Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնն արդեն գրեթե տասնամյա պատմություն ունի:
2014թ. հիմնադրված եզակի այս կենտրոնը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բացառիկ հնարավորություն է։
«Այս կենտրոնն օգնում է ուսանողներին զարգացնել գործնական հմտությունները, ձեռք բերել փորձ՝ առանց վնասելու և խուսափելով բժշկական սխալներից»,-մեզ հետ զրույցում ասում է Սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար, Բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Հովհաննիսյանը։
Սիմուլյացիոն կենտրոնն ի սկզբանե տեղակայված էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում՝ զբաղեցնելով 600ք/մ տարածք։ ԵՊԲՀ-ի՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնումից հետո կենտրոնը տեղափոխվեց այստեղ՝ զբաղեցնելով արդեն 1800ք/մ տարածք։
Սիմուլյացիոն կենտրոնում առկա է 18 սենյակ, կլինիկական ուղղություններն են՝ վիրաբուժություն, վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, գինեկոլոգիա և մանկաբարձություն, մանկաբուժություն, անեսթեզիոլոգիա, լապարասկոպիա և այլն։ Ժամանակի ընթացքում կենտրոնում նորանոր սարքավորումներ են ձեռք բերում, թարմացնում սիմուլյատորները:
Կենտրոնի ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարում վիրտուալ պացիենտի սենյակի ստեղծումը։
«Վերջին տարիներին երկու նման սենյակ է ավելացել, ամեն տեղ 15-ական տեղ, համակարգիչները դրված են, ներկայացված է կլինիկական դեպք, ուսանողը նստում է, նայում հիվանդին, հարցեր է տալիս, համակարգիչը պատասխանում է, անամնեզ է հավաքում, ասում է՝ այս անալիզներն են պետք, համակարգիչը ներկայացնում է, ուսանողը ախտորոշում է գրում, բուժում է գրում և այդպես ստուգում գիտելիքը։ Իսկ լապարասկոպիայի սենյակում 4 տեսակի վիրահատություն անելու հնարավորություն կա՝ լեղապարկ, երիկամ, թոքի ռեզեկցիա, արգանդի հեռացում և այլն»,-ասում է Սուրեն Հովհաննիսյանը։
Օրական շուրջ 100 ուսանող է օգտվում Սիմուլյացիոն կենտրոնից, բայց այն նախատեսված է ոչ միայն ուսանողների, կլինիկական օրդինատորների, այլև բուժաշխատողների համար՝ բուժքույրերից մինչև բժիշկներ։
«Կարևոր է նաև մասնագիտական հանրության մասնակցությունը, օրինակ՝ արտասահմանում սիմուլյատորները դրված են վիրահատարանների կողքին, նույնիսկ արձակուրդից վերադառնալիս բժիշկը առաջինը սիմուլյատորների վրա է վիրահատում, հետո մտնում վիրահատարան»,-ասում է համալսարանականը` մեծ ցանկություն ունենալով, որ որպեսզի թե՛ ուսանողները, թե՛ բժիշկները ավելի ակտիվ լինեն, օգտագործեն իրենց տրված այն հնարավորությունը, որը չուներ բժշկական ավագ սերունդը։
Հովհաննիսյանը նաև կարևորում է դասախոսների վերապատրաստման գործընթացը, նախքան Սիմուլյացիոն կենտրոնում դասավանդելը դասախոսները թրեյնինգներ են անցնում՝ ծանոթանալով ուսուցման այդ մեթոդին, վերապատրաստման դասընթացներին ներգրավված են նաև օտարերկրացի մասնագետներ։
Սուրեն Հովհաննիսյանը վերջերս Մոսկվայում մասնակցել է բժշկական կրթության զարգացման հեռանկարների մասին РОСОМЕД-2023 համաժողովին, որտեղ հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում գործող Սիմուլյացիոն կենտրոնի անցած ուղին, զարգացման հեռանկարները։
Միջոցառմանը մասնակցությունը կարևոր էր փորձի փոխանակման և նոր գործընկերներ ձեռք բերելու տեսակետից: