Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նյարդավիրաբուժության ամբիոնի նիստը նվիրված էր բժիշկ-գիտնական Դավիթ Պատրիկյանի հոբելյանին

Նյարդավիրաբուժության ամբիոնի նիստը նվիրված էր բժիշկ-գիտնական Դավիթ Պատրիկյանի հոբելյանին

Նյարդավիրաբուժության ամբիոնի հերթական արտահերթ նիստն այսօր նվիրված էր Բժշկական գիտությունների թեկնածու, Նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Դավիթ Արտաշեսի Պատրիկյանի 70-ամյա հոբելյանին:

ԵՊԲՀ շրջանավարտը 1995-ից առ այսօր ղեկավարում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքը:

«Յոթանասուն տարին լուրջ հոբելյան է, որից առնվազն 45 տարուց ավելին Դավիթ Պատրիկյանը նվիրել է նյարդավիրաբուժությանը», – նշեց Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը՝ ավագ գործընկերոջը բնորոշելով որպես եռանդուն անձնավորություն, որը քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ հանրապետության նյադավիրաբուժական խոշոր բաժանմունքներից մեկի ղեկավարը։

Նա նշեց, որ ծանոթ է բժշկին 1979 թվականից: Շուրջ 44 տարի միասին են աշխատել, միասին անցել երկար ճանապարհ, ուրախացել միմյանց հաջողություններով, հաղթահարել դժվարություններ։

Ռուբեն Ֆանարջյանն ամբիոնի անունից մեր երկրում նյարդավիրաբուժության ծառայության զարգացման գործում ունեցած ներդրման և փրկված բազմաթիվ կյանքերի համար դոցենտ Պատրիկյանին շնորհավորագիր հանձնեց` ընդգծելով, որ մասնագետը կանգնած է ամբիոնի ստեղծման ակունքներում։

Ավագ գործընկերոջը շնորհավորական խոսքեր հղեց նաև Նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մամիկոն Եղունյանը: Նա շեշտեց, որ տարիների համագործակցությունը փոխակերպվել է ամուր ընկերության, բարեկամության, որն անցել է ժամանակի ստուգատեսը:

«Չէի պատկերացնի, որ մի օր կդառնամ ամենատարեց նյարդավիրաբույժը, ամենաավագը նյարդավիրաբույժների շրջանում»,- մեծարանքի խոսքերից, ինչպես ինքը նշեց, շատ զգացված ասաց Դավիթ Պատրիկյանը:

Խոսելով մասնագիտության մասին` ընդգծեց, որ այն բժշկագիտության ամենածանր, պատասխանատու ուղղություններից է, որը պահանջում է շարունակական աշխատանք, նվիրում:

Խոստովանեց, որ բոլոր ժամանակներում փորձել է բարձր պահել բժշկի պատիվը:

ՀՀ նյարդավիրաբույժների ասոցիացիայի նախագահության, ինչպես նաև Եվրոպական և համաշխարհային նյարդավիրաբույժների ասոցիացիայի անդամ Դավիթ Պատրիկյանը մեծապես կարևորեց նաև երիտասարդ մասնագետների գիտելիքների ու հմտությունների կատարելագործումը, մասնագիտական շարունակական զարգացումը:

Հայերեն, ռուսերեն, անգլերեն 2010 թվականին հրատարակված «Նյարդավիրաբուժություն» դասագրքի համահեղինակն է: Շուրջ 100 գիտական հոդվածի, 20-ից ավել ռացիոնալիզատորական առաջարկի և 9 մենագրության հեղինակ է:

Աշխատությունները վերաբերում են քրոնիկական սուբդուրալ հեմատոմաների վիրաբուժական բուժման եղանակների համեմատական գնահատականի հարցերին:

Դավիթ Պատրիկյանը նաև ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում: Հայաստանի գրողների միության անդամ է, հեղինակ է պատմվածքների, բանաստեղծությունների 4 ժողովածուի: Պատմվածքները տպագրվել են Հայաստանում և ԱՄՆ-ում, թարգմանվել են ռուսերեն:

Միջոցառման ընթացքում պրոֆեսոր Ֆանարջյանը հույս հայտնեց, որ երկար տարիների փորձ ունեցող բժիշկ Պատրիկյանը նյարդավիրաբուժության, բժշկության մասին իր արժեքավոր հուշերն առաջիկայում կամփոփի գրքում։

Նշվեց, որ հոբելյարը ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին: Մասնագիտական բեղուն ճանապարհ է անցել: 1977-1979թթ․ խորհրդային բանակում ծառայելիս նաև զորամասերից մեկի բուժծառայության պետի պաշտոնն է զբաղեցրել:

Վերապատրաստվել է Մոսկվայի, Կիևի կենտրոնական նյարդավիրաբուժական ինստիտուտներում, Երևանի առաջատար նյարդավիրաբուժական բաժանմունքներում:

Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, արժանացել է պատվոգրերի: