Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Փոքրիկ այցելուի մեկ ժպիտը վերադարձնում է մանկաբույժի առույգությունը. խոստովանում է կլինիկական օրդինատոր Տիրայր Գուրջանյանը

Փոքրիկ այցելուի մեկ ժպիտը վերադարձնում է մանկաբույժի առույգությունը. խոստովանում է կլինիկական օրդինատոր Տիրայր Գուրջանյանը

Մանկաբուժությունը բժշկագիտության այն բնագավառներից է, որտեղ միայն մասնագիտական գիտելիքները բավարար չեն: Ի տարբերություն մեծահասակների՝ երեխաները ոչ միշտ են կարողանում ճիշտ ներկայացնել իրենց գանգատները, սակայն փոքրիկ այցելուին սիրելը, նրա լեզուն հասկանալն այս մասնագիտությունը դարձնում է առավել հետաքրքիր և գրավիչ:

ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Մանկաբուժություն մասնագիտությամբ 3-րդ տարվա կլինիկական օրդինատոր Տիրայր Գուրջանյանը բժշկի ուղին ընտրել է առանց երկար մտածելու: Տիրայրը ևս անմասն չմնաց պատերազմի օրերին մարդկանց օգնելու կարևոր առաքելությունից:  

«Առաջին անգամ գնացել եմ Արցախ սեպտեմբերի 29-ին՝ իմ ավոտոմեքենայով, մանկաբույժ ընկերներիս՝ Թաթուլ Գևորգյանի և Արմեն Աբրահամյան հետ: Գնացել ենք «Արևիկ» մանկական հիվանդանոց, որը նույնպես ծառայում էր վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու գործին»,- անցած օրերը վերհիշելով՝ պատմում է կլինիկական օրդինատորը: Մի քանի օր անց մանկաբույժ ընկերները վերադարձել են Երևան՝ առավել հստակ առաջադրանք ունենալու ցանկությամբ՝ կամավորագրվելով ՀՀ առողջապահության նախարարությունում: «Քանի որ մանկաբույժի կարիք չկար, խմբի կազմում որպես բուժակ վերադարձա Ստեփանակերտ, արդեն հստակ առաջադրանքով: Մի քանի օր Ստեփանակերտում մնալուց հետո մեկնեցի Մարտակերտի հոսպիտալ: Հիմնականում առաջնային բժշկական օգնություն եմ տարամադրել, հիվանդներ տեղափոխել Մարտակերտ-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Երևան ուղղություններով»,- մանրամասնում է սովորողը: Անհրաժեշտության դեպքում նա կատարել է նաև ցանկացած այլ՝ ոչ բժշկական աշխատանք:

Տիրայրը նշում է, որ Արցախում՝ հատկապես Մարտակերտի հոսպիտալում, բժիշկները մեծ ծավալի աշխատանք էին իրականացնում:

 «Պատերազմի ժամանակ մի պարադոքս կար. երբ Արցախում էի, մի տարօրինակ հանգստություն էր իջնում վրաս: Ինչքան մոտենում էի սահմանին, հասկանում էի, որ երևի պատերազմից առավել սարսափելի բան չկա, բայց միևնույն ժամանակ ամեն պահի զգում ու տեսնում էի Աստծո ներկայությունն այնտեղ»,- շեշտում է սովորողը՝ հավելելով, որ պետք է ավելի արժևորենք խաղաղությունը, որովհետև շատ մեծ գին ենք վճարել դրա համար:  

Ինչպես ինքն է բնորոշում՝ ընտրած մասնագիտացումը բոլորովին այլ աշխարհ է, որտեղ տեսնելու և սովորելու շատ բան կա:

Նրա խոսքով՝ երեխաների հետ ու հանուն նրանց ամեն ինչ ուրիշ գույներ է ստանում։  Որքան էլ փոքրիկների հետ աշխատելը դժվար լինի, միևնույն ժամանակ միշտ հաճելի է:

Գիշերվա ընթացքում, լուսադեմին, տասնյակ փոքրիկների բուժզննելուց հետո, երբ թվում է՝ էլ ուժ չի մնացել անգամ խոսելու, մի «համով» երեխայի անուշ ժպիտը վերադարձնում է բժիշկ Գուրջանյանին առույգությունը: