Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Փոքրիկներին առողջություն և լիարժեք կյանք վերադարձնող բաժանմունքն ընդլայնվել է

Փոքրիկներին առողջություն և լիարժեք կյանք վերադարձնող բաժանմունքն ընդլայնվել է

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառմանը հաջորդեց հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի նոր՝ վերանորոգմած մասնաշենքի բացումը:

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը կատարեց օրհնության կարգ, հոգևորականներն աղոթեցին համալսարանական հիվանդանոցում բուժվող փոքրիկների շուտափույթ ապաքինման համար:

Կատարված վերանորոգման աշխատանքների, բաժանմունքի ընդլայնման և պայմանների բարելավման շնորհիվ կլինիկան հնարավորություն կունենա անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Երևանի և հանրապետության բոլոր մարզերի ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող առավել մեծ թվով նորածինների և երեխաների:

Կենտրոնի ընդլայնումը հետաքրքիր նախապատմություն ունի: Ինչպես գիտեք, 2016 թվականին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բժիշկները պարգևատրվել են ՀՀ նախագահիի կողմից և ստացել են դրամական պարգև: Նշանակալի ավանդի համար ստացած դրամական պարգևը բժիշկները փոխանցել են հիվանդանոցին: Հաջորդիվ նախաձեռնությանը միացել են անհատներ ու կազմակերպություններ: Ընդհանուր առմամբ՝ բաժանմունքի ընդլայնման համար ծախսվել է 30 մլն դրամ, որի շրջանակներում բարելավվել են նաև խաղաթերապիայի կաբինետի պայմանները : Մասնավորապես 20 մլն դրամ է տրամադրել «Գրանդ Քենդի» ընկերությունը:

Նշենք, որ ընկերության նախաձեռնությամբ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը նախորդ տարվա վերջին համալրվեց անհրաժեշտ բժշկական պարագաներով և կահույքով վերազինված երկու նոր ռեանիմոբիլով: Համալիրը բարդ և պատասխանատու առաքելություն է իրականացնում: Փոքրիկներին փրկելու և ապաքինելու աշխատանքն իրականացվում է շուրջօրյա արտագնա վերակենդանացման բրիգադների միջոցով, որոնք տարեկան ավելի քան 700 կանչ են ստանում:

Ամենագնաց ռեանիմոբիլները նորածիններին փրկելու նպատակով ուղևորվում են հեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհներ: Սյունիք, Գյումրի, Տավուշ կամ ցանկացած այլ հեռավոր վայր ուղևորվելիս՝ բժշկական թիմի գլխավոր նպատակն է օպերատիվ օգնություն ցուցաբերել կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով երեխաների միջազգային օրվա առթիվ՝ երեխաների մասին 365 օր հոգ տանելու և նրանց առողջություն և լիարժեք կյանք պարգևելու համար առանձակի շնորհակալություն հայտնեց համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմին:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու և մասնագիտացված բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 90 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել փոքրիկների կյանքը:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն էլ ընդգծեց, որ համալսարանական հիվանդանոցն ի տարբերություն այլ բժշկական հաստատությունների միաժամանակ մի քանի գործառույթ է իրականացնում; Այստեղ կազմակերպվում են ոչ միայն բուժական, այլև գիտամանկավարժական և կրթական աշխատանքներ:

Նշենք, որ հիվանդանոցային համալիրը բուժօգնություն է տրամադրում առողջական ամենատարբեր, այդ թվում ուռուցքաբանական խնդիրներ ունեցող երեխաներին: Տարեկան այստեղ ստացիոնար պայմաններում բուժօգնություն է ստանում 0-ից 18 տարեկան 9000-ից ավելի երեխա:

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայում տեսողական խնդիրներ ունեցող մանուկների համար ևս Արտ-թերապիայի սենյակում տոնական միջոցառում էր կազմակերպվել: Փոքրիկները բուհի և այլ աջակիցների կողմից նվերներ ստացան: