները և նպատակները։
Անդրադառնալով օտարերկրացիների ուսուցման միջազգային վիճակագրությանը՝ պրոռեկտորը նշեց, որ առաջին հորիզոնականն արդեն կայուն կերպով զբաղեցնում են Միացյալ Նահանգները, ապա՝ Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և Իսպանիան։

Երվանդ Սահակյանը պատմական ակնարկի միջոցով խոսեց վերջին տասը տարվա ընթացքում ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների դինամիկայի մասին։

«1987 թվականին բժշկական համալսարանում ուսանել է շուրջ 460 օտարերկրացի ուսանող։ 2001 թվականից՝ անգլալեզու ուսուցման ներդրումից հետո, կտրուկ ավելացավ օտարերկրացի ուսանողների թիվը, և այդ աճը շարունակվում է առ այսօր։ 2023-2024 ուսումնական տարում համալսարանում սովորում է 2059 օտարերկրացի ուսանող», – տեղեկացրեց պրոռեկտորը՝ շեշտելով, որ ներկա պահին բժշկական համալսարանում սովորում է Հանրապետության բուհերում սովորող օտարերկրացիների շուրջ 25%-ը։

Զեկույցի ընթացքում ցուցադրելով աշխարհի 25 հիմնական մասնագիտությունների ցանկը՝ ըստ երկրների, Երվանդ Սահակյանը փաստեց, որ վերջին տասը տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կտրուկ ավելացել է բժշկական և բուժքույրական մասնագիտությունների պահանջարկը։

Պրոռեկտորն անդրադարձավ նաև միջազգային կրթական շուկայի՝ 2017թ. սկսած արմատական փոփոխություններին՝ հատուկ շեշտելով կրթական կապիտալի համար պայքարի կոշտացումը։

Երվանդ Սահակյանն ըստ երկրների առանձնացրեց ԵՊԲՀ օտարազգի ուսանողներին՝ 2023-2024 ուսումնական տարվա տվյալների համաձայն․ «Հնդկաստանի Հանրապետությունից ուսանողների թիվը 495 է (45,2%), Իրանից՝ 142 (12,9%), Հորդանանից՝ 227 (20,7%) և Շրի Լանկայից՝ 232 (21,2%)։ Միջազգային կրթական դաշտում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ այս բնագավառում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է ընդլայնել օտարերկրյա ուսանողների աշխարհագրությունը և առաջիկայում մտնել նոր կրթական շուկաներ, ինչպիսիք կարող են լինել Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Բանգլադեշը, Բութանը, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները»:

Նա անդրադարձավ նաև 2023 թվականի ընթացքում բժշկական բուհի ստորագրած համաձայնագրերին ու պայմանագրերին, դասախոսների և ուսանողների միջազգային շարժունության ցուցանիշներին։

Լսելով զեկույցը` Արմեն Մուրադյանը հատուկ շնորհակալություն հայտնեց պրոռեկտոր Երվանդ Սահակյանին՝ երկարամյա արդյունավետ և նվիրված գործունեության համար։

ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանի տարեկան հաշվետվության առանցքում էր բուհի զարգացման հեռանկարը` SWOT 2018-2023 թթ. վերլուծության արդյունքում:   

Այս շրջանում տեղի ունեցած ներքաղաքական մեծ շրջադարձեր, համավարակ, պատերազմ, աշխարհաքաղաքական հսկայական փոփոխություններ, դրամի արժևորում. զեկուցողը փաստեց, որ այս ընթացքում, համալսարանին հաջողվեց հաղթահարել դժվարությունները և առաջընթաց գրանցել մի շարք ուղղություններում:

«Անկախ դժվարություններից` համալսարանը հավատարիմ մնաց որդեգրած սկզբունքներին՝ պահպանելով բարձր վարկանիշը ոչ միայն տեղական, այլև  արտերկրի հարթակներում: Սա ապացույցներից է այն բանի, որ համալսարանը հանդիսացավ խոշոր դրամաշնորհային ծրագրերի շահառու, այս ժամանակահատվածում չնվազեց օտարերկրացի քաղաքացիների հոսքը, և այս դժվարին շրջանում բուհի աշխատանքն արժանացավ Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բարձր գնահատանքին:  Բժշկական համալսարանն ապահովում է ուսանողների համար կրթության և մասնագիտական կայացման է’լ ավելի լավ պայմաններ: Զեկույցիս ընթացում առավել մանրամասն կներկայացնեմ սիմուլյացիոն կրթությանն ուղղված ջանքները, ԵՊԲՀ կրթության հավատարմագրման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները», – ասաց Արա Ղազարյանը` շարունակելով, որ ջանքեր գործադրվեցին արտադրական ռեսուրսների ավելացման ուղղությամբ, այս ժամանակահատվածում ակտիվ գործարկվեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը, որը ոչ միայն նպաստեց կայուն եկամուտի ապահովմանը, այլև ուսումնական և կլինիկական գործունեության անկախությանը:

Աբովյան 50/5 հասցեում տեղակայված շենքի ձեռքբերումն ամբողջացնում է համալսարանը և  ավելացնում տնտեսական կայունությունը:

Բժշկական բուհի ուժեղ և թույլ կողմերին, հնարավորություններին, խնդիրներին անդրադառնալով՝ Արա Ղազարյանն ընդգծեց, որ զեկույցը կազմված է համալսարանի երեք հիմնական կառուցամասերից՝ կրթության, գիտության և կլինիկական գործունեության արդյունքում լրացումների, արտաքին ազդեցությամբ պայմանավորված հնարավորությունների և խոչընդոտների տրամաբանության մեջ: 

«Այս աշխատանքն անհնար կլիներ կատարել առանց յուրաքանչյուր աշխատակցի անձնուրաց ներգրավման, և ձեռքբերումները կյանքի չէին կոչվի առանց սիրելի ուսանողների և շրջանավարտների կարևոր մասնակցության», – հավելեց պրոռեկտոր Ղազարյանը:

Վերլուծության տվյալները հանգամանալից ներկայացնելուց հետո նա առաջարկությունների փաթեթ ներկայացրեց, որոնցից է առաջիկա տարիների ընթացքում ամբիոնների նյութատեխնիկական բազայի լավարկումը՝ արդի տեխնոլոգիաների ներդրման միջոցով:  

Դրանք են միջազգային  կառավարման ստանդարտների աստիճանական ներդրումը, հաջորդիվ  ստոմատոլոգիական կրթության հավատարմագրումը, դեղագիտական կրթության հավատարմագրումը, զուգահեռաբար լաբորատոր հզորությունների լավարկումը, հետբուհական կրթության ոլորտում (ընդհանուր կամ առանձին ծրագրերի) աստիճանական հավատարմագրումը, հաշվի առնելով ՀՀ բարձրագույն կրթության 2030 թվականի ռազմավարությունը՝ միջազգային վարկանիշային սանդղակներում ներկայացվածության ապահովումը, կրթության արտահանման աշխարհագրության աստիճանական ընդլայնումը՝ ուսանողական հոսքերի դիվերսիֆիկացիան, գործուն մարքեթինգային քաղաքականության մշակումը,  հետբուհական կրթական ծրագրերի շարունակական բարեփոխումները, համալսարանական կլինիկաներում ևս կառավարման  համարժեք ստանդարտների ներդրումը, այլ գործոններ:

Բժշկական համալսարանի Մանրէաբանության ամբիոնում նախկին երկարամյա  աշխատակից, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Մաքսենա Թորգոմի Հարությունյանի անվան դասասենյակ  կանվանակոչվի:

Հարցը Գիտական խորհրդի անդամներին զեկուցեց Նոմինացիոն կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանը` տեղեկացնելով, որ «Վերադարձ» ծրագրի շրջանակում ընտանիքը ձեռնամուխ է եղել ուսումնական սենյակներից մեկի վերանորոգմանը, կահավորմանն ու տեխնիկական զինմանը:

Մաքսենա Հարությունյանին առավելապես ավագ սերունդն է հիշում, նա տասնամյակներ շարունակ աշխատել է համալսարանում, 23 տարի ղեկավարել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը` իր նպաստն ունենալով ուսանողների ուսումնադաստիարակչական, այլ աշխատանքներւմ:

Տեսակետ հայտնեց նաև բուհի ղեկավարը` նշելով, որ այս ծրագրի շնորհիվ անվանի բժիշկ-գիտնականների ընտանիքների աջակցությամբ և Նոմինացիոն կոմիտեի առաջադրմամբ արդեն տարիներ շարունակ վերանորոգվում են մեծ լսարաններ և դասասենյակներ, և սա անվանիներին յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելու, բուհում նրանց հիշատակը վառ պահելու հնարավորություն է:

Խոսքն ուղղելով հատկապես ապագա բժիշկներին՝ պրոֆեսոր Մուրադյանը հորդորեց համալսարանական միջավայրում բուհական կյանքը լեցուն պահել թարմ գաղափարներով ու ծրագրերով, պահպանել ավագներին հարգելու ու նրանց փայփայելու մշակույթը՝ հաշվի առնելով, որ նրանց կորուստն անդառնալի է:

Ռեկտորի տեղեկացմամբ՝ Կարգապահական հանձնաժողովի  նախագահի պաշտոնում պրոֆեսոր Աղաջանովին` որպես ժամանակավոր պաշտոնակատար, կփոխարինի Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը:

«Բուժական գործ»  կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման փորձագիտական զեկույցում արձանագրված առաջարկությունների, ներքին գնահատումների արդյունքում վերհանված խնդիրների և  ծրագրի հետագա բարելավման գործողությունների պլան-ժամանակացույցի հաստատման հարցը ներկայացրեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը:

Նրա զեկուցմամբ՝ հաստատվեցին նաև ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ամփոփիչ ատեստավորմանը վերաբերող կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական  բժշկական համալսարան» հիմնադրամի սովորողների վարքագծի կանոնների (ներքին կարգապահական կանոններ) փոփոխություններն ու լրացումները ներկայացրեց ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը:

Քննարկվեցին ընթացիկ այլ, այդ թվում` ուսումնական գրականության տպագրության երաշխավորությանը վերաբերող հարցեր: