Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է:
Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անքակտելի մասն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը և պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում, սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։
Այս տարի Սեռական առողջության համաշխարհային օրվա թեման է «Համաձայնություն»՝ գիտակցելով համաձայնության և փոխադարձ հարգանքի կարևորությունը, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին: Սեռական առողջության խնդիրների դեպքում պետք է դիմել սեքսոպաթոլոգի։
Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը նշում է՝ սեքսոպաթոլոգի դիմում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ, ժողովրդական լեզվով ասած, իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեռական աններդաշնակության հարցեր և այլն: Կանայք դիմում են հետևալ խնդիրներով՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն և այլն: Եղեք առողջ և տեղեկացված: