Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շարունակական մասնագիտական զարգացումը միայն 3 բառ չէ, ապրելակերպ է․ Կուրդ Բոլլեն

Շարունակական մասնագիտական զարգացումը միայն 3 բառ չէ, ապրելակերպ է․ Կուրդ Բոլլեն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Միացյալ Թագավորության Բիրմինգեմ քաղաքի Ալստերի համալսարանի բժշկության և ստոմատոլոգիայի քոլեջի պրոֆեսոր, Մանչեստերի Tipton Training դասընթացի ավագ դասախոս, Լիտվայի Կաունաս քաղաքի MED ակադեմիայի ավագ դասախոս, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող CleanImplant հիմնադրամի պատվավոր գործընկեր և դեսպան, Նիդերլանդների Mondcentrum Eyckholt Roosteren բժշկական կենտրոնի պարոդոնտոլոգ և իմպլանտոլոգ, իմպլանտոլոգիայի պրոֆեսոր Կուրդ Բոլլենն առանձնացնում է բժշկի 3 հիմնական հատկանիշ՝ կարեկցանք, ժամանակին համահունչ մասնագիտական զարգացում և նպատակասլացություն։

Պրոֆեսորի հետ խոսել ենք բժշկի մասնագիտության ուժեղ և թույլ կողմերի, նեղ մասնագիտացման, սթրեսի հաղթահարման, ինչպես նաև համաշխարհային առողջապահական համակարգի ապագայի մասին։

– Ինչու՞ ընտրեցիք բժշկությունը։

– Բժշկությունն ամենագեղեցիկ ոլորտն է ուսումնասիրելու համար. դու սովորում ես, թե ինչպես բարելավել այլ մարդկանց կյանքը: Ինձ համար նշանակություն չունի՝ բուժում եմ հիվանդությունը, թե օգնում եմ պահպանել ատամները: Բժշկության բոլոր ոլորտներն իրենց կարևոր ներդրումն ունեն մարդկության կյանքում:

Երկար ժամանակ տատանվում էի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի և անասնաբուժության միջև: Ընտրեցի ստոմատոլոգիան, որովհետև սկզբում Բելգիայում ուսումնառությունն ընդամենը 5 տարին էր: Բայց դասընթացի վերջին 2 տարվա ընթացքում հասկացա, որ ընդհանուր ստոմատոլոգիան իմը չէ։ Ուզում էի վիրահատություն անել, ուզում էի հետազոտություն անել: Ամեն օր կլինիկայում նստելը և հիվանդներին մեկը մյուսի հետևից բուժելն, անշուշտ, իմ երազանքը չէր: Այսպիսով, դիմեցի Լյուվենի (Բելգիա) իմ մայր բուհ՝ մասնագիտանալու հնարավորության համար: Կարող էի անմիջապես սկսել պարոդոնտոլոգիայի և իմպլանտների ստոմատոլոգիայի մասնագիտական վերապատրաստումը` ասպիրանտուրայի համար հետազոտության հետ համատեղ:

10 տարվա ուսումնասիրություններից, հետազոտություններից և կլինիկայից հետո ձեռքիս ունեի պարոդոնտոլոգիայի իմ դիպլոմները:

– Ո՞րն է Ձեր նեղ մասնագիտացումը։

– Ինչպես արդեն նշեցի, վերապատրաստվել եմ որպես պարոդոնտոլոգ: Իմ գործն է բուժել լնդերի հիվանդությունները, պացիենտներին օգնել պահպանել ատամները: Բարեբախտաբար, անմիջապես սկսեցի կենտրոնանալ նաև ատամների իմպլանտների վրա: Օգտագործելով դրանք՝ ես կարող եմ օգնել մարդկանց վերադարձնել նախկինում կորցրած ատամները:

10 տարուց ավելի է, ինչ մշակել եմ իմ սեփական հայեցակարգը՝ օգնելու իմ պացիենտներին: Համատեղում եմ առանց մետաղի կերամիկական ատամնաբուժական իմպլանտները կենտրոնացված աճի գործոնների (հիվանդի սեփական արյունից) և օզոնային թերապիայի հետ: Ես նաև կենտրոնանում եմ սննդի վրա և անհրաժեշտության դեպքում օգտագործում եմ պացիենտների կորցրած ատամները՝ ոսկորներին փոխարինող նյութեր պատրաստելու համար:

Այս ամենն ինձ տալիս է այն զգացողությունը, որ ես բուժում և օգնում եմ իմ պացիենտներին բնական և առողջ ճանապարհով։

– Ինչու՞ է պրոֆեսիոնալիզմը կարևոր բժշկության ոլորտում։

– Պրոֆեսիոնալիզմը կարևոր է յուրաքանչյուր մասնագիտության մեջ, բայց բժշկության մեջ դա բացարձակ անհրաժեշտություն է, քանի որ մենք գործ ունենք մարդկանց առողջության և նույնիսկ կյանքի հետ: Մասնավորապես, ստոմատոլոգիայում պրոֆեսիոնալիզմը պետք է ուղղված լինի վերջին հետազոտություններին և զարգացումներին հետևելուն: Սա չի նշանակում հետևել ցանկացած նոր միտմանը, այլ ենթադրում է կենտրոնանալ բուժման կոնցեպտների, նյութերի և սարքավորումների բարելավման վրա: Բնականաբար, այս գործելաոճը պահանջում է ցմահ ուսուցում: Նրանք, ովքեր դադարեցնում են հետագա կրթությունն ու վերապատրաստումը, իմ կարծիքով, պետք է նաև դադարեցնեն զբաղվել իրենց մասնագիտությամբ։

– Բժշկական մասնագիտության ուժեղ և թույլ կողմերը։ 

– Թույլ կողմեր կան յուրաքանչյուր մասնագիտության մեջ։ Ի վերջո, ոչ բոլորն են առաջնորդվում միանման չափանիշներով: Սա վերաբերում է ոչ միայն թերապիային, այլև վերապատրաստումներին, սարքավորումներին, մոտեցմանը և խնամքին: Քանի դեռ մարդն առնչվում է մեկ այլ մարդու հետ, միշտ էլ կլինեն թերություններ: Դա նվազագույնի հասցնելու համար ուսուցումն ու կրթությունը պետք է լինեն միջազգային մակարդակի վրա: Ուսանողների և մասնագետների փոխանակումը տարբեր երկրների և մշակույթների միջև կարող է օգնել բացերի վերացմանը:

Բժշկի մասնագիտության ուժեղ կողմն այն է, որ այս ոլորտը միշտ շարժվում է։ Շարունակաբար կատարվող նոր հետազոտությունները մեզ նոր պատկերացումներ են տալիս ավելի լավ թերապիաների և մոտեցումների վերաբերյալ: Հուսով եմ՝ սա անվերջ գործընթաց է: Հետազոտությունների համար ֆինանսական միջոցներ են պետք, ուստի կառավարման մարմինները պետք է ավելացնեն բժշկական հետազոտություններին և զարգացմանը հատկացվող բյուջեն:

– Ինչպե՞ս եք հաղթահարում սթրեսը: Հասցնու՞մ եք հանգստանալ։

– Սթրեսն ինձ համար թակարդ է։ Հեշտ չէ համատեղել սեփական մասնավոր կլինիկան, ակադեմիական աշխատանքը Մեծ Բրիտանիայում և Հայաստանում, ընտանեկան և սոցիալական կյանքը: Իհարկե, օգնում է այն, որ ես ակադեմիական աշխատանքը դիտարկում եմ որպես հոբբի, ուստի հոդվածներ, գրքեր կարդալը և դասախոսություններ պատրաստելն ինձ համար հոգնեցնող չեն:

Թեև ընտանիքիս անդամներից հաճախ դիտողություններ եմ ստանում, որ չափից շատ եմ աշխատում, բայց փորձում եմ ամեն ինչում պահել հավասարակշռությունը։ Փորձում եմ շաբաթական 3-4 անգամ վազել, Netflix-ով որոշ սերիաներ դիտել կամ որևէ լավ վեպ կարդալ:

– Ի՞նչ գրքեր եք ընթերցել վերջին շրջանում։

– Շատ եմ կարդում։ Առանց գրքի օրը չապրած օր է:

Բայց «ազատ» ժամանակ մասնագիտական գրականություն չեմ կարդում։ Նախընտրում եմ վեպեր՝ տեղացի և միջազգային գրողներից մինչև մեծ դասականներ:

Իմ սիրելի 3 գրողներն են Հարի Մուլիշը (հոլանդացի), Միշել Ուելեբեկը (ֆրանսիացի) և Մարիո Վարգաս-Լյոսան (պերուացի):

Նախընտրելի են նաև կենսագրականները: Վերջինը, որը ես կարդացի, վերաբերում էր Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանին:

Ընթերցածս ամենավերջին գիրքը Քլեր Մուրադյանի «Հայաստանի պատմությունն» է: Այժմ կարդում եմ Իլոն Մասկի կենսագրությունը։

– Ըստ Ձեզ՝ ո՞ր որակն է բժշկի համար ամենակարևորը:

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա 3 հիմնական հատկանիշ.

  1. Կարեկից լինել. կարողանալ իսկապես լսել ուրիշներին (պացիենտներին), պատրաստակամ լինել օգնելու անհրաժեշտ բոլոր ջանքերով և տրամադրել խնամք: Եթե գումարն է ձեր շարժիչ ուժը, ապա դուրս եկե՛ք բժշկությունից…
  2. Ժամանակակից լինել. հետևել գիտական գրականությանը, հաճախել դասընթացների և/կամ համաժողովների և կատարել ինքնուրույն ուսումնասիրություններ: Շարունակական մասնագիտական զարգացումը միայն 3 բառ չէ, այն պետք է լինի ապրելակերպ:
  3. Նպատակասլաց լինել. երբեք մի՛ հանձնվեք, երբեք թույլ մի՛ տվեք ձեր պացիենտներին հուսահատվել և փորձե՛ք օր օրի ավելի լավը լինել:

– Ինչպիսի՞ն կլինի համաշխարհային առողջապահական համակարգը 10 տարի անց:

– Ցավոք, դա հիմնականում կախված է որոշ կարևոր արտաքին գործոններից: Երկիր մոլորակը ներքաշված է հսկայական ճգնաժամերի մեջ. ոչ միայն պատերազմներն են տարածվում մայրցամաքից մայրցամաք, այլև միգրացիան է օրեցօր աճում, աշխարհը կառավարում են ավտոկրատները և, վերջապես, մեր կլիման է կտրուկ փոփոխվում: Այս գործոններն էական դեր կխաղան բոլոր ոլորտների զարգացման գործում։

Բացի այդ, կարծում եմ, որ արհեստական ինտելեկտը որոշիչ դեր կխաղա բժշկության հետագա էվոլյուցիայում: Ռոբոտները բժշկության ոլորտում ավելի ու ավելի շատ աշխատատեղեր կզբաղեցնեն: Սա, իհարկե, կարող է դրական ազդեցություն ունենալ, բայց կարող է նաև աղետալի դառնալ, եթե ապագայում ամբողջովին ապավինենք մեքենաներին…

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան