Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պատերազմում հադրութցի ապագա բժիշկը ծննդավայրի հիվանդանոցում պայքարում էր վիրավորների կյանքի համար

Պատերազմում հադրութցի ապագա բժիշկը ծննդավայրի հիվանդանոցում պայքարում էր վիրավորների կյանքի համար

Պատերազմի ձայնը լսելուն պես հադրութցի Արման Երեմյանը սեպտեմբերի 27-ի երեկոյան արդեն հայրենի քաղաքում ՝ Հադրութում էր՝ «սպիտակ բանակի» շարքերում: Արցախցի երիտասարդը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում: «Մտածելու կարիք չկար, մեկնել եմ օգնելու: Երբ մեկնեցի, ականատես եղա ծանր տեսարանի, հիշելը, վերապրելը շատ դժվար է: Հադրութի հիվանդանոցն ամեն ինչ ուներ վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Պատերազմի առաջին իսկ օրից Երևանից բժիշկներ՝ վնասվածքաբաններ, անեսթեզիոլոգներ ու վիրաբույժներ էին ժամանել Հադրութ»,-պատմում է ապագա բժիշկ Արման Երեմյանը: Նա օգնել է, ինչով կարողացել է:

«Մեր հիվանդանոցն առաջնային օղակ էր: Մեխակավանի ուղղությամբ, ամենածանր մարտերն այդ գծով էին, այդ պատճառով վիրավոր զինծառայողներին առաջին ընդունողը Հադրութի հիվանդանոցն էր, որը թշնամու ինտենսիվ հրետակոծության պատճառով հոկտեմբերի առաջին շաբաթում տեղափոխվեց թիկունք: Սկզբում Ազոխ գյուղ, հետո հիվանդանոցի անձնակազմն, ով որտեղ կարողացավ, այնտեղ տեղափոխվեց: Ես այնուհետև գնացի Սիսիանի բուժեկնտրոն, որտեղից շտապօգնության մեքենաներով Ստփանակերտից վիրավորների էինք տեղափոխում Երևան»,-նշում է ապագա բժիշկը:

Արման Երեմյանն ափսոսում ու ցավում է հայրենիքի՝ Հադրութի կորստի համար: 44-օրյա պատերազմի օրերին Արմանն իր հոր՝ Հադրութի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վիրաբույժ Արա Երեմյանի հետ էր պայքարում հայրենիքի համար առողջությունն ու կյանքը վտանգած տղաների փրկության համար: Հադրութից տեղափոխվելուց օրեր անց թշնամու հետախուզական զորքն արդեն քաղաքում էր: Ապագա բժիշկը պայքարի ու մահվան սահմանագիծ է մեկնել գիտակցաբար.

«Դա իմ պարտականությունն էր: Հայրենիքի հանդեպ իմ սերն ուժեղ է, անգամ այստեղ՝ Երևանում, սովորելիս անհամբեր սպասում էի՝ երբ եմ մեկնելու Արցախ, իմ ծննդավայր: Անգամ երկու օր ազատ լինելու դեպքում՝ ցանկանում էի Հադրութ գնալ: Միշտ մտածել ենք հայրենիքի համար ինչ-որ բան անել, և ահա հայրենիքն ուներ մեր կարիքը, չգնալ չէինք կարող»:

Ապագա բժիշկը խոստովանում է՝ Հայաստանում սովորելուց հետո անպայման վճռել էր Արցախ վերադառնալ՝ գիտելիքն այնտեղ ներդնելու նպատակով: Ամեն ինչ, տուն- տեղ թողել են Հադրութում: «Ես այնտեղ եմ ծնվել, այնտեղ դպրոց գնացել: Իմ գլխավոր երազանքը հայրենիքն ամեն գնով վերադարձնելն է: Այդ պայքարը միշտ պետք է լինի: Կարոտում եմ մեր Հադրութը, բակը: Ամեն ամառ՝ արձակուդին, գնում էի Հադրութ: Հիմա քննություններն ավարտում ենք ու գնալու տեղ չունենք»:

Ապագա բժիշկը չի մոռանում գիշերուզօր վիրավորների կողքին գտնված բժիշկներին և բուժաշխատողներին, ովքեր երբեմն առանց հաց ուտելու, առանց հանգստի, աշխատում էին:

«Տպավորվել է, որ անձնակազմն առանց տրտնջալու, միասնաբար, առանց կանգառի, աշխատում էր»,-ասում է Արման Երեմյանը: Նա ուրախ է, որ իրենց հաջողվել է կյանքեր փրկել:

«Ցավոք, եղան դեպքեր, որ վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ»,-նշում է ԵՊԲՀ ուսանողը, որն որոշել է ընտրել վիրաբույժի մասնագիտացումը: