Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

OSCE. բարձրացնելով կրթության որակը և համապատասխանեցնելով այն միջազգային չափորոշիչներին. տեսանյութ

OSCE. բարձրացնելով կրթության որակը և համապատասխանեցնելով այն միջազգային չափորոշիչներին. տեսանյութ

ԵՊԲՀ-ում առաջին անգամ 2022-2023 ուսումնական տարվա պետական ավարտական քննության գործնական հմտությունների ատեստավորումն անցկացվեց OSCE (Objective Structural Clinical Exams-Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) ձևաչափով:

Ամփոփիչ ատեստավորումը, ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի, բժշկական բուհում իրականացվել է եռափուլ, սակայն Ընդհանուր բժշկության ֆակուլտետում ուսանողների գործնական հմտություններն առաջին անգամ գնահատվեցին հենց OSCE ձևաչափով:

Թեմային անդրադառնալով՝ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը նշում է, որ ձևաչափի կիրառումն իրականացվեց՝ տարբեր շրջափուլեր հաղթահարելով. նախ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հատկացված տարածքում վերանորոգվեցին և OSCE քննության համար նախապատրաստվեցին քննական, ինչպես նաև այլ օժանդակ սենյակներ, արդյունքում ստեղծվեց 25 դասասենյակ և 3 օժանդակ սենյակ ընդգրկող OSCE քննական կենտրոնը, զուգահեռաբար դասախոսների երկու մեծ խումբ գործուղվեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարան (որտեղ այս ձևաչափն արդեն մի քանի տարի է կիրառվում է)՝ փորձի փոխանակման, իսկ 6 աշխատակից Իսպանիայում և Իտալիայում «SAFEMED» ծրագրի շրջանակում անցան վերապատրաստումներ, հենց նրանք էլ OSCE-ի պատասխանատուների հետ միասին դասախոսների շրջանում այդ ձևաչափով քննական իրավիճակային խնդիրներ գրելու նպատակով կազմակերպեցին վերապատրաստումներ:

Հունիսին OSCE քննական ձևաչափը հաջողությամբ ներդրվեց որպես բազմաբաղադրիչ ամփոփիչ ատեստավորման առաջին փուլ` ստուգարքային ձևաչափով:

Հետագայում նախատեսվում է լավարկել OSCE-ի հարցաշարերը և բովանդակությունը՝ աշխատելով ապահովել այդ փուլի՝ որպես գնահատման բաղադրիչ ապահովումը, ապա ուսանողի՝ բժշկական մտածելակերպի ստուգման բանավոր քննության փուլն աստիճանաբար այլ ձևաչափով փոխարինելը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, OSCE քննության պատասխանատու, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ Ռաֆայել Մեսրոպյանը, խոսելով ներդրված այս ձևաչափի հետագա կատարելագործման մասին, ընդգծում է․

«Այս քննական ձևաչափի ներդրումը կարևորագույն քայլ է ինչպես բուհի անընդմեջ զարգացման և կատարելագործման, այնպես էլ միջազգայնացման գործընթացներում։ Ամփոփիչ ատեստավորման OSCE քննությունը ներառում է տեսական իմացության և գործնական հմտությունների սիմբիոզ, ինչը թույլ է տալիս բազմակողմանի քննել և գնահատել ուսանողի ոչ միայն գիտելիքները, այլև որոշակիորեն հասկանալ նրա պատրաստակամությունը՝ «մուտք գործել» կլինիկական բժշկություն, և ստուգել ուսանողի կլինիկական մտածելակերպը։ Ուրախալի փաստ է, որ ուսանողները ևս իրենց գոհունակությունն էին հայտնում քննասենյակներից դուրս գալուց հետո՝ նշելով, որ ամեն ինչ շատ հետաքրքիր էր, լավ կազմակերպված, և իրենք իրենց բժիշկ էին զգում քննական 12 սենյակներում իրավիճակային տարբեր խնդիրները լուծելու ընթացքում։ Այս մասին են վկայում նաև բժշկական բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի կողմից կազմակերված անանուն հարցման տվյալները․ շրջանավարտների գերակշռող մեծամասնությունը դրական է գնահատել OSCE ձևաչափով քննության ինչպես կազմակերպվածությունը, այնպես էլ բովանդակությունն ու նպատակաուղղվածությունը»։

Համալսարանականների դիտարկմամբ` քննական նոր ձևաչափը կբարձրացնի կրթության որակը և, ամենակարևորը, կհամապատասխանեցնի միջազգային, մասնավորապես՝ եվրոպական չափորոշիչներին:

Նշենք, որ ձևավորված նոր կենտրոնի յուրաքանչյուր 12 կայանում (երկու շղթայով) քննության մասնակիցը պետք է սահմանված ժամանակացույցով ճիշտ իրականացնի գործնական հմտությունները:

Կատարվող գործողությունները գնահատում են հանձնաժողովի կազմում ընդգրկված դասախոսները, քննական ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: