Նոյեմբերի 8-ին աշխարհի բժշկական ոլորտի պատկերային հետազոտությունների մասնագետները կնշեն ռադիոլոգիայի 11-րդ միջազգային օրը:
Ամենամյա միջոցառումը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը ճառագայթաբանության կարևորության մասին, որը նպաստում է պացիենտների անվտանգ խնամքի ապահովմանը, ինչպես նաև բարելավել հասարակության կարծիքը առողջության պահպանման շարունակական գործընթացում ռադիոլոգների և ռադիոգրաֆների կենսական դերի վերաբերյալ և մեկ անգամ ևս մատնանշել ճառագայթաբանության էական ազդեցությունը բժշկության վրա, այն է` ավելի վաղ ախտորոշում, ավելի քիչ վիրահատություններ և բուժման էական արդյունքներ:
Ռադիոլոգիայի համաշխարհային օրը 2012 թվականից ի վեր նշվում է ամեն տարի նոյեմբերի 8-ին, քանզի օրը խորհրդանշում է 1895 թվականին Վիլհելմ Ռենտգենի կողմից ռենտգեն ճառագայթի հայտնաբերումը:
Այն ընդգծում է ռադիոլոգների և առողջապահության այդ ոլորտի մասնագետների արժեքավոր աշխատանքը, ովքեր օգտագործում են պատկերման տեխնոլոգիաներ՝ ախտորոշելու հիվանդությունների լայն սպեկտոր՝ կոտրվածքներից մինչև բարդ հիվանդություններ:
Օրը լավ առիթ է նաև ճառագայթաբանությունը որպես մասնագիտություն խթանելու համար, որպես կարևոր ներդրում ժամանակակից առողջապահության ոլորտում և որպես ախտորոշիչ պատկերման և ճառագայթային թերապիայի վերաբերյալ հասարակության իրազեկությունը բարձրացնելու հնարավորություն:
Մասնագիտության զարգացումը` իր պատկերային տեխնոլոգիաներով, փոխկապակցված լինելով արհեստական բանականության զարգացման հետ, համարվում է առողջապահական ոլորտի հետագա զարգացման գրավականը:
Օրինակ` վերջերս Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունների հիման վրա մի շարք մասնագետներ եկել են այն եզրահանգմանը, որ արհեստական բանականության կիրառումը պատկերային հետազոտությունների ժամանակ բազմաթիվ ձեռքբերումների կհանգեցնի հետազոտությունների ոլորտում: Լոնդոնի Royal Marsden ուռուցքաբանական հիվանդանոցում 170 պացիենտների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքներ են ուսումնասիրվել՝ հետորովայնային սարկոմայի երկու ամենատարածված ձևերով՝ լեյոմիոսարկոմա և լիպոսարկոմա: Օգտագործելով սկանավորման տվյալները՝ մասնագետները ստեղծել են արհեստական բանականության ալգորիթմ, որն այնուհետև փորձարկվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում 89 պացիենտների մոտ:
Տեխնոլոգիան ճշգրտորեն որոշել է ուռուցքի ագրեսիվության աստիճանը դեպքերի 82%-ում, մինչդեռ բիոպսիան ճշգրիտ էր եղել դեպքերի 44%-ում: Արհեստական բանականությունը նաև կարողացել էր տարբերակել լեյոմիոսարկոման լիպոսարկոմայից` փորձարկված սարկոմաների 84%-ում, մինչդեռ ռադիոլոգները կարողացել էին դեպքերի միայն 35%-ի մոտ նկատել տարբերությունը:
Ժամանակակից աշխարհում ռադիոլոգիան ախտորոշման և բուժման անբաժանելի մասն է։ Այն օգտագործվում է բժիշկների, անասնաբույժների և ատամնաբույժների կողմից՝ հիվանդությունները ախտորոշելու, վիրահատություններ պլանավորելու, ոսկրային կառուցվածքը հետազոտելու և օրգանիզմում նորագոյացություններ հայտնաբերելու համար՝ առանց ինվազիվ ընթացակարգերի կամ հետազոտական վիրաբուժության անհրաժեշտության: Այն բժիշկներին թույլ է տալիս արագորեն հայտնաբերել հնարավոր խնդիրները՝ նախքան դրանց լուրջ առողջական խնդիրների վերածվելը: Օրինակ՝ կրծքավանդակի ռենտգենը կարող է վաղ հայտնաբերել քաղցկեղը, որն այլապես աննկատ կմնար, քանի դեռ վաղ փուլում էր: Այն օգնում է ապահովել հիվանդների անվտանգությունը, ինչպես նաև ընձեռնում է նրանց բուժման ավելի մեծ հնարավորություններ:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների համապատասխան բաժիններում, շուրջ 35 մասնագետների կողմից տարիներ շարունակ բնակչությանը մատուցվում են համապատասխան ճառագայթային ախտորոշիչ ծառայություններ, մասնավորապես` ռենտգենոգրաֆիա, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա և այլն: 2022թ.-ին երկու հիվանդանոցային համալիրներում կատարվել են ավելի քան 43.500 ռենտգեն հետազոտություն, 41.500 սոնոգրաֆիա, 12.500 համակարգչային շերտագրություն, շուրջ 3000 մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա և 1311 կորոնարոգրաֆիա:
Շնորհավորում ենք բոլոր ռադիոլոգներին մասնագիտական օրվա առթիվ` ցանկանալով ուժ ու եռանդ իրենց կարևոր և պատասխանատու գործում: