Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պահանջված ու լավ մասնագետ դառնալու համար չպետք է «շարքային» լինել. ԵՊԲՀ պրոֆեսորի հորդորը՝ ապագա բժիշկներին

Պահանջված ու լավ մասնագետ դառնալու համար չպետք է «շարքային» լինել. ԵՊԲՀ պրոֆեսորի հորդորը՝ ապագա բժիշկներին

Մի քանի տասնամյակ կյանքն ու գործունեությունը  բժշկությանը նվիրած Վաչագան Այվազյանը խոստովանում է, որ  բժշկի մասնագիտությունն ընտրել է հոր առաջարկով: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը պատմում է նաև, թե ինչպես ընտրեց վնասվածքաբան-օրթոպեդի նեղ մասնագիտացումը: «Երկաթգծի հիվանդանոցում աշխատում էի որպես ընդհանուր վիրաբույժ, ինձ սկսեց հետաքրքրել դաստակի վիրահատությունը: Մեր բուժհաստատության ղեկավարը Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի նորանշանակ տնօրենի հետ ամանորյա հանդիպման ժամանակ պատմել էր իմ մասին, մասնավորապես, որ զբաղվում եմ դաստակի վիրահատությամբ, ինչից հետո առաջարկ ստացա տեղափոխվել  Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ: Սկզբում այնտեղ եղել եմ կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, հետո դարձել եմ բաժանմունքի վարիչ», – վերհիշում է Վաչագան Այվազյանը: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989 թվականին, նշանակվել է ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի» տնօրեն, ղեկավարել այն 31 տարի՝ մինչև 2020-ի համավարակը:

«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի առաջարկով սկսեցի աշխատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Բժշկական ոլորտում աշխատանքի ընթացքում ամենադժվար «քննությունը» երկրաշարժի ժամանակ էր, հետո՝ Արցախյան առաջին պատերազմ, այնուհետև՝ 2016-ի քառօրյա պատերազմ», – նշում է պրոֆեսոր Այվազյանը: Վաչագան Այվազյանը հիշում է՝ 1988-ի երկրաշարժի հետևանքով  Ստեփանավանում փլված ծննդատնից հարյուրավոր մարդիկ էին տարհանվել, տեղափոխվել իրենց բուժհաստատություն: «Շատ հուզիչ պատմություններ կան՝ կապված այդ օրերի հետ: Հիշում եմ՝ ինչպես հայրը մեզ մոտ գտավ իր նորածնին, այնուհետև կնոջը գտան, բերեցին մեզ մոտ՝ ամբողջությամբ գիպսի մեջ, գիպսը հանելիս՝ 20 րոպե անց, կինը մահացավ՝ երկարատև  ճնշման համախտանիշի հետևանքով: Արտասահմանից ժամանել էին բազմաթիվ  բժիշկներ, բժշկական սարքավորումներ էին բերել, որոնց օգնությամբ նաև հաջողվեց փրկել հազարավոր կյանքեր: Էնդոպրոթեզավորումը՝ արհեստական հոդի տեղադրումը, Հայաստանում սկսեցին կատարել  երկրաշարժի ժամանակ», – պատմում է վնասվածքաբան Վաչագան Այվազյանը:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ Վաչագան Այվազյանը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդը, ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչը, ինչպես նաև ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, ՀՀ բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ, ՎՕԳԿ գիտական խորհրդի նախագահ, ԵՊԲՀ մասնագիտական խորհուրդների, SICOT, ASAMI, EFFORT, AAOS միջազգային կազմակերպությունների անդամ: Վնասվածքաբանների և օրթոպեդների` միջազգային մասնակցությամբ վեց համագումարի նախագահ և տպագրված նյութերի ժողովածուների գլխավոր խմբագիր է: Հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատանքի: ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի պրոֆեսորը նշում է, որ ունի շատ շնորհալի ուսանողներ: Անվանի բժիշկը շեշտում է՝  ամենակարևորն ուսման նկատմամբ ձգտումն է, որ ես փորձում եմ ամրապնդել ուսանողների մեջ:  «Միշտ ասում եմ, եթե կանգնեցնեն մեկ շարք, կդառնաք շարքային բժիշկ, եթե մի շարք առաջ քայլեք, կդառնաք առաջատար, հետևաբար, ավելի լավ է մեկ քայլ առաջ անել, քան մնալ շարքային», – ընդգծում է ԵՊԲՀ պրոֆեսորը:

Նա ուրախությամբ է նշում , որ վնասվածքաբանության, օրթոպեդիայի ոլորտը Հայաստանում մեծ զարգացում է ապրել, կլինիկաներն աշխատում են միջազգային չափանիշներով: Այդ համատեքստում նա վկայակոչում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը:

Վաչագան Այվազյանն անկեղծանում է, որ իր աշխատանքը, հարազատ բուհը շատ է սիրում և ուրախ է, որ բժշկի մասնագիտությունն են ընտրել նաև զավակները՝ որդին՝ Արմեն Այվազյանը, որը ևս մասնագիտությամբ վնասվածքաբան է, ու դուստրը՝ մասնագիտությամբ ատամնաբույժ Իրինա Այվազյանը: Ընտրելով բժշկի մասնագիտությունը՝ ընտանիքում բժշկական գիծը շարունակում են նաև Վաչագան Այվազյանի 4 թոռնիկները: