Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նվիրում և սեր մասնագիտությանը. ԵՊԲՀ դոցենտի մեծ խորհուրդն ապագա բժիշկներին

Նվիրում և սեր մասնագիտությանը. ԵՊԲՀ դոցենտի մեծ խորհուրդն ապագա բժիշկներին

Ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Պապյանն արդեն 52 տարի՝ ամբողջ մի կյանք բժշկական մայր բուհում մեծ նվիրումով է կատարում մասնագիտական կարևոր գործունեությունը:

Հերացիականը երկար տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել ամբիոնում՝ ախտաֆիզիոլոգիայի դասավանդման և ուսումնամեթոդական աշխատանքների ուղղություններով:  

Ամբիոնի դոցենտի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, դասախոս-ուսանող հարաբերությունների մասին՝ շնորհավորելով նաև ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ:

«9-րդ դասարանում էի, երբ հայրս սրտի հիվանդությունից մահացավ, երևի դա պատճառ հանդիսացավ, որպեսզի որոշեմ դառնալ բժիշկ: Դպրոցն ավարտեցի ոսկե մեդալով, այնուհետև կրթությունս շարունակեցի Լենինգրադի բժշկական ինստիտուտում: Ամենաշատը սիրում էի տեսական առարկաները և հիմնականում մտածում էի երեք առարկաների ուղղությամբ՝ ախտաբանական ֆիզիոլոգիա, ախտաբանական անատոմիա և ֆարմակալոգիա, սակայն հաղթեց ախտաֆիզիոլոգիան: Ավարտելուց հետո, արդեն հայրենիքում, ընդունվեցի ասպիրանտուրա ախտաֆիզիոլոգիա մասնագիտությամբ, որից հետո անցա աշխատանքի մեր ամբիոնում՝ սկզբից որպես ասիստենտ, հետո էլ արդեն դոցենտ մինչ այսօր: 52 տարի է, ինչ բժշկական համալսարանում եմ, մի ամբողջ կյանք»,-անկեղծանում է երկար տարիների փորձ ունեցող մասնագետը:

Դոցենտի խոսքով՝ ուսանողները սիրում, հասկանում և գնահատում են ախտաֆիզիլոգիա առարկան. «Մեր առարկան չքնաղ առարկա է, բժշկագիտության տեսական հիմքն է, բժշկական մտածելակերպ ձևավորելու հիմքը»:

Խոսելով դասախոս-ուսանող հարաբերությունների, հանդիպած դժվարությունների մասին, Արմինե Պապյանը ընդգծում է.

«Հեշտ չէ իհարկե, տարբեր խմբեր, տարբեր մարդիկ, տարբեր պատկերացումներ, բայց ստացվում է լավ հարաբերություններ պահպանել, իհարկե խնդիրներ ևս լինում են, հաղթահարում ենք: Կարևորն այն է, որ սիրես քո մասնագիտությունը, առարկան և այդ սերը ներշնչես ուսանողին: Հատկապես վերջին մի քանի տարվա ընթացքում նկատում եմ, որ ուսանողների մրցունակ, լավ մասնագետ դառնալու ձգտումը մեծացել է, ինչը շատ կարևոր է: Նրանք հասկացել են, որպեսզի կյանքում լինեն հաջողակ, մրցունակ, պետք է դառնան լավ մասնագետ»:

Գիտական աշխատանքների առումով թեև վերջին տարիներին այդքան ակտիվ է, այնուամենայնիվ, ԵՊԲՀ դոցենտը բավական ակտիվ գիտական հետազոտություններ է կատարել:

«Մեր ամբիոնը զբաղվում էր վերակենդանացման խնդիրներով, իմ թեկնածուական թեզը հենց այդ թեմայի հետ էր առնչվում, ինչպես նաև գիտական այլ աշխատանքներ ևս կատարում էինք: Ուսումնական աշխատանքները շատ են, հիմնական աշխատանքը ուսումնամեթոդական գծով է արվում. թեստեր, ձեռնարկներ, դասագրքեր, հեղինակել, դասախոսել: Ամբոինում մեծ աշխատանքներ են կատարվում, նոր, երիտասարդ կադրեր ունենք: Պետք է նշեմ, որ լավագույն ուսանողներն են գալիս մեր ամբիոն աշխատելու, միջակություններ չունենք»,-նշում է դոցետտ Պապյանը:

Նա ապագա բժիշկներին կարևոր խորհուրդ ունի՝ լինել նվիրված մասնագիտությունը:

«Ուսումնական ընթացքում, իհարկե, ուսանողների համար դժվարությունները շատ են, բայց կարևոր է լավ սովորելու ջանքը: Իմ գլխավոր խորհուրդն այն է, որպեսզի ուսանողները դառնան լավ, մրցունակ մասնագետ, որովհետև դժվար է լինելու, նաև նվիրում և սեր մասնագիտությանը, առարկային»,-իր խոսքն  ամփոփում է մեկդարյա բուհի նվիրյալը: