«Պատվաստումներ, պատվաստանյութերի հիմնական տեսակները, հակացուցումներ, հնարավոր անբարեհաջող դեպքեր, հաղորդակցություն» թեմայով կոնֆերանսն այս անգամ բուհական հարկի ներքո հրավիրել էր մանկաբույժների, ինֆեկցիոնիստների, ալերգոլոգների և իմունոլոգների, ընտանեկան բժիշկների ու համաճարակաբանների:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանն ազդարարեց հագեցած թեմաներով հերթական միջոցառման սկիզբը:
«Կարծես թե բավականին քննարկված թեմա են պատվաստումները, բայց այս ոլորտում կան նորություններ, և այսօր փորձելու ենք ավելի շատ կենտրոնանալ այդ նորությունների վրա: Խոսելու ենք նոր պատվաստանյութերի, դրանց ներդրման, արդեն իսկ գրանցված հաջողությունների մասին: Քննարկելու ենք համալսարանական հիվանդանոցների մասնագետների կողմից ներկայացված անմիջական խնդիրները, ինչպես նաև պատվաստումների վերաբերյալ հաղորդակցության հմտությունները, որը շատ կարևոր է, և վերջին երկու-երեք տարիները մեզ ապացուցեցին, որ մենք այդքան էլ հմուտ չենք կարողանում հաղորդակցվել բնակչության հետ և այս ուղղությամբ անելիքներ ունենք», – ասաց նա` հավելելով, որ քննարկվելու են նաև պատվաստումների միջոցով կառավարվող սեռավարակները, սեռական դաստիարակությանը վերաբերող խնդիրները:
Համաժողովը համընկել է Ընտանիքի միջազգային օրվա հետ, և հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ երեխաները մեր ընտանիքների շարժիչ ուժն են և նրանց առողջությունը ամենակարևորն է մեզ համար:
«Իսկ նրանց առողջությունն այսօր արդեն հասանելի, կառավարելի վարակների պարագայում կարիք չունենք դնել կասկածի տակ և մտածել` պատվաստել թե չպատվաստել: Պետք է գիտելիքն առավելագույնս մատչելի մատուցենք հանրությանը», – նշեց Մերի Տեր- Ստեփանյանը:
Առաջին զեկույցն առցանց էր: ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի հրավիրված դասախոս Արման Բադալյանը «Պատվաստանյութերի ստեղծման և ներդրման փուլերը, արդյունավետության և անվտանգության գնահատման սկզբունքները, RSV պատվաստանյութ» թեման հանձնեց լսարանի դատին:
Նա անդրադարձավ պատվաստանյութերի ստեղծման եղանակներին՝ ելնելով ժամանակակից մոտեցումներից, հիմնական ուղղություններից:
«Երբ համոզվում ենք, որ տվյալ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ, դիմում ենք համապատասխան կառույցերի, որպեսզի ստանանք հավանություն, որից հետո սկսվում է արտադրական պրոցեսը, մշտադիտարկվում է, հսկվում է որակը»,-հավելեց ԱՄՆ-ից միացած համալսարանականը` ներկայացնելով միջազգային փորձը և պատասխանելով նաև ներկաների բազմաթիվ հետաքրքրող հարցերին:
Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Նաիրա Մելքոնյանը շարունակեց նոր պատվաստանյութերի թեման:
«Նոր պատվաստանյութերի` տարբեր երկրներում ներդրման առանձնահատկությունների և չափորոշիչների մասին եմ խոսելու, քանի որ պատվաստանյութի ներդրումն առողջապահական բավականին լուրջ գործընթաց է համարվում, և մինչև ներդրումը լուրջ գնահատումներ են արվում` համապատասխան պատասխանատու որոշում կայացնող մարմինների կողմից` հաշվի առնելով նոր պատվաստանյութերի ներդրման արդյունավետությունը, ինչպիսին կլինի հիվանդության բեռի նվազեցման առումով, տնտեսական դիտակետից», – ասաց բանախոսը:
1974 թվականին մեկնարկեց Իմունականխարգելման ընդլայնված ծրագիրը` 6 պատվաստանյութի ներդրումով՝ տուբերկուլյոզ, դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ, կարմրուկ: Հաջորդիվ նա պատմական ակնարկով ներկայացրեց 2000 թվականից մինչև 2023 թվականը ներդրված պատվաստանյութերը, պատվաստանյութերի ներդրման անհրաժեշտության չափորոշիչները, հիվանդության բեռի գնահատումը, պատվաստանյութի անվտանգության պրոֆիլը, բնութագիրը:
Հանգամանալից զեկույցն ամփոփելով` բանախոսը շեշտեց, որ Իմունականխարգելման շնորհիվ վերջին 50 տարվա ընթացքում աշխարհում փրկվել է առնվազն 154 միլիոն մարդու կյանք:
Պատվաստումների հակացուցումները «Հերացի» պոլիկլինիկայի ղեկավար Սոնա Տերմենջյանի մեկնաբանությամբ էին։
Կարճ անդրադարձ կատարելով պատվաստանյութերի ստեղծման պատմությանը՝ մասնագետը բնորոշեց, թե ինչ է պատվաստումը։ Սոնա Տերմենջյանի փոխանցմամբ` պատվաստումների ազգային օրացույցի համաձայն՝ պատվաստումները շարունակվում են 60 տարեկանում ներառյալ։ Ըստ նրա՝ հակացուցումները լինում են բացարձակ և հարաբերական։
Անդրադարձավ նաև պատվաստումների նախազգուշական ցուցումներին։ «Կասկածելի դեպքերում անհրաժեշտ է գնահատել և վերլուծել ռիսկերը։ Եթե օգուտն ավելի մեծ է, քան ռիսկը, պետք է պատվաստել։ Պատվաստումները բժշկագիտության ամենաարդյունավետ, ամենաանվտանգ գործառույթն են», – եզրափակեց ընտանեկան բժիշկը:
«Մուրացան» պոլիկլինիկայի իմունականխարգելման պատասխանատու Մարինե Ավագյանը խոսեց պատվաստումային գործընթացի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով հետպատվաստումային անբարեհաջող դեպքերին՝ ըստ առաջացման պատճառի։ Պատվաստման փուլերը, պատվաստանյութերի պահպանման պայմանները, ստուգումը՝ ներարկումից անմիջապես առաջ, պատվաստանյութերի գրանցումը նրա կողմից մատուցվող թեմաներն էին:
Պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանն անդրադարձավ այս ոլորտում հաղորդակցման հմտությունների կարևորությանը, ինչի մասին նաև միջոցառման սկզբում էր բարձրաձայնել:
«Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ կա խնդիր։ Առողջապահության համակարգից և բուժաշխատողներից է հաճախ կախված մարդու ընտրությունն առողջության հարցերի վերաբերյալ։ Մասնագիտական գրականությունում դա կոչվում է ռիսկի (վտանգի) ընկալում և հաղորդակցում ռիսկի (վտանգի) վերաբերյալ», – նշեց նա` կարևորելով բնակչության հետ համատեղ աշխատանքը և պատվաստումների պլանավորումը։
Սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Սեքսապաթոլոգիայի կուրսի վարիչ Վրեժ Շահրամանյանը խոսելով «Սեռական խանգարումներ՝ պայմանավորված սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով։ Կանխարգելում» թեմայով՝ մատնանշեց այն խնդիրները, որոնք առնչվում էին օրակարգային թեմայի հետ և որոնք հաճախ դառնում են ճակատագրական: Դրանցից մեկն էլ սեռավարակներն են, որոնք հաճախ նկատվում են ուշացած և կարող են բարդություններ առաջացնել:
«Համաձայն ԱՀԿ-ի՝ աշխարհում օրական գրանցվում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մեկ միլիոն նոր դեպք: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները առողջապահական, սոցիալական, հոգեբանական ամենալուրջ հարցերից են, որոնք հանրային առողջության լուրջ սպառնալիք են իրենցից ներկայացում: Սեռավարակները ուղղակիորեն ազդում են թե՛ սեռական, թե՛ վերարտադրողական առողջության վրա՝ առաջացնելով խարան, անպտղություն, հղիության բարդություններ, քաղցկեղ, կարող են մեծացնել ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը»,-նշեց բժշկական բուհի դոցենտը՝ կարևորելով սեռական առողջության, սեռավարակների մասին ճիշտ տեղեկատվության հասանելիությունը, ինչը կարող է շատ բարդություններ կանխարգելել: