Համաձայն հայտնի CNN լրատվականի հրապարակած հոդվածի` վերջին տարիներին Միացյալ Նահանգներում թմրամոլության համաճարակը դարձել է ավելի մահացու, քան երբևէ, և վերջերս անցկացված նոր հետազոտությունը արտացոլում է թմրանյութերի օգտագործման զգալի հետևանքները ընտանիքների համար ամբողջ երկրի մասշտաբով:
Հետազոտության արդյունքների համաձայն, հարցված մեծահասակների ավելի քան ¼-ը նշել է, որ իրենք կամ իրենց ընտանիքից ինչ-որ մեկը կախված է եղել դեղատոմսով դուրս գրվող ցավազրկողներից կամ այլ արգելված օփիոիդներից, և ընտանիքի 10 չափահաս անդամներից 1-ը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:
«Հերացի» վերլուծականի տվյալներով` ԱՄՆ-ում 2022թ.-ին թմրանյութերի գերդոզավորումից մահացել է գրեթե 110.000 մարդ՝ ավելի շատ, քան ցանկացած այլ օրացուցային տարվա ընթացքում, իսկ ֆենտանիլը՝ հզոր սինթետիկ օփիոիդը, դարձել է մահացու գերդոզավորման աճի զգալի գործոն՝ պայմանավորելով անցյալ տարի գերդոզավորումից մահերի ավելի քան 2/3-ը:
ԱՄՆ-ում նույնպես նկատվում է ալկոհոլի չարաշահման և դրա հետևանքների աճ՝ հատկապես Covid-19 համաճարակի ընթացքում և դրանից հետո: Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն` ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացության մակարդակը 2019թ.-ից 2020թ.-ը աճել է 26%-ով՝ 1 տարվա ընթացքում հասնելով գրեթե նույն աճի, ինչ նախորդ տասնամյակում և 2020թ.-ին դարձել է ավելի քան 49.000 մարդու մահվան պատճառ:
Ըստ նոր հետազոտությունների` մեծահասակների կեսից ավելին նշել է, որ իրենց ընտանիքում ինչ-որ մեկը երբևէ կախվածություն է ունեցել ալկոհոլից, և 8 մեծահասակներից մոտավորապես 1-ը նշել է, որ հենց ինքն է կախվածություն ունեցել ալկոհոլից:
Քանի որ ԱՄՆ-ն բախվում է հոգեկան առողջության ճգնաժամի, մեծահասակների մեծամասնությունը մտահոգված է այն հարցով, թե ինչպես հոգեմետ դեղորայքի օգտագործումը և դրանից կախվածությունը կարող են ազդել իրենց ընտանիքի կենսամակարդակի վրա:
Ըստ հարցումների` մեծահասակների մոտ 1/3-ը մտահոգված է, որ իրենց ընտանիքում ինչ-որ մեկը կչարաշահի օփիոիդների սահմանված չափաբաժինը, իսկ 5-ից 2-ը մտահոգված է, որ նրանք ակամայից կօգտագործեն նաև ֆենտանիլ:
Հետազոտությունը պարզել է, որ ԱՄՆ-ում մարդկանց զգալի մասը անձամբ բախվել է թմրանյութերից կախվածության բացասական հետևանքների հետ:
Հարցված մեծահասակների մոտ 2/3-ը պատասխանել է, որ իրենք կամ իրենց ընտանիքից ինչ-որ մեկը կախվածություն են ունեցել ալկոհոլից կամ թմրանյութերից, որից կախվածության պատճառով անօթևան են դարձել կամ թմրամիջոցների գերդոզավորում են ունեցել, ինչն էլ հանգեցրել է շտապ օգնություն կանչելու անհրաժեշտության, հոսպիտալացման կամ մահվան:
Շատերը պատասխանել են, որ կախվածությունը լուրջ ազդեցություն է ունեցել նրանց հոգեկան առողջության, ընտանիքի անդամների ներանձնային հարաբերությունների և ընտանիքի ֆինանսական վիճակի վրա:
Մեծահասակների ճնշող մեծամասնությունը պատասխանել է, որ աջակցում է իրենց համայնքում թմրամոլության բուժման կենտրոններ ունենալու գաղափարին կամ չափից մեծ դոզավորմանը հակադարձող դեղամիջոցների, օրինակ` նալոքսոնի, լայնորեն հասանելի դարձնելուն:
Հետազոտությունը պարզել է նաև, որ հարցվածների ընտանիքների անդամները, ովքեր կախվածություն են ունեցել թմրանյութերից, հաճախ որևէ տեսակի բուժում չեն ստացել: Արված բացահայտումները հաստատել են Թմրամիջոցների չարաշահման ազգային ինստիտուտի և Վնասվածքների կանխարգելման ազգային կենտրոնի ավելի վաղ արված հետազոտությունների արդյունքները, որոնք պարզել էին, որ օփիոիդների օգտագործումից խնդիրներ ունեցող մեծահասակների միայն 1/3-ն է ստանում որևէ տեսակի բուժում և 5-ից միայն 1-ն է ստանունմ հակազդող դեղամիջոցներ՝ օփիոիդներից կախվածությունը բուժելու համար:
Ամփոփելով, պետք է փաստենք, որ արդի դարաշրջանում նորագույն սինթետիկ թմրամիջոցների սպառման աճը լուրջ բժշկասոցիալական խնդիր է դարձել, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Այդ է պատճառը, որ նրանց առանձնահատկությունների ուսումնասիրությունը կարևորագույն խնդիր է հանդիսանում կանխարգելման համալիր ռազմավարություն մշակելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու գործընթացում: