Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմաբժշկական ֆակուլտետի 2 կուրսանտ ուսումը կշարունակի Հունաստանում

Ռազմաբժշկական ֆակուլտետի 2 կուրսանտ ուսումը կշարունակի Հունաստանում

Բժշկական բուհի Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներ Գրիգոր Գևորգյանը և Արսեն Մարտիրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընտրվել են ուսումը Հունաստանում՝ Սալոնիկի մարտական աջակցության սպաների ռազմական ակադեմիայում և Արիստոտելյան համալսարանում շարունակելու համար։  

19-ամյա Գրիգորի խոսքով՝ առաջին անգամ իրականացվող ծրագիրն ընձեռում է եվրոպական կրթություն ստանալու եզակի հնարավորություն։ «Սա մեզ համար զարգանալու, լավ մասնագետ դառնալու և աշխարհայացք փոխելու հիանալի հնարավորություն է։ Մեր երկրի անունը բարձր կպահենք և գիտելիքներով լի կվերադառնանք հայրենիք», – վստահեցնում է ապագա ռազմական բժիշկը։  

Զինվորական գործը Գրիգորը շատ շուտվանից է սիրել։ «Փոքր տարիքում Երկրապահ կամավորականների միության անդամ եմ եղել, սովորել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Չէի պատկերացնում ինձ առանց համազգեստի։ Զինվորականի և բժշկի մասնագիտություններն ամենաբարդն ու ամենապատասխանատուն են, իսկ ռազմական բժշկի մասնագիտությունը կրկնակի բարդ և պատասխանատու է», – ընդգծում է կուրսանտը։

20-ամյա Արսենը սկզբում որոշել էր զինվորական դառնալ, հետագայում ծնողների հորդորով հետաքրքրվեց նաև բժշկությամբ և վերջնականապես որոշեց դառնալ հենց ռազմական բժիշկ։

Հունաստանում ուսանելու ծրագրին նա մասնակցում է եվրոպական փորձը ձեռք բերելու և մեր երկրին օգտակար լինելու ձգտումով։ «Եվրոպական կրթության որոշակի փորձ արդեն ունեմ․ 5 տարի սովորել եմ գերմանական դպրոցում, տիրապետում եմ գերմաներենին։ Ծրագրի շնորհիվ կսովորեմ ևս մեկ օտար լեզու՝ հունարեն, ինչպես նաև կբարելավեմ անգլերենի իմացությունը», – ասում է Արսենը։

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի փոխանցմամբ՝ տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Չինաստանում և արդեն Հունաստանում սովորած ուսանողների և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում ուսանած կուրսանտների շնորհիվ կունենանք հագեցած տեղեկատվություն, որը կարող ենք ներդնել հայկական բանակում։ «Քանի որ բուհի ծրագրերը համապատասխանեցվում են միջազգային ծրագրերին, իսկ Հունաստանի ծրագրերն արդեն իսկ համապատասխանեցված են դրանց, այս առումով ծրագիրը ևս մեկ քայլ առաջ է մեր երկրի ռազմական կրթության ոլորտում։ Միջպետական պայմանագրով Հունաստանը՝ որպես բարեկամական երկիր, ընձեռել է նման հնարավորություն։ Վստահ եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական», – եզրափակում է Վարդան Ծատուրյանը։