ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի մեծ թվով սովորողներ, ինչպես կորոնավիրուսային համավարակի օրերին, այնպես էլ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում աչքի են ընկել մասնագիտական բարձր կարողություններով: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայում անեսթեզիոլոգիա, ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսի սովորող Արթուր Սահակյանը պատերազմի մասին լուրն իմացել է աշխատավայրում՝ Երևանի շտապօգնության ծառայությունում հերթապահության ժամանակ: Հենց այդ պահից էլ ԵՊԲՀ սովորողը ներգրավվել է Արցախից Երևան վիրավորներին տեղափոխելու գործին:
Ինչպես փաստում է սովորողը, շտապօգնության բժիշկների խնդիրը ոչ միայն բուժօգնություն տարամադրելու և վիրավորներին տեղափոխելու մեջ էր, այլև այդ ընթացքում անհրաժեշտ էր նաև հոգեբանական աջակցություն տրամադրել տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: «Որպես մասնագետ պատերազմի ընթացքում ձեռք եմ բերել փորձ, պրակտիկ հմտություններ, իսկ որպես մարդ՝ ավելի կոփվեցի և հասկացա խաղաղության գինը»,- նշում է Արթուր Սահակյանը, որը շտապօգնության ծառայությունում աշխատում է արդեն շուրջ 2 տարի:
ԵՊԲՀ սովորողը, որը նախքան բուհ ընդունվելը հետաքրքրվում էր գիտությամբ, բժիշկ դառնալուց բացի, այլ մասնագիտություն ընտրելու մասին չի էլ մտածել: Իսկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում արդեն կողմնորոշվել էր նաև մասնագիտացման ընտրության հարցում: «Ինձ սկսեց հետաքրքրել անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունը, քանի որ այս մասնագետները հիմնականում աշխատում են ծանր ու բարդ դեպքերի հետ. սիրում եմ անելանելի իրավիճակներում լուծումներ գտնել: Նույնիսկ, որպես կամավոր, հերթապահել եմ ռեանիմացիայի բաժանմունքում և հասկացել, որ կատարել եմ ճիշտ ընտրություն»,- ընդգծում է սովորողը:
Նրա կարծիքով՝ հիվանդանոցում կամավորական աշխատանք կատարելու շնորհիվ ավելի են ամրապնդվում բուհում ստացած տեսական գիտելիքները, և պատկերացումն ու պատասխանատվությունն ընտրած մասնագիտության վերաբերյալ ավելի հստակ է դառնում: Իսկ դա, բնականաբար, լիարժեք չէ միայն տեսական գիտելիքներ ստանալու արդյունքում:
Արթուր Սահակյանի խոսքով՝ բարությունը, կարեկցանքն ու աշխատասիրությունն այն կարևոր հատկանիշներն են, որոնք պետք է ունենա բժշկի մասնագիտությունն ընտրած անձը՝ կարևորելով սառնասրտությունը, դժվար պահերին ճիշտ կողմնորոշվելու և արագ որոշումներ կայացնելու ունակությունը:
Շտապօգնությունում ձեռք բերած փորձն օգնել է սովորղին նաև պատերազմի ժամանակ: «Մասնագիտական առումով ավելի պատրաստված էի»,-նշում է սեպտեմբերի 27-ից դեպի Արցախ՝ Ստեփանակերտ, Դրմբոն, Չլդրան, Խնձորեսկ թվով շուրջ 30 այց իրականացրած բժիշկը:
Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը բժշկի իր ուղին սկսել է և պատրաստվում է շարունակել «սովորել, սովորել, սովորել» կարգախոսով՝ իր առջև դրված խնդիրները կատարելով պատասխանատվությամբ: