«Հերացի» վերլուծականը շարունակում է ոչ վարակիչ հիվանդություններին (այսուհետ՝ ՈՎՀ) վերաբերվող հրապարակումների ցանկը: Ներզատական (էնդոկրին) համակարգի հիվանդությունների կառուցվածքում առաջատար տեղն է զբաղեցնում շաքարային դիաբետը (այսուհետ՝ ՇԴ)՝ որն ներկայում հանդիսանում է մարդկանց առողջության հիմնական սպառնալիքներից և առողջապահական համակարգի կարևոր գերակա խնդիրներից մեկը: ՇԴ-ը (diabetes mellitus)` քրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է օրգանիզմում ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարությունը, որն հանգեցնում է նյութափոխանակության, հիմնականում, ածխաջրային փոխանակության խանգարումների:
Գույություն ունեն ՇԴ երկու տեսակ. I տեսակի ՇԴ` աուտոիմուն հիվանդություն է, որն հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրման քանակի նվազմանը: Ինչպես հայտնի է, ինսուլինը հորմոն է, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ I տեսակի ՇԴ-ը առավել հաճախ զարգանում է երեխաների և երիտասարդների մոտ, կարող է ունենալ ժառանգական բնույթ: II տեսակի ՇԴ` նյութափոխանակության խանգարում է, որի դեպքում օրգանիզմի բջիջները դառնում են ոչ զգայուն ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինի նկատմամբ: Հիվանդների շուրջ 90-95%-ը ունեն II տեսակի ՇԴ, այն հիմնականում զարգանում է մեծահասակների մոտ (>40 տ.), սակայն ճարպակալման և ցածր ֆիզիկական ակտիվության պատճառով վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի է հաճախ է զարգանում նաև երիտասարդների մոտ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, 1980-2014թթ. ժամանակահատվածում շաքարային դիաբետ ունեցողների թիվը գրեթե քառապատկվել է՝ 108 միլիոնից հասնելով 422 միլիոնի (երկրագնդի բնակչության 8.5%): Կանխատեսումները վկայում են, որ հիվանդության այսպիսի աճի դեպքում 2030թ.-ին պացիենտների թիվը կհասնի 552 մլն.:
Դիաբետ ունեցողների 80% բնակվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Հիվանդության իրական տարածվածությունը շատ ավելի բարձր է, քանզի դեպքերից շատերը մնում են չախտորոշված:
Ներզատական հիվանդություններից շատերը, այդ թվում նաև դիաբետը, համարվում են քաղաքակրթության հիվանդություններ: Համաձայն գիտնականների՝ ՇԴ ունեցող պացիենտների թվի շարունակական աճը պայմավավորված է բնակչության ծերացմամբ, ուրբանիզացիայով, ճարպակալման տարածվածությամբ և նստակյաց ապրելակերպով:
ՇԴ-ի զարգացման գործում մեծ դեր են խաղում նաև ժառանգական նախատրամադրվածությունը, սթրեսը, նյութափոխանակության հետ կապված խնդիրները, ոչ բալանսավորված սնունդը, ինչպես նաև արյան շրջանառության հիվանդությունները:
Դիաբետի բարդությունների պատճառով յուրաքանչյուր տարի աշխարհում կատարվում է ստորին վերջույթների ավելի քան 1 միլիոն ամպուտացիա, ավելի քան 300 հազար մարդ կուրանում է, գրեթե 500 հազարի մոտ առաջանում են երիկամային բարդություններ:
ՇԴ տարածվածությունը, նրա հետ կապված հաշմանդամությունը և մահացությունը կարևորագույն հիմնախնդիր են նաև Հայաստանում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբեդի առաջնակի հիվանդացության և տարածվածության ցուցանիշների կայուն աճ: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2022 թվականի բնակչության 15 և բարձր տարիքային խմբում գրանցվել է 11324 ՇԴ նոր դեպք, որը 6,2 անգամ ավելին է, քան 1995 թվականին:
Հիվանդացության զգալի աճ է գրանցվել նաև երեխաների շրջանում: Այսպես, 2022 թվականին հիվանդության նոր դեպքերի թիվը գրեթե եռապատկվել է 1995 թվականի համեմատ հասնելով 133-ի:
Յուրաքանչյուր տարի արձանագրվում է ՇԴ ապրող մարդկանց թվի աճ: Նախորդ տարվա տարեվերջի դրությամբ Հայաստանում 115087 մարդ ուներ ՇԴ, համեմատության համար նշենք, որ 1995 թվականին համանուն ցուցանիշը կազմում էր ընդամենը 36234:
ՇԴ մահերը, 2022 թվականի տվյալներով ընդհանուր մահացության կառուցվածքում կազմում են 1.4%:
Միևնույն ժամանակ, ներկայում ՇԴ հաճախ դիտարկվում է որպես կենսակերպ, քանի որ վերջինի վաղ հայտնաբերման և արդյունավետ կառավարման պայմաններում հնարավոր է ապրել լիարժեք կյանքով՝ որակապես կրճատելով բարդությունների հավանականությունը:
Այդ նպատակով, բացի առողջ ապրելակերպ վարելուց, խորհուրդ է տրվում պարբերաբար հաճախել Ձեր ընտանեկան բժշկին/թերապևտին, ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, առավել ևս, որ 2015 թվականից Հայաստանում գործում է շաքարային դիաբետի սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում 35-68 տարիքային խմբի ներկայացուցիչները կարող են անցնել անվճար հետազոտություն: Ընդ որում ծրագրի շրջանակներում շուրջ 1 միլիոն մարդ արդեն հետազոտվել է ՇԴ կապակցությամբ: