ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Neurotalks 2023 “Bridging Synapses, Connecting Minds” միջոցառման եզրափակիչ հանդիպումը։
Ոլորտի առաջատար գիտնականները շարունակեցին քննարկել նեյրոգիտության արդիական թեմաները, ինչպիսիք են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մոդելավորումը, ցողունային բջիջներով թերապիան և ծանր ջրի հնարավոր դերը նեյրոհոգեբուժական հիվանդությունների դեպքում։
Զեկույցների ներկայացումը տեղի ունեցավ հիբրիդային ֆորմատով՝ առցանց և առկա:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դանիել Էնթոնին և «Նեյրոպլաստ» բիոտեխնոլոգիական ընկերության ղեկավար Յոհաննես դե Մյունտերը ներկայացրին ողնուղեղային վնասվածքների դեպքում էքսպերիմենտալ կենդանիների վրա փորձարկվող ցողունային բջիջներով թերապիան: Զեկույցից հետո ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Հաջորդ զեկույցը ներկայացրեց Աննա Գորլովան՝ Մաաստրիխտի համալսարանից: Նա խոսեց Ամիոտրոֆիկ լատերալ սկլերոզի մասին: Քննարկվեցին կենդանիների վրա հիվանդության մոդելավորման, պաթոֆիզիոլոգիական օղակներին և ֆարմակոթերապիային վերաբերող հարցեր:
Ի․Մ․ Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի և Մաաստրիխտի համալսարանի բժիշկ-գիտնական Տատյանա Ստրեկալովան, որը զբաղվում է փորձարարական և վարքագծային նյարդաֆարմակոլոգիայով և որն առաջին չէր բժշկական բուհում, անդրադարձավ նյարդահոգեբուժական խանգարումների առաջացման գործընթացում ծանր ջրի դերին և այդ ոլորտում կատարված համաճարակաբանական և նախակլինիկական հետազոտությունների արդյունքներին։
Մասնագետը ներգրավված է կենդանիների վրա մարդու նյարդային և հոգեբուժական պաթոլոգիաների մոդելավորման, ինչպես նաև այդ հիվանդությունների բուժմանն ուղղված նոր դեղորայքային և այլ մոտեցումների հայտնաբերման գիտական աշխատանքներում։
«Բարեբախտաբար 20 տարուց ավելի սերտ շփումներ ունեմ Երևանի պետական բժշկական համալսարանի գործընկերներիս հետ։ Կարծում եմ, որ բժշկական համալսարանը լավագույն հնարավորություններն է ընձեռում, ինչպես փորձարարության, այնպես էլ կադրերի առումով։ Բուհի հետ համագործակցությունն, օրինակ, ինձ համար՝ որպես Նիդերլանդներում և Գերմանիայում աշխատող մարդու, շատ հեռանկարային է բոլոր ոլորտներում, որոնցից մեկը նախակլինիկական հետազոտություններն են», – ընդգծեց Տատյանա Ստրեկալովան։
Նրա խոսքով՝ բժշկական բուհի հետ փոխգործակցությունն իրականացվում է մասնավորապես Ալցհեյմերի հիվանդության մեխանիզմի ուսումնասիրության շրջանակում։ «Մենք տրամադրում ենք տրանսգեն մկներ, որոնք արտադրում են «ամիլոիդ» կոչվող սպիտակուցը, որն էլ պատասխանատու է Ալցհեյմերի հիվանդության առաջացման համար։ Մեր աշխատակիցները գործունեություն են ծավալում ինչպես Մոսկվայի Սեչենովի անվան համալսարանում, այնպես էլ Նիդերլանդների Մաաստրիխտի համալսարանում։ Այնպես որ կարող ենք խոսել եռակողմ համագործակցության մասին», – նշեց Տատյանա Ստրեկալովան՝ հավելելով, որ քննարկվում է հետագա համատեղ աշխատանքը նաև Պորտուգալիայի Պորտոյի համալսարանի հետ։
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հիշեցրեց, որ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտակրթական կենտրոնում արդեն 10 տարուց ավելի աշխատում են ոսկրածուծ-գլխուղեղ կապի և դրա առանձնահատկությունների վրա։ «Մեզ տրամադրված կենդանիների արժեքավոր տրանսգեն մոդելների հետազոտության շնորհիվ մենք արդեն արձանագրել ենք հստակ օրինաչափություններ և շուտով կունենանք կոնկրետ արդյունքներ», – տեղեկացրեց պրոռեկտորը՝ շեշտելով, որ այս պահին բժշկական համալսարանի համագործակցությունը գիտական ոլորտում ընթանում է առաջատար համալսարանների հետ իրականացվող մի քանի նախագծի շրջանակում։
Neurotalks 2023 “Bridging Synapses, Connecting Minds” միջոցառումն անցկացվում է ԵՄ Marie-Curie Skladowska Reise դրամաշնորհային նախաձեռնության “PhytoAPP” նախագծի և «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Ուղեղի վիիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։