Վաղը քննարկելու ենք և օրակարգային թեմա ենք դարձնելու «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն. Հոգեբանական և ախտաբանական ազդեցությունը մանկական և դեռահասային տարիքում» թեման։
Գուցե լսել եք անանուն մեջբերումը «Բոլորն էլ գիտեն, թե ինչպես երեխաներ մեծացնել, բացառությամբ նրանց, ովքեր ունեն»:. Այսպիսով, եթե դուք ունեք երեխաներ, ապա փորձեք ապացուցել հակառակը և Ձեր երեխաներին պաշտպանեք թվային սարքերի ավելորդ օգտագործումից:
Հնարավորինս ավելացրեք կենդանի շփումը ընտանիքում և թույլ մի տվեք, որ ձեր երեխան դառնա թվային դեմենցիայի զոհ:
Եվ այսպես, «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն. Հոգեբանական և ախտաբանական ազդեցությունը մանկական և դեռահասային տարիքում: Սեռական դաստիարակություն» թեմայով կրեդիտավորված համաժողովը բժշկական բուհում կմեկնարկի վաղը` մարտի 20-ին, ժամը 13:00-ին, Կարմիր դահլիճում:
Գաղտնիք չէ, որ թվային սարքերի ստեղծումից ի վեր սկիզբ է դրվել մի նոր ժամանակաշրջանի, երբ առավել դյուրին է դարձել հաղորդակցվելը, տեղեկատվության փոխանցումը, նոր տեղեկատվության հասանելիությունը, և ընդհանուր առմամբ մարդու կենսակերպը կտրուկ հեղաշրջվել է: Այս շրջանում ձևավորվել է մի նոր սերունդ՝ Z սերունդը, որը անվանում են նաև Gen Z կամ Zoomers, կազմված՝ 1997 թվականից հետո ծնված երիտասարդներից և երեխաներից: Այս երիտասարդները մեծացել են տեխնոլոգիայով շրջապատված, բայց այն, թե ինչպես են նրանք օգտագործում թվային տեխնոլոգիաները հաճախ անհասկանալի և անընդունելի է ավելի ավագ սերնդի համար, ինչը երբեմն հանդիսանում է սերունդների բախման շարժառիթ, այսպես կոչված “հայրերի և որդիների խնդիր” մեր օրերում:
Թվային վարքագծի հետ կապված առողջական խնդիրները չեն սահմանափակվում միայն խաղային խանգարումներով, այլ առաջ են բերում տարբեր առողջական խնդիրներ՝ տեսողական, հենաշարժական, հոգենյարդաբանական և այլն (2014թ. ԱՀԿ): Այսօր երեխաների գրեթե 75%-ը ննջասենյակներում օգտագործում է թվային սարքեր: Մինչդեռ, թվային տեխնոլոգիայի չափից ավելի օգտագործման հետևանքով առաջանում են նոր վտանգներ՝ խանգարվում է մտավոր և ֆիզիկական զարգացումը, առաջանում է տագնապի, անհանգստության զգացում, սովորելու և քնի, սեռական դաստիարակության և վարքագծի խանգարումներ: Թվային սարքերի գերօգտագործումը նյարդաբանական առումով գրեթե նույնն է, ինչ “թվային թմրանյութի” կիրառումը:
Վերջին տարիներին առողջապահական կազմակերպությունները սահմանում են էկրանային ժամանակի նորմեր և ուղեցույցներ երեխաների և դեռահասների համար, և այդ ուղեցույցները շարունակում են զարգանալ՝ հետազոտությունների և տեխնոլոգիական առաջընթացի հետ մեկտեղ:
Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան (AAP), օրինակ, առաջին անգամ ուղեցույցներ է հրապարակել երեխաների համար թվային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ 1999 թվականին՝ խորհուրդ տալով 2 տարեկանից բարձր երեխաներին օրական ոչ ավելի, քան 2 ժամ էկրանին նայել, իսկ մինչև 2 տարեկան երեխաներին՝ միայն վիդեո զրույցի համար: Այս ուղեցույցները թարմացվել են 2016 թվականին՝ ընդգծելով որակյալ բովանդակության և ծնողների ներգրավվածության կարևորությունը, չկենտրոնանալով բացառապես ժամանակային սահմանափակումների վրա։ 6 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար ԱՄՆ Մանկաբույժների Ակադեմիան խորհուրդ է տալիս մշտապես սահմանափակումներ դնել մեդիա օգտագործելու ժամանակի վրա և համոզվել, որ էկրանի ժամանակը չի խանգարում բավարար քնին, ֆիզիկական ակտիվությանը և առողջությանը:
5-ից 17 տարեկան երեխաներին և դեռահասներին ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական առնվազն 60 րոպե չափավոր և ինտենսիվ ֆիզիկական գործունեություն ծավալել և սահմանափակել նստակյաց էկրանի ժամանակը, ներառյալ հեռուստացույց դիտելը, համակարգչային խաղեր խաղալը և սմարթֆոններ ու այլ էլեկտրոնային սարքեր օգտագործելը:
Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից մշակված սանիտարական նորմերի համաձայն դպրոցականների էկրանային ժամանակը սահմանափակվում է տարրական դպրոցում մինչև 15 րոպե, միջին դպրոցում` 20-25 րոպե, ավագ դպրոցում` առաջին դասին մինչև 30րոպե, 2րդ դասին մինչև 25 րոպե տևողությամբ։
ՀՀ-ում, ըստ առողջապահության նախարարի հրամանի, երեխաների և դեռահասների համար սահմանափակումները վերաբերում են դասերի (պարապմունքների) ժամանակ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով անմիջական աշխատանքի տևողությանը սահմանվել է 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե, իսկ 15-18 տարեկան սովորողների համար` 20-30 րոպե:
Առանձին հետազոտություններ փաստում են, որ 2019-ից 2021 թվականների ընթացքում օրական միջին էկրանային ժամանակը դեռահասների շրջանում 4:44 ժամից հասել է 5:33-ի, իսկ պատանիների շրջանում՝ 7:22-ից 8:39-ի, սա առավելագույն աճն է, որը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ չորս տարիների ցուցանիշները: