Բժշկական բուհի Ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին հպարտ է Հայաստանում ապրելու և սովորելու՝ իրեն ընձեռված հնարավորությամբ:
23-ամյա ապագա թոքաբանն Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է: «Ինձ միշտ հետաքրքրել են ինչպես դասերը, այնպես էլ արտալսարանային գործունեությունը», – ասում է Սիվան:
Ակտիվ հասարակական և ուսանողական գործունեությամբ բուհում առանձնացած ապագա բժիշկը ծնվել և մեծացել է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի կենտրոն Չեննաի քաղաքում: «Մանկուց հետաքրքրված էի գրքեր կարդալով, կավե արձաններ և գծանկարներ պատրաստելով: Դպրոցում մասնակցում էի բոլոր արտադասարանական միջոցառումներին», – նշում է Սիվան:
Հնդիկ շրջանավարտը հիշում է մասնագիտության ընտրության՝ իր պատմությունը. «Շատ տարիներ առաջ, երբ ես հիվանդանում էի, մայրս ինձ տանում էր իմ հայրենի քաղաքում բնակվող մի բժշկի մոտ, որը շատ քիչ գումար էր վերցնում: Ավելի ուշ իմացա, որ նա երբեմն նույնիսկ գումար չէր վերցնում մարդկանցից: Հենց նա ինձ ոգեշնչեց: Այդ պահից սկսեցի երազել բժիշկ դառնալու և ինձ պես մարդկանց օգնելու մասին»:
Բժշկական մայր բուհում 6 տարվա հիանալի ճանապարհորդությունը, նրա խոսքով, հնարավոր չէր լինի առանց ծնողների աջակցության և օրհնության:
«Առաջին պատճառը, թե ինչու նախընտրեցի Հայաստանը, տարվա 4 եղանակի առկայությունն է: Որպես բնության սիրահար՝ դա ինձ շատ գրավեց: Երկրորդ պատճառը պետական բժշկական բուհի շրջանավարտ իմ ընկերներն էին, որոնք խորհուրդ տվեցին հենց այս բուհը: Հետագայում իմացա, որ ԵՊԲՀ-ն ապահովում է բարձրորակ ուսումնական գործընթաց: Այս բոլոր պատճառների համադրումն ինձ ստիպեց ընտրել Հայաստանն ու բժշկական համալսարանը», – ասում է Սիվան:
Օտարերկրացի շրջանավարտը շատ է սիրում Հայաստանը: «Եղել եմ Հայաստանի շատ գեղեցիկ վայրերում՝ Վանաձոր, Լոռի, Ծաղկաձոր, Գառնի, Դիլիջան, Սևան: Վերջին մի քանի տարվա ընթացքում ես չեմ եղել իմ հայրենիքում: Բայց ինձ թվում է, թե ապրում եմ իմ հայրենիքում, որովհետև Հայաստանում բոլորն այնքան բարի են իմ հանդեպ: Համալսարանում և հանրակացարանում նրանք ինձ վերաբերվում են ինչպես իրենց որդուն: Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա ապրելու և սովորելու Հայաստանում: Յուրաքանչյուր մետաղադրամ ունի երկու կողմ` դրական և բացասական: Հայաստանը նույնպես ունի երկու կողմ, բայց երկուսն էլ նույնն են՝ միայն դրական», – վստահեցնում է Սիվան:
Երևանյան կյանքը նրան սովորեցրեց ապրել ինքնուրույն՝ առանց որեւէ մեկից կախվածության:
Սիվան անկեղծանում է, որ ապագայում կուզենար մնալ և աշխատել Հայաստանում: «Դա իմ ծրագրի մի մասն է: Մեծ է ցանկությունս FMGE (Foreign Medical Graduates’ Examination – Օտարերկրացի բժշկական շրջանավարտների քննություն) քննությունից հետո վերադառնալ Հայաստան», – ընդգծում է նա:
Որպես Ուսանողական խորհրդարանի անդամ՝ Սիվան իր գործունեությունը սկսել է դեռևս 2016 թվականից, երբ սովորում էր 2-րդ կուրսում: Ավելի ուշ՝ 2018 թվականի սեպտեմբերին, նա դարձավ հնդիկ ուսանողների ներկայացուցիչը: 2019 թվականի սեպտեմբերին նշանակվեց Օտարերկրացի ուսանողների խորհրդի փոխնախագահ: 2020 թվականի փետրվարից սկսեց աշխատել որպես Հնդիկ ուսանողների խորհրդի ղեկավար և շարունակում էր աշխատել որպես Օտարերկրացի ուսանողների խորհրդի փոխնախագահ: 2021 թվականի հունվարի 22-ին Ուսանողական խորհրդարանի ընտրության ժամանակ Սիվան միաձայն ընտրվեց Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ: Փետրվարի 1-ից նա նաև ԵՊԲՀ Գիտական խորհրդի անդամ է։
Բժշկական բուհի օտարերկրացի ուսանողների համար Սիվան կազմակերպել է բազմաթիվ ակադեմիական, մշակութային և սպորտային միջոցառումներ:
«Ցավոք, համավարակի պատճառով մենք հրաժարվեցինք շատ ծրագրերից: Բայցևայնպես, փորձեցինք հնարավորության սահմաններում կազմակերպել միջոցառումներ՝ հետևելով բոլոր կանոններին և կարգավորումներին: Այս կիսամյակում մեր կողմից կազմակերպված նշանավոր իրադարձություններից են՝ Գույների փառատոնը՝ Holi-ն, ֆուտբոլի, վոլեյբոլի, բադմինտոնի մրցաշարերը, մանկաբարձության և գինեկոլոգիայի թեմայով գիտաժողովը և բժշկական տարբեր թեմաներով զեկույցների մրցույթը: Անցյալ տարի՝ ամռանը, Հայաստանում հնդկական մշակույթի կենտրոնի հետ համատեղ առաջին անգամ անցկացրինք Գանեշ Չատուրթի փառատոնը», – պատմում է Սիվան: Նրա խոսքով՝ Օտարերկրացի ուսանողների խորհրդի գլխավոր նպատակն է աջակցել օտարերկրացի ուսանողներին հասնելու իրենց նպատակներին և լուծելու առաջացած խնդիրները:
Անդրադառնալով բժշկի համար կարևոր առանձնահատկություններին՝ Սիվան կարծում է, որ բժիշկը պետք է համբերատար և հանգիստ լինի դժվար իրավիճակներում:
«Բժիշկը պետք է օժտված լինի հետևյալ հատկություններով՝ ընկերասիրություն, հիվանդներին ժամանակ տրամադրելու պատրաստակամություն և հաղորդակցվելու հմտություններ: Լավ բժիշկ դառնալու համար շատ կարևոր են նաև կլինիկական հմտությունները», – շեշտում է օտարերկրացի շրջանավարտը:
Ապագա բժիշկներին նա խորհուրդ է տալիս հետևել ծնողների և դասախոսների արժեքավոր խորհուրդներին։ «Եվ հաջողությունն ինքնաբերաբար կթակի ձեր դուռը», – եզրափակում է Սիվա Շակթի Վիրասվամին:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան