Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում նախորդ ուրբաթ ուսանողական մթնոլորտ էր, մրցույթ:
Մրցույթին նախորդել էր դասախոսություն, որը վարեցին Իտալիայից ժամանած հյուրերը` ի դեմս մրցույթի կազմակերպիչ Insieme Ադեմիայի հիամնադիր Յանա Դոստալովայի և Իտալիայի Չիետի-Պեսարա համալսարանի դասախոս և ատամների մորֆոլոգիայի փորձագետ Դանիելե Ռոնդոնիի:
Միջոցառումը նախապատմություն ունի: 2023 թվականի սեպտեմբերին Իտալիայի Չիետիի համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում կայացել էր միջազգային մրցույթ Եվրոպական շուրջ 20 համալսարանների ուսանողների միջև՝ JAT կազմակերպության հովանավորությամբ, նվիրված էսթետիկ ռեստավրացիային:
Այդ մրցույթին առաջին անգամ մասնակցեց նաև ԵՊԲՀ-ի ուսանող Եսայի Ասատրյանը, ով սովորում է 4-րդ կուրսում և օլիմպիադայի առաջին ներհամալսարանական փուլում ճանաչվել էր հաղթող:
Մրցույթի ներհամալսարանական փուլն իրականացվել է ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում` ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ջանքերով և անմիջական կազմակերպմամբ: Բոլոր մասնակիցներն էլ բարձր մակարդակով պատրաստված ուսանողներ էին, որոնց համար այս մրցույթը փորձի փոխանակման մեծ հնարավորություն էր: Այս միջոցառումը կարող է լինել շարունակական և կազմակերպվել տարին մեկ անգամ, որին հնարավորություն ունեն մասնակցելու նաև մեր բուհի ուսանողները:
«Insieme ակադեմիան, որը հովանավորում է կրթության բնագավառում դրամաշնորհային ծրագրեր, կազմակերպում է այս մրցույթը ստոմատոլոգիական ֆակուլտետի նախադիպլոմային կրթության ուսանողների համար Եվրոպայի շատ ու շատ համալսարաններում և ամեն տարի համալսարանների թիվն ավելանում է: Եվրոպայում այս ծրագիրն արդեն 20 տարվա պատմություն ունի»,-մանրամասնում է Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Ստոմատոլոգիական գիտակրթական կլինիկական թիվ 1 կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգ Աննա Վարդանյանը` ընդգծելով, որ ծրագրին մասնակցող յուրաքանչյուր համալսարանում կազմակերպվում է ներհամալսարանական մրցույթային փուլը, որը և տեղի ունեցավ ապրիլի 19-ին:
Մասնակցում էր երրորդ, չորրորդ և հինգերորդ կուրսերից 20 ուսանող, որոնք դասախոսի համապատասխան ծանոթացումից հետո անցնում են գործնական փուլին, կատարվում են էսթետիկ ռեստավրացիաներ:
«Անանուն ընտրվում է գործնական լավագույն աշխատանքը և այդ ուսանողը մեկնում է Իտալիա և իր նման հաղթած մյուս եվրոպական համալսարանների միջև կազմակերպվում է մրցույթ, որի հաղթողը հնարավորություն է ստանում երկու ամիս սովորել այդ բուհում: Նախքան ներբուհական մրցույթը` իտալացի մասնագետը ապագա ստոմատոլոգներին ներկայացրեց ատամների վերականգնման տեխնիկան, էսթետիկ ռեստավրացիաների առանձնահատկությունները»,- տեղեկացրեց Աննա Վարդանյանը:
Ուսանողներին տրամադրվել էին նյութեր և գործիքներ, որից հետո նրանք կատարեցին էսթետիկ ռեստավրացիա: Այնուհետև ժուրին՝ ի դեմս ամբիոնի վարիչի և Իտալիայի հյուրերի, ընտրեցին հինգ լավագույն աշխատանքներ, որոնք կանցնեն երկրորդ փուլ: