«Հերացի» վերլուծականը պարբերաբար անդրադառնում է առողջ ապրելակերպի կարևորությանը, քանի որ այն մարդու առողջության ձևավորման կարևորագույն բաղադրիչներից մեկն է:
Երկար ժամանակ պարզ չէր, թե քայլելու ինչպիսի արագություն է անհրաժեշտ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը նվազեցնելու համար, և միայն վերջերս կատարված` իր տեսակի մեջ առաջին գլոբալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համեմատաբար արագ քայլքը կապված է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման զգալիորեն ցածր ռիսկի հետ:
2-րդ տիպի դիաբետն աշխարհում առողջության հիմնական սպառնալիքներից մեկն է, և վերջին երեք տասնամյակների ընթացքում դրա տարածվածությունը կտրուկ աճել է` համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների:
Ավելի քան 537 միլիոն մարդու մոտ կա ախտորոշված շաքարային դիաբետ, բայց գնահատվում է, որ այն շատ ավելի մեծ թվով մարդկանց մոտ է առկա, որոնք, սակայն, տեղյակ չեն այդ մասին: Հիվանդությունը կուրության, երիկամների անբավարարության, սրտի կաթվածի, ինսուլտի և ստորին վերջույթների անդամահատման հիմնական պատճառ է հանդիսանում:
Հետազոտողները տարիներ շարունակ փորձել են ապացուցել, որ քայլելը, և դրա հաճախակի բնույթը կապված է 2-րդ տիպի դիաբետի զարգացման համեմատաբար ցածր ռիսկի հետ: Այնուամենայնիվ, մինչ վերջերս անհասկանալի էր, թե քայլելու որ արագությունն է անհրաժեշտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:
Ներկայումս ամբողջ աշխարհում կատարված ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ակտիվ քայլելը կամ արագ քայլքը ավելի է նվազեցնում 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը, քան դանդաղ տեմպերով քայլելը: Առկա ապացույցների համակցված վերլուծությունը առցանց հրապարակվել է բրիտանական սպորտային բժշկության ամսագրում:
Հետազոտողները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր քայլում են ավելի արագ, քան 3 կմ/ժամում, ավելի քիչ հավանական է, որ զարգանա այս հիվանդությունը, իսկ նրանք, ովքեր ունեն ավելի քան 6 կմ/ժամ արագության քայլք 39%-ով նվազեցնում են իրենց մոտ հիվանդության առաջացման ռիսկը:
Չնայած հայտնի է, որ ֆիզիկական ակտիվությունը կապված է 2-րդ տիպի դիաբետի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, Լոնդոնի Կայսերական քոլեջի, Իրանի Առողջապահական գիտությունների համալսարանի և Նորվեգիայի Օսլոյի համալսարանական քոլեջի հետազոտողները ցանկանում էին պարզել քայլելու օպտիմալ արագությունը:
Թիմը ուսումնասիրել է 1999-2022 թվականներին հրապարակված 10 ուսումնասիրություններ, որոնք ներառում էին 3-ից 11 տարվա ժամանակահատված: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ներառում էր 508.121 մեծահասակ պացիենտ Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից:
Ըստ ուսումնասիրության արդյունքների` 3 կմ/ժ-ից պակաս արագությամբ քայլելու հետ համեմատ 3-5 կմ/ժ արագությամբ քայլելը ասոցացվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի 15%-ով նվազեցված ռիսկի հետ՝ անկախ քայլելու վրա ծախսված ժամանակից:
Իսկ 5-6 կմ/ժ արագությամբ բավականին արագ քայլելը նվազեցնում է հիվանդության ռիսկը 24%-ով, ինչպես նաև այն կարող է նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը:
Նրանք, ովքեր քայլել են ավելի քան 6 կմ/ժամ արագությամբ, 39%-ով ապահովել են իրենց մոտ այս հիվանդության զարգացման ռիսկից:
«Չնայած քայլելու ընդհանուր տևողությունը մեծացնելու առկա ռազմավարությունները օգտակար են, ավելի խելամիտ է խրախուսել մարդկանց համեմատաբար արագ քայլել՝ առողջության վրա ազդող օգուտներն էլ ավելի մեծացնելու համար»,-նշել են հետազոտողները:
Հետազոտողները նաև գնահատել են, որ քայլելու ավելի բարձր արագություն ունեցող մարդիկ, ամենայն հավանականությամբ, լավ ֆիզիկական վիճակում կլինեն, ավելի շատ մկանային զանգված և ավելի լավ ընդհանուր առողջություն կունենան:
Քայլելու արագությունը ընդհանուր առողջության կարևոր ցուցանիշ է և ֆունկցիոնալության հիմնական ցուցանիշ:
Քայլելու ավելի բարձր արագությունը կապված է սրտանոթային շնչառության ավելի լավ պատրաստվածության և մկանների ուժի հետ, որոնք կապված են դիաբետի առաջացման ռիսկի հետ, բացի այդ արագ քայլելը օգտակար է քաշի կորստի համար, ինչը օգնում է բարելավել ինսուլինի արտազատման պրոցեսը:
«Քայլելն անվճար է, հեշտ և մարդկանց մեծամասնության համար կարող է ներառվել սովորական գործողությունների մեջ, ինչպիսիք են աշխատանքի գնալը, գնումներ կատարելը և ընկերներին այցելելը»-նշել են մասնագետները:
Չնայած առողջական վիճակը բարելավելու համար սովորաբար խորհուրդ է տրվում անցնել ավելի արագ տեմպով քայլքի, կարևոր է, որ մարդիկ քայլեն այն տեմպերով, որը կարող են՝ ելնելով ֆիզիկական կարողություններից, և որը նպատակահարմար են գտնում իրենց համար:
Նյութի համար հիմք է հանդիսացել վերջերս բրիտանական “The Guardian” պարբերականում հրապարակված հոդվածը: