Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Փոխենք աշխարհը կրթության միջոցով». ԵՊԲՀ դասախոսը Փարիզում մասնակցել է միջազգային վեհաժողովին

«Փոխենք աշխարհը կրթության միջոցով». ԵՊԲՀ դասախոսը Փարիզում մասնակցել է միջազգային վեհաժողովին

Բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկական մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը համալսարանական աշխատանքի հետ զուգահեռ շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր միջազգային համաժողովներին:  

Համալսարանականը Փարիզում մասնակցել է Ազգային խորհրդատվական էթիկական  կոմիտեների 29-րդ վեհաժողովին.

«Եվրախորհրդից ինձ առաջին անգամ հրավիրել էին 24-րդ ֆորումին 2019 թվականին, այնուհետև, համավարակով պայմանավորված, նիստերն անցկացվեցին առցանց, իսկ այս տարի՝ 29-րդ ֆորումին կրկին պաշտոնական հրավեր ստացա: Նախորդ ֆորումի ընթացքում Եվրախորհրդի բիոէթիկայի և մարդու իրավունքների բաժանմունքի վարիչը խոսեց մարդու իրավունքների մասին:  Որևէ առարկություն  չեղավ, սակայն ես փորձեցի ներշնչել մասնակիցներին, որ բավական չէ՞ խոսել միայն մարդու իրավունքներից: Ինչո՞ւ չենք խոսում պատասխանատվության, խղճի, բարոյականության, պարտականությունների մասին»:

Վեհաժողովի թեման բիոէթիկայի արդի պրոբլեմներն էին, դասավանդման մեթոդիկան: Միջոցառման խորագիրն էր` «Փոխենք աշխարհը կրթության միջոցով» (Transformer le monde par l'éducation):

«Մշտապես խոսվում է օրենքների, իրավունքների մասին, բայց մարդկային արժեքների պահպանման, մարդկայնության մասին անդրադարձ չի կատարվում: Հաճախ նաև տնտեսական ճգնաժամից ենք խոսում, բայց հոգեկան ճգնաժամի մասին մոռանում ենք: Խոսելով միայն իրավունքներից՝ կանգնում ենք փակուղու առջև: Երբ ներշնչում ենք երեխային, թե պետությո՛ւնն է քո տերը, ո՛չ թե ծնողդ, մի կողմից խարխլում ենք ընտանիք հասկացությունը,  ինստիտուտը, մյուս կողմից պետություն սիրո՜ղ ենք դաստիարակում:  Պետք է միջինը գտնենք»,-ընդգծում է հերացիականը:

Հայաստանը ներկայացնող պատվիրակի գնահատմամբ` ուշագրավ էր, որ Եվրախորհուրդը հետևում և ուսումնասիրում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի (վարիչ, պրոֆեսոր Ամնոն Քարմի, Իսրայել) կոնֆերանսներին, ներկայացված զեկուցումները:  Հիշվեց նաև, որ վերոնշյալ ամբիոնի կազմակերպված կոնֆերանսի գիտական նստաշրջաններից մեկի համանախագահն էր Սուսաննա Դավթյանը, որը շեշտել էր, որ բիոէթիկան արվեստի, կինոյի և թատրոնի  միջոցով ներկայացնելը  ավելի ամուր և կայուն գիտելիքներ է փոխանցում:

«Ես հաճախ եմ ուսանողներին թատրոն տանում: Ներկայացման ավարտին,  երբ հնարավոր է լինում, քննարկում ենք թեման ռեժիսորի և դերասանների հետ, շատ ուսուցողական է: Ինձ համար հաճելի էր, որ նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև այս թեմային»,-հավելեց Հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոսը:  

Նշենք, որ համաժողովին ներկա են եղել  ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Սլովենիայի, Չեխիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները:

Բացման արարողությունը կատարել էր Ֆրանսիայի առողջապահության նախարարը:

Ֆորումի հիմնական նպատակն է նպաստել էթիկայի և բիոէթիկայի բնագավառում լավագույն փորձի տարածմանը: Այն հնարավորություն է տալիս ոլորտի առաջատար մասնագետներին իրազեկված լինել այդ ուղղությամբ Եվրախորհրդի նախանշած ծրագրերին կատարած աշխատանքներին: Դրվատելի է, որ բժշկական մայր բուհի անունը ևս մեկ անգամ հնչեց Եվրախորհրդի կազմակերպված վեհաժողովում: