Արփինե Սարգսյանը ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը ավարտել է 2002 թվականին՝ գերազանց առաջադիմությամբ: Ուսանողից դեպի փորձառու դասախոս բժշկի ուղին երկար էր, բարդ, բայց և հաջողված:
«Երկար եմ մտածել՝ ինչ ոլորտ ընտրել, քանի որ ընտրությունս պետք է լիներ վերջնական և պետք է սիրեի այն շատ։ 2002 թվականին օրթոդոնտիան համեմատաբար երիտասարդ ուղղություն էր Հայաստանում, ոչ բոլորը գիտեին՝ ինչ է այն իրենից ներկայացնում։ Եվ որոշում կայացրեցի դառնալ օրթոդոնտ։ Ընտրեցի, երևի թե բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր մասնագիտություն։ Նոր ոլորտ էր ստոմատոլոգիայում և շատ արագ զարգացող ճյուղ։ Հայտնի է, որ դեռևս մ.թ.ա. հին հույներն ու էտրուսկները փորձեր են արել ուղղել ատամների դիրքը։ Սակայն, պետք է նշեմ, որ առաջին աշխատանքները օրթոդոնտիայի մասին ի հայտ են եկել 1850- ական թվականներին»,-նշում է ԵՊԲՀ շրջանավարտ, բժշկական մայր բուհի դասախոս Արփինե Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի, այժմ ամբողջ աշխարհում օրթոդոնտիկ բուժումը ամենապատանջվածներից է։
Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո նա անցել է աշխատանքի ԵՊԲՀ-ի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնում։Արդեն 17 տարի է դասավանդում է օրթոդոնտիա։ Արփինե Սարգսյանը «Օրթոդոնտիա» ուսումնական ձեռնարկի համահեղինակն է:
«Ունենք շատ բանիմաց, խոհուն, ազատ և վստահ երիտասարդություն, ուսանողների հետ աշխատելիս մեծ էներգիա եմ ստանում, բացի սովորեցնելուց, ինքս եմ սովորում իրենցից։ Մեծամտություն չեմ անի, եթե ասեմ, որ բժշկական համալսարանի ուսանողները միշտ տարբերվել են։ Առաջին հերթին լավ մասնագետ դառնալու համար պետք է լավ մարդ լինել։ Վատ մարդը չի կարող լինել լավ բժիշկ։ Միշտ սա ասում եմ ուսանողներին»,-ընդգծում է օրթոդոնտիայի դասախոս Արփինե Սարգսյանը։
Նա շատ է կարևորում դասավանդման ժամանակակից մոտեցումների փոխանցումը ապագա բժիշկներին, քանի որ, նրա համոզմամբ, շատ արագ զարգացող գիտության մաս է օրթոդոնտիան՝ արագ փոփոխվող մոտեցումներով։
«Մասնակցում եմ բազմաթիվ սեմինարների և համաժողովների, և մեր երկրում, և արտերկրում՝ առցանց և առկա ձևաչափով: Այս մասնագիտությունը ընտրող կլինիկական օրդինատորները բարձր առաջադիրմություն ցուցաբերող ուսանողներն են։ Հայերն էմոցիոնալ են և շատ ժպտացող։ Երևի, թե դա է պատճառը, որ ավելի մեծ ուշադրություն են դարձնում էսթետիկ խնդիրներին՝ հաճախ չնկատելով ֆունկցիոնալ խնդիրները: Բոլորը ցանկանում են ունենալ գեղեցիկ ժպիտ, իսկ ժպիտը ըստ հարցումների, երկրորդ տեղում է աչքերից հետո, ինչի վրա ուշադրություն են դարձնում առաջին հայացք գցելիս։ Պետք չէ մոռանալ, որ օրթոդոնտը պետք է լինի համբերատար, հասկանա, որ ամեն մանրուք ունի կարևոր նշանակություն, գնահատի գեղեցիկը, գիտակցի, որ ոչ մի անհատ նման չէ մյուսին, պետք է պլանավորի մի քանի քայլ առաջ, ճիշտ տնօրինի բուժման ժամկետները։ Ամենակարևորը համբերատարությունն է, քանի որ բուժումը երկարատև է , մի քանի տարի կարող է անցնել մինչև բժիշկը հասնի իր առջև դրած նպատակին»,-ասում է Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի վարչության անդամ է:
Վստահ նշում է, որ Հայաստանում օրթոդոնտիան համապատասխանում է աշխարհի զարգացած երկրների առաջատար դպրոցների չափանիշներին:
«Կան սահմաններ, որոնք բժիշկը չի կարող հատել: Կարևորում եմ «primum non nocere» ՝մի՜ վնասիր, բժշկական էթիկայի հնագույն սկզբունքը, պատվիրանը: Եթե մի բանի չես տիրապետում, մի' արա»,-ահա այս սկզբունքն է երիտասարդ մասնագետի գործունեության առանցքում: