Ամեն տարի փետրվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է մայրենի լեզվի միջազգային օրը՝ նպատակ ունենալով խրախուսել լեզվական և մշակութային բազմազանությունը և ընդգծել մայրենի լեզուների պահպանման և հանրահռչակման կարևորությունն ամբողջ աշխարհում:
Մայրենի լեզվի միջազգային օրը նշելու գաղափարը ծագել է Բանգլադեշի նախաձեռնությամբ։ Այն հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում 1999 թվականին և ամբողջ աշխարհում նշվում է 2000 թվականից ի վեր։
2024 թվականի մայրենի լեզվի միջազգային օրվա թեման է` «Բազմալեզու կրթությունը միջսերնդային ուսուցման հիմնասյունն է»:
Օրը մատնանշում է կայուն հասարակության համար մշակութային և լեզվական բազմազանության կարևորությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն խաղաղության իր մանդատի շրջանակներում աշխատում է պահպանել մշակույթների և լեզուների տարբերությունները, որոնք խթանում են հանդուրժողականությունն ու հարգանքը ուրիշների նկատմամբ:
Բազմալեզու և բազմամշակութային հասարակությունները գոյություն ունեն իրենց լեզուների շնորհիվ, որոնք կայուն կերպով փոխանցում և պահպանում են ավանդական գիտելիքներն ու մշակույթը:
Լեզուների բազմազանությունը աճող սպառնալիքի տակ է, քանի որ ավելի ու ավելի շատ լեզուներ են անհետանում: Ներկայումս 250 միլիոն երեխա և դեռահաս դեռևս դպրոց չի հաճախում, իսկ 763 միլիոն մեծահասակ չի տիրապետում գրագիտության տարրական հմտություններին:
Ամբողջ աշխարհում բնակչության 40 տոկոսը չունի կրթություն ստանալու հնարավորություն այն լեզվով, որով խոսում կամ հաղորդակցվում է: Որոշ երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 90%-ը։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշակերտների մայրենի լեզվի (լեզուների) օգտագործումը դպրոցներում ապահովում է ուսուցման ամուր հիմք, բարձրացնում է ինքնագնահատականը և քննադատական մտածողության հմտությունները, ինչպես նաև հնարավորություններ է բացում միջսերնդային ուսուցման, լեզվի վերածննդի և մշակույթի և ոչ նյութական ժառանգության պահպանման համար:
Այնուամենայնիվ, բազմալեզու կրթության մեջ առաջընթաց է նկատվում ՝ շնորհիվ դրա կարևորության աճող ընկալման, հատկապես վաղ դպրոցական կրթության խրախուսմանն և հասարակական կյանքում դրա զարգացմանն ուղղված ավելի մեծ ջանքերի շնորհիվ:
Մայրենի լեզվի կրթությունը նպաստում է ուսման առաջադիմությանը, գրագիտությանը և լրացուցիչ լեզուների յուրացմանը: