Ապագա մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սարգսյանին հանդիպեցինք հերթապահության ընթացքում: Կլինիկական օրդինատորին այս ուսումնական տարի ևս մեկ կարևոր առաքելություն բաժին հասավ` պատվով ու պատասխանատվությամբ լինել պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի անվան կրթաթոշակառու:
Բժշկական բուհում այս կրթաթոշակը սահմանվեց 2023 թվականին համալսարանի և Բեգլարյանների ընտանիքի կողմից` ի պատիվ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի նախկին երկարամյա վարիչ, պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի:
«Կրթաթոշակառու դառնալու համար առկա էին թե՛ Գիտական խորհրդի, թե՛ ամբիոնի կողմից առաջադրված մի շարք պայմաններ, այդ թվում առաջին տարվա ուսումնառության ամփոփիչ քննությունների արդյունքները, բարձր առաջադիմություն, օտար լեզվի իմացություն, այլ ենթակետեր: Շատ ոգևորված էի, երբ իմացա, որ այն ինձ է տրվելու»,-տպավորություններն է փոխանցում ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած ուսանողը, որը բժիշկ լինելու մասին մանկուց է երազել.
«Չեմ հիշում մի ժամանակաշրջան, երբ այլ մասնագիտության մասին մտածած լինեմ: Հոգով մանկաբարձ-գինեկոլոգ եմ և այլ նեղ մասնագիտություններրի մասին իմ դեպքում խոսք լինել չէր կարող»:
Ի սկզբանե նա համալսարան ընդունվել է հենց այդ նպատակով, որ դառնա մանկաբարձ-գինեկոլոգ` հանրությանը, հայ հասարակությանը օգտակար լինելու ցանկությամբ:
Այժմ օրդինատուրայի երկրորդ տարում, հետադարձ գնահատելով ուսումնառությունը, նշում է, որ բժշկական կրթության սկզբնական վեց տարիները հիմնականում տեսական գիտելիքների ամրապնդման համար են, իսկ հետբուհական կրթության ժամանակ շեշտադրվում է պրակտիկ գործունեությունը, երբ սովորողին բժշկի կողքին աշխատելու հնարավորություն է տրվում:
Ուրախ է, որ «Բեգլարյան» բժշկական կենտրոնում օրդինատորներին տրված են պրակտիկ շատ հնարավորություններ, ինչը, նրա գնահատմամբ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմինե Հարությունյանի գլխավորությամբ բժշկական թիմի յուրաքանչյուր անդամից գիտելիքը, մասնագիտական կարողությունները, մարդկային դրական հատկանիշները վերցնելու առիթ են ստեղծում:
Լիլիթ Սարգսյանը նկատում է, որ իրեն առավել շատ մանկաբարձության մեջ է տեսնում, սա հասկացել է իր տեսած առաջին բնական ծննդաբերության ընթացքում, նորածնի առաջին ճիչին զուգահեռ:
Համալսարանական տարիներին ևս այս առարկան ուսուցանելիս որպես ուսանող համակուրսեցիների հետ մասնակցել է վիրահատությունների, ծանոթացել հղիության վարման առանձնահատկություններին:
Ժամանակի ճիշտ բաշխումը նա կարևորում է ոչ պակաս, քան շարունակական զարգացումը: Տեսության և պրակտիկայի ճիշտ համադրումն այն է, ինչ պետք է ապագա նեղ մասնագետին արդյունքի հասնելու համար:
Հերթապահությունները բժշկական հաստատություններում թեև ժամանակի մեծ մասն են խլում, բայց ազատ ժամերին արդի գրականության հետ հաղորդակցումը ևս երիտասարդ բժշկի առաջ լայն ուղիներ են բացում:
Կեսարյան հատո՞ւմ, թե՞ բնական ծննդաբերություն. Լիլիթի մոտ սերնդի առաջ պատասխանատվության մեծ զգացում են առաջացնում:
«Այս մասնագիտությունն այն եզակիներից է, որի ընթացքում գործը միաժամանակ երկու կյանքի` պտղի և մոր համար է: Այս գործում կարևոր է սիրով մոտենալ աշխատանքին, նաև հոգեբան լինել՝ ծննդկանին գրագետ բժշկական օգնություն տրամադրելու համար»,- մանրամասնում է համալսարանականը, ով ակտիվ մասնկացում է հանրապետական կոնֆերանսների:
2023 թվականի դեկտեմբերի վերջին «Բեգլարյանական ընթերցանության օրեր» միջոցառման շրջանակում «Մանկաբարձությունը և գինեկոլոգիան երիտասարդ բժիշկների տեսանկյունից» խորագրով գիտաժողովի ակտիվ մասնակիցն էր, ներկայացրել է էնդոմետրիոզի նոր ժամանակակից դասակարգման թեման:
«Երբ մենք ուսանողներ էինք, մեզ հաճախ էին ասում կարդացեք, շատ կարդացեք, ինչը մի քիչ խորթ էր թվում, սակայն այժմ որպես շրջանավարտ վստահ եմ, որ կարդալը մեծ դեր ունի, հատկապես ապացուցողական բժշկության հիմունքներին վերաբերող հավաստի գրականություն»,- շեշտում է սովորողը:
Հայրենիքում աշխատելով առաջիկայում նա պատրաստվում է առաջին հերթին հօգուտ պացիենտների համալրել բժշկագիտության այս հետաքրքիր ու կարևոր ուղղությունը` զարգացնելով առկա ներուժը, ձգտելով ավելիին: