Նախքան կորոնավիրուսային համավարակը բժշկական համալսարանում մեկնարկած «Սինկո» անվանմամբ նախաձեռնության շրջանակում ապագա բժիշկները կրկին դասախոսների մասնակցությամբ կլինիկական դեպքեր քննարկելու հնարավորություն կունենան:
««Սինկո»-ն ուսանողների կողմից սիրված միջոցառում է, որի կազմակերպումը, համավարակով պայմանավորված, ընդհատվեց և այսօր կրկին շարունակվում է:Այսօր օրակարգում սրտաբանության թեման է, ինչի վերաբերյալ համալսարանական բժիշկները ներկայացնում են մասնագիտական նյութ, որից հետո լավագույնները համալսարանի կողմից ստանում են գրքեր»,- նշեց միջոցառման կազմակերպիչ, սրտաբանության մասնագիտությամբ 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Ամալյա Մանուսաջյանը՝ հավելելով, որ նախքան 2020 թվականի հունվարն արդեն կազմակերպվել էր 5 քննարկում, ևս մեկն առցանց ձևաչափում:
«Սինկո» անվանումը պատահական չի ընտրվել, այն իսպաներենից թարգմանաբար նշանակում է հինգ և արտահայտում է բժշկական, հատկապես կլինիկական ոլորտում հայտնի մասնագիտական քննարկման՝ «պիտիմինուտկա» բառի իմաստը:
«Մեծ էր ուսանողների ցանկությունը, հետաքրքությունը քննարկելու կլինիկական դեպքերը և լսելու պատշաճ բացատրություններ: Քննարկվող դեպքերն ընտրվում են միջազգային փորձից»,- մանրամասնում է Ամալյա Մանուսաջյանը:
Ուսանողական նախաձեռնության թիրախային լսարանը 4-ից 6-րդ կուրսի ապագա բժիշկներ են, բայց հաճախ մասնակցում են նաև կրտսեր կուրսերի ուսանողները:
Այսօր ընտրված «Հիվանդ սիրտը» թեմայի շրջանակում, կարդիոմիոպաթիայի՝ սրտամկանն ախտահարող հիվանդությանն անդրադարձավ Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի ասիստենտ Անի Ռափյանը:
Կլինիկական դեպքերի նման ձևաչափի քննարկումները հակահամաճարակային կանոնների պահպանմամբ կկազմակերպվեն ամսական մեկ անգամ: