Ինչպես բժշկական բուհի շատ շրջանավարտների, այնպես էլ Ռամա Կրիշնան Նատարաջանի համար Հայաստանը երկրորդ հայրենիք է։
24-ամյա ապագա անեսթեզիոլոգն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը։
Ծնվել է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Արանտհանգի համայնքում։
Ընտրել է բժշկագիտության ամենաբարդ, պատասխանատու և, միաժամանակ, պահանջված ուղղություններից մեկը` առաջին հերթին, մարդկանց օգնելու մեծ ցանկությամբ։
«Երբ երիտասարդ էի, իմ համայնքում աղքատ մարդիկ հնարավորություն չունեին օգտվելու բուժհաստատությունների ծառայություններից։ Դա շատ էր տխրեցնում ինձ և, ի վերջո, ստիպեց բժիշկ դառնալու որոշում կայացնել՝ կարիքավորների մասին հոգալու համար», – պատմում է Ռաման:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց որոնել և ուսումնասիրել աշխարհի բժշկական համալսարանները: Այդ ընթացքում ընկերներից մեկը կիսվեց ԵՊԲՀ-ի մասին տեղեկություններով, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի Ռաման հետաքրքրվի Հայաստանում բարձրագույն բժշկական կրթություն ստանալու հեռանկարով։
Հնդիկ շրջանավարտը շատ է սիրում Հայաստանը և հայ ժողովրդին։ «Երիտասարդ կյանքիս ավելի քան կես տասնամյակն այստեղ եմ անցկացրել։ Հայաստանը մեծ դեր է խաղացել իմ կյանքում, կարիերայի ձևավորման և առաջխաղացման գործում», – շեշտում է Ռաման: Նա տպավորված է հայերի հյուրընկալությամբ, մարդկանց նկատմամբ նրանց հոգատարությամբ։
«Բժշկական համալսարանում ինձ շատ դուր էր գալիս դասավանդման եղանակը․ մենք հնարավորություն ունեինք քննարկելու, ուսումնասիրելու կլինիկական դեպքերը: Դա շատ կարևոր էր գործնական հմտությունների զարգացման տեսանկյունից», – վստահեցնում է օտարերկրացի շրջանավարտը։
Օրինակելի բժիշկ դառնալու և բժշկության ոլորտում ձեռքբերումներ ունենալու համար հնդիկ ապագա բժիշկն առանձնացնում է համբերատարությունը, քրտնաջան աշխատանքը, դասախոսների խորհուրդներին ականջալուր և հետևողական լինելու, ինչպես նաև հիվանդներին մտահոգող խնդիրները հասկանալու կարողությունները:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան