Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեռական և վերարտադրողական առողջության՝ հաճախ «չքննարկվող» թեման՝ ուշադրության կենտրոնում

Սեռական և վերարտադրողական առողջության՝ հաճախ «չքննարկվող» թեման՝ ուշադրության կենտրոնում

Յուրաքանչյուր տարի՝ սեպտեմբերի 4-ին, նշվում է Սեռական առողջության օրը։ Այն ընդգծում է մարդու սեռական և վերարտադրողական առողջության և բարեկեցության իրավունքը, այդ թվում նաև՝ իրազեկված որոշումներ կատարելու վերաբերյալ: Այս տարվա կարգախոսը «Համաձայնություն» է՝ ի նշան համաձայնության և փոխադարձ հարգանքի կարևորության գիտակցության, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին:

Սեռական առողջությանն առնչվող հարցերը հաճախ դասվում են «չքննարկվող» թեմաներին: Դրանց մասին խուսափում են խոսել ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում՝ այսպիսով նպաստելով խնդրի վերաբերյալ տարաբնույթ ոչ ստույգ, իսկ հաճախ նաև վտանգավոր տեղեկատվության և վարքագծային կանոնների տարածմանն ու ամրապնդմանը բնակչության և հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:

Անշուշտ, սեռական առողջությունը պետք է դիտարկել տվյալ միջավայրի մշակութային, սոցիալական և տնտեսական համատեքստերում: Այնուամենայնիվ, մարդու սեռական առողջության վերաբերյալ գոյություն ունեն մի շարք համընդհանուր մոտեցումներ, մասնավորապես՝

  • սեռական առողջությունը կապված է բարեկեցության, այլ ոչ միայն հիվանդության բացակայության հետ,
  • սեռական առողջությունը ներառում է հարգանք, անվտանգություն, խտրականության և բռնության բացառում,
  • սեռական առողջությունը կապված է մարդու որոշակի իրավունքների պահպանման հետ,
  • սեռական առողջությունը կարևոր է անհատի ամբողջ կյանքի ընթացքում, ոչ միայն վերարտադրողական տարիքում գտնվողների, այլև երիտասարդների և տարեցների համար։

Սեռական առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, որոնք իրենցից ներկայացնում են հանրային առողջության լուրջ սպառնալիք: Այսպես, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ամեն օր մարդկանց շրջանում արձանագրվում է ավելի քան 1 միլիոն սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (սեռավարակներ) նոր դեպքեր, որոնք հաճախ ունեն անախտանիշ ընթացք։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է վարակման մոտ 374 միլիոն նոր դեպք, բուժելի 4 սեռավարակներից 1-ով՝ քլամիդիա, գոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնիազ:

Սեռավարակներն ուղղակիորեն ազդում են սեռական և վերարտադրողական առողջության վրա՝ առաջացնելով խարան, անպտղություն, քաղցկեղ, հղիության բարդություններ, ինչպես նաև կարող են մեծացնել ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը:

Միևնույն ժամանակ, սեռավարակների վերաբերյալ ներպետական տվյալները հնարավորություն չեն տալիս իրական պատկերացում կազմել խնդրի արդիականության և տարածվածության վերաբերյալ, ինչն էլ, իր հերթին, չի նպաստում մարդկանց սեռական առողջության մասին օբյեկտիվ պատկերի ձևավորմանը և ըստ անհրաժեշության ռազմավարական ծրագրերի նախաձեռնմանն ու իրականացմանը:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ընդամենը 33 դեպք, իսկ այս տարվա 6 ամսվա ընթացքում՝ 7:

Պաշտոնական վիճակագրության փոքր թվերի հետ մեկտեղ, մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարակներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Պետք է հիշել, որ սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող է հայտնվել ինչպես սեփական, այնպես էլ ընտանիքի անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ամուսիններն արտագնա աշխատանքից վերադառնում են ու հաճախ վարակում իրենց կանանց: Ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:

Մեկ այլ խնդիր է սեռավարակների «երիտասարդացումը»: Իրական է նաև այն տեսակետը, որ սեռավարակները «երիտասարդանում են», այսինքն՝ շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ են դրսևորվում, քան, օրինակ, երկու-երեք տասնամյակ առաջ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, այսօրվա ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով:

Այսօր սեռավարակները 30-ից ավելի են: Դրանց մի մասը կարող են առաջացնել ուրետրալ ախտանիշներ՝ հաճախամիզություն, ցավեր միզելիս, միզարձակման խանգարումներ, դժվարամիզություն, մի մասը՝ արտադրություն, քոր, դիսկոմֆորտ, բորբոքումներ, անպտղություն:

Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր և պտղի համար: Օրինակ՝ ցիտոմեգալովիրուսը, հերպեսը: Որոշ սեռավարակներ, չունենալով կլինիկական դրսևորումներ մոր մոտ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար, հանգեցնել ինքնաբեր վիժման, հղիության զարգացման կասեցման, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակվածության:

Ինչպես արդեն նշվել է, սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Ավելին՝ անախտանիշ ընթացող սեռավարակները ևս կարող են առաջացնել բարդություններ: Բոլոր սեռավարակները գործնականորեն բուժելի են, եթե ախտորոշվել են ժամանակին, և բուժումն իրականացրել են համապատասխան մասնագետները:

ԵՊԲՀ գիտնականների հետազոտությունները պարզել են, որ Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է շուրջ 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝  նախկին 19-ի փոխարեն։

Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:

COVID-19-ը ազդեցություն է թողել նաև սեռական և վերարտադրողական առողջության վրա: Բժշկական համալսարանի մասնագետների հետազոտություննեը պարզել են, որ կորոնավիրուս կրած պացիենտների զգալի մասն ունի  սեռական զանազան խնդիրներ՝ սեռական ցանկության նվազում, սեռական գրգռման խանգարում և այլն։ Դա պայմանավորված է նրանով, որ հիվանդության ժամանակ գրեթե միշտ իջնում է գլխավոր սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը, որն արտադրվում է ամորձիներում։ Խնդիրն այն է, որ կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամորձիներում, ինչը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Վիրուսը կարող է ամորձիներում ավելի երկար մնալ, քան այլ օրգաններում։ Արդյունքում ամորձիները դառնում են յուրատեսակ «պահեստարաններ», որտեղ վարակը պահպանվում է և կարող է  առաջացնել օրխիտ՝ ամորձիների բորբոքում, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի տեստոստերոնի նվազման,  իսկ դա պահանջում է սեքսոլոգիական բուժօգնություն։

Տղամարդիկ, որոնք հիվանդանցել են COVID-19-ով, պետք է ձեռնպահ մնան երեխա պլանավորելու փորձից առնվազն 3 ամիս։ Դա բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամորձիներում, որտեղ արտադրվում են սերմնաբջիջները։ Այս փաստը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Վիրուսը կարող է ամորձիներում ավելի երկար մնալ, քան այլ օրգաններում։ Արդյունքում ամորձիները դառնում են յուրովի «պահեստարաններ», որոնց շնորհիվ վարակը պահպանվում է։ Վարակը կարող է  առաջացնել ամորձիների բորբոքում՝ օրխիտ, ինչն էլ, իր հերթին, կարող է տղամարդու մոտ հանգեցնել սերմնաբջիջների քանակի և որակի նվազման:

Կարևոր է նշել, որ COVID-19 վարակից հետո սերմնահեղուկի որակը նպատակահարմար է գնահատել ապաքինվելուց երեք ամիս հետո։ Ինչու՞ երեք ամիս։ Որովհետև սերմնահեղուկն ամբողջությամբ ձևավորվում և թարմացվում է երեք ամսվա ընթացքում (75-80 օր)։

Ժամանակակից միտումներից է վիրտուալ սեքսը։ Վերջին ժամանակներս համացանցն այնքան է մտել մեր կյանք, որ դժվար է պատկերացնել այժմ կյանքն առանց դրա: Այդ պատճառով այն չէր կարող չազդել նաև մարդկանց նեղ անձնային և սեռական կյանքի վրա: Վիրտուալ սեքսի տարածվածությանը նպաստող պատճառներից է սեփական սեռական հարաբերություններում անբավարարվածություը, կամ ուժեղ սեռական ցանկությունը, որը դժվար է իրականացնել իրական կյանքում: Մյուս պատճառը հետաքրքրասիրությունն է` նոր գիտելիքների ձեռքբերումը: Էրոտիկ կայքերն առաջարկում են տարբեր տեսակի խաղալիքների, ստիմուլյատորների, աքսեսուարների առաքում: Ինչպես նաև կարելի է համացանցից իմանալ տարբեր դիրքերի, տարբեր ձևերի մասին, ծանոթանալ Կամասուտրային:

Ինչպես գիտենք, սեռական դաստիարակության բացթողումների կամ բացակայության պատճառով դեռահասների զգալի մասը հետաքրքրող հարցերի պատասխանները փնտրում է համացանցում՝ այցելելով համապատասխան բնույթի կայքեր։ Արդյունքում առաջանում է հետաքրքրություն, իսկ հետո՝ կախվածություն պոռնոգրաֆիկ նյութերից։ Ձևավորվում է վիրտուալ սեքսով զբաղվելու ցանկություն, քանի որ վիրտուալ կյանքում ամեն ինչ հեշտ է տրվում։

Շատ դեպքերում նույնիսկ ծնողներն են բարձրաձայնում, որ սեփական երեխայի հետ շփումը բարդացել է, չի հաջողվում, քանի որ համացանցի ազդեցության հետևանքով երեխան ձեռք է բերել անկառավարելի վարքագիծ։

Ժամանակակից հասարակությունում նպատակահարմար է ոչ թե խուսափել «արգելված» թեմաներից, որոնց շարքին հաճախ դասվում է սեռական և վերարտադրողական առողջությունը, այլ հակառակը՝ աշխատել բնակչության հետ ստեղծել առողջ, առողջապահական հարցերում լավ կողմնորոշվող և սեփական առողջությանը հոգատարությամբ վերաբերվող հասարակություն: