Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շուրջ 600 շրջանավարտ ավելի քան 2 տարում «թրծվել է» «Բժշկի ուղի» նախագծում

Շուրջ 600 շրջանավարտ ավելի քան 2 տարում «թրծվել է» «Բժշկի ուղի» նախագծում

Ավելի քան երկու տարի է, ինչ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում գործում է «Բժշկի ուղի» նախագիծը։ Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ 2021 թվականի նոյեմբերի 8-ից մեկնարկած նախագիծը շարունակում է տեսակով բացառիկ լինել։

«Բժշկի ուղի» նախագծի նպատակն է կերտել ապագա բժշկի օրինակելի կերպար։

Կարիերայի կենտրոնի անձնակազմը, ինչպես նաև արվեստի, մշակույթի, միջազգային էթիկայի, իրավագիտության, մարքեթինգի և հոգեբանության ոլորտներից հյուրերը սովորեցնում են ներանձնային հարաբերությունների ճիշտ կառուցման, զրույցի վարման, հարցազրույցի մասնակցելու, ուսանող-պացիենտ վստահության ճիշտ կամուրջի կառուցման, ինչպես նաև մասնավոր և պաշտոնական հանդիպումների ժամանակ վարվեցողության, հագուստի ճիշտ ընտրության, ընթրիքների և տարբեր հանդիպումների ընթացքում ճիշտ պահվածքի, հռետորաբանության, սոցիալական կայքերում մեդիագրագիտության հմտությունները:

Նախագծի համակարգող և համահեղինակ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի արդեն 6-րդ կուրսի ուսանողուհի, ապագա մանկական գինեկոլոգ Գերցինա Պետրոսյանի խոսքով՝ անցած ավելի քան 2 տարվա ընթացքում անընդհատ մասնագետների փոփոխություն է տեղի ունեցել։

Ինքը՝ Գերցինան, կրտսեր գործընկերներին սովորեցնում է ճիշտ կազմել ինքնակենսագրություն, արդյունավետորեն փնտրել և գտնել աշխատանք, դիմել դրամաշնորհային ծրագրերի, գրել մոտիվացիոն նամակ, մասնակցել փոխանակային տարբեր ծրագրերի։ Ծրագրի մասնակիցներից շատերն այսօր ունեն աշխատանք, մասնակցել են միջազգային ամառային դպրոցների։

Նախագծի մյուս համակարգող և համահեղինակ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, ապագա ինվազիվ սրտաբան Տիգրան Չուխաջյանը 2023 թվականի սեպտեմբերից ներկայացնում է առանձին դասընթաց էմոցիոնալ ինտելեկտի մասին։ «Նպատակը՝ հասկանալ էմոցիաներն առհասարակ, թիրախը՝ ոչ միայն ինքներս մեր, այլև դիմացինի էմոցիաների ընկալումը, էմոցիաների ճիշտ կառավարման և դրսևորման կարևորությունը և՛ ուսանողների, և՛ բժիշկների համար։ Ուսանողները բավականին հետաքրքրված են դասախոսությունների ընթացքում։ Այս ծրագրի շրջանակում մյուս ուսանողների հետ շփվելով՝ շատ բան ենք սովորում միմյանցից։ Այս նախագծում մեծապես կարևորվում է թիմային աշխատանքը, որն առանցքային է բժշկի համար։ Հիմա, երբ ավելի մոտ եմ կանգնած բժշկի այն կերպարին, որին ձգտել եմ, ինքս առավել լրջորեն եմ մտածում այդ ուղղությամբ», – ասում է Տիգրանը։

Ծրագրի համակարգողներից և համահեղինակներից է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, ապագա պլաստիկ միկրովիրաբույժ Լյովա Ծառուկյանը։ Նրա պնդմամբ՝ «Բժշկի ուղի» նախագիծը մշտապես համալրվում է նորանոր ուսանողներով։ «Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել այն մակարդակին, որ ուսանողները ցանկանում են դասերից հետո իրենց ժամանակից մեզ տրամադրել։ Վստահաբար կարող եմ ասել՝ «Բժշկի ուղի»-ն իրեն արդարացրել է», – շեշտում է նա։

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Ջուլիա Եփրեմյանը ծրագրի ավարտին իրեն մոտիվացված է զգում․ «Նախագիծն ինձ մեծ մոտիվացիա տվեց, որը վստահաբար չէի կարող ստանալ որևէ այլ տեղ։ Բացի այդ, առավել խորը գիտելիք ստանալով տարբեր բնագավառներում, ավելի հստակ կողմնորոշվեցի իմ մասնագիտացման՝ վիրաբուժության հարցում։ Եթե նորից հնարավորություն լինի մասնակցելու, միանշանակ կմասնակցեմ»։

Կան ուսանողներ, որոնք ավարտել են դասընթացը և որպես կամավոր՝ պատրաստակամություն են հայտնել աջակցելու նախագծի համակարգողներին։

Ծրագրի շրջանավարտ Մարի Միքայելյանը նախագծին մասնակցել է 1 տարի առաջ։ «Շատ տպավորված եմ եղել, և նույնիսկ այդ ժամանակ մտածում էի, որ ինքս կուզենայի հետագայում զբաղվել ծրագրով», – նշում է նա։

Դիմածնոտային վիրաբուժության կլինիկական օրդինատոր Եվա Ավետիսյանը ծրագրի առաջին սաներից է եղել, ավարտել դասընթացը 2021 թվականին։ «Մեր ուսանողներին այս ամենը խիստ անհրաժեշտ է, որովհետև չափազանց կարևոր է տիրապետել բժշկին հարիր էթիկետի (վարվեցողության) կանոններին բժիշկ-պացիենտ հարաբերություններում, ինչպես նաև դրանց հիման վրա ճիշտ դրսևորվել աշխատանքային միջավայրում», – վստահեցնում է Եվա Ավետիսյանը։

Մինչ օրս «Բժշկի ուղի» նախագծի շրջանակում հասցրել է «թրծվել» շուրջ 600 ապագա բժիշկ։

Սեպտեմբերից ուսանողների կողմից սիրված նախագիծը կներկայանա նոր մոտեցումներով, նոր ձևաչափով և նոր շնչով։