Սեպտեմբերն ամբողջ աշխարհում մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է և խորհրդանշվում է ոսկե ժապավենով: Միջազգային արշավի նպատակն է բարձրացնել մանկական քաղցկեղի աջակցության, ֆինանսավորման և իրազեկվածության մակարդակը:
Մանկական քաղցկեղը մինչև 14 տարեկան երեխաների մահացության հիմնական պատճառն է։
Մանկական քաղցկեղը կործանարար է երեխաների աճի և զարգացման, ինչպես նաև նրանց ընտանիքների և ընկերների համար: Այն դեպքում, երբ երեխաները պետք է կենտրոնանան դպրոցի, խաղի և հասակակիցների հետ շփման վրա, քաղցկեղի ախտորոշման պարագայում նրանց ուշադրությունը կենտրոնանում է դեղորայքի և վիրահատությունների վրա:
Քաղցկեղի որոշ ձևեր հիմնականում կամ բացառապես նկատվում են միայն երեխաների մոտ: Երեխաները կարող են ավելի դիմացկուն լինել քաղցկեղի և քաղցկեղի բուժման նկատմամբ, քան մեծահասակները։ Կան բազմաթիվ հաղթանակների և ամբողջական վերականգնման դեպքեր, երբ երեխաները լիովին ապաքինվում են և շարունակում ապրել նորմալ կյանքով:
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80–100 նոր դեպք: Տարածվածությամբ առաջին տեղը զբաղեցնում են լեյկեմիաները, այնուհետև՝ գլխուղեղի ուռուցքները, լիմֆոմաները, ոսկրային ուռուցքները, նեյրոբլաստոման:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում այսօր առողջանում է քաղցկեղով հիվանդ երեխաների 80%-ը, այսինքն՝ 5 հիվանդից 4-ն առողջանում է, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջանում է երեխաների միջինում 20%-ը, այսինքն՝ 5 հիվանդից 1-ը: Հայաստանը, լինելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների շարքում, մանկական ուռուցքաբանության տվյալներով մոտ է զարգացած երկրներին: Ըստ մեր երկրի արդյունքների՝ Հայաստանում առողջանում է քաղցկեղով հիվանդ երեխաների 70–75%-ը։