Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

SIOP Asia 2023 համաժողովի խոսնակները

SIOP Asia 2023 համաժողովի խոսնակները

Ներկայացնում ենք բժշկական համալսարանում այս տարվա մայիսին կայանալիք Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի խոսնակներին․ 

 

Գերտջան Կասպերս

Պրոֆեսոր  Կասպերսը մանկական ուռուցքաբան է, որը մասնագիտացած է սուր միելոիդ լեյկեմիայի և սուր պրոմիելոցիտային լեյկեմիայի ոլորտում: Նա Հոլանդիայի Princess Maxima մանկական ուռուցքաբանության կենտրոնի Academy and Outreach ծրագրի տնօրենն է և Ամստերդամի Վիրժե համալսարանի մանկական ուռուցքաբանության պրոֆեսոր: Պրոֆեսոր Կասպերսը մեծ ներդրում ունի և շարունակում է ունենալ զարգացող երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքի որակի բարելավման աշխատանքներում։

 

Պետր Սեդլաչիկ

Պրոֆեսոր Սեդլաչիկը անցել է բազմաթիվ վերապատրաստումներ արտերկում: Ստացել է գիտական աստիճանը «Մանկական տարիքում սուր լիմֆոբլաստային լեյկեմիաների ռեցիդիվների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով։ 2011 թվականին ստացել է մանկաբուժության պրոֆեսորի գիտական աստիճան։ Երկար տարիներ հանդիսացել է Իսրայելի «Հադասահ համալսարանական հիվանդանոցի» այցելու բժիշկ, 6 ամիս շարունակ աշխատել է ԱՄՆ Սիեթլի «Ֆրեդ Հաչինթոնի անվան քաղցկեղի հետազոտական կենտրոնում» և ԱՄՆ Մինեոպոլիսի «Մինեսոտայի համալսարանական հիվանդանոցում»։ 

Պրոֆեսոր Սեդլաչիկը հանդիանում է Չեխիայի բժիշկների միության անդամ, EBMT, ASBMT և I-BFM խմբերի անդամ։ 

 

Չինգ-Տիեն Պենգ

Պրոֆեսոր Պենգը մանկական արյունաբան-ուռուցքաբան է, որը մասնագիտացած է բարորակ արյունաբանության ոլորտում։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են թալասեմիաները և հեմոֆիլիաները։ Նա հանդիսանում է  Թայվանի թրոմբոզի և հեմոսթազի միության նախագահը,  Չինաստանի բժշկական համալսարանի մանկաբուժության, արյունաբանության և ուռուցքաբանության պրոֆեսոր, Ասիայի համալսարանի կենսատեխնոլոգիաների պրոֆեսոր։ Նա հանդիսացել է Չինաստանի բժշկական համալսարանի մանկական հիվանդանոցի տնօրենը։

 

Իբրահիմ Քադդումի

Պրոֆեսոր Քադդումին Սուրբ Հուդայի անվան մանկական գիտահետազոտական կենտրոնի մանկական նյարդաուռուցքաբան է, Գլոբալ Նեյրոուռուցքաբանության և Հորդանանի ծրագրերի ղեկավար։

Բժիշկ Իբրահիմ Քադդումին մասնագիտացած է նյարդաուռուցքաբանության ոլորտում։ Նրա գիտական հետաքրքրություններն են ցածր աստիճանի գլիոմաները, ռետինոբլաստոման, ինչպես նաև ԿՆՀ ուռուցքների ուշացած ախտորոշման պատճառները։ Բժիշկ Քադդումին առաջիններից է, որը ներդրել է հեռաբժշկությունը նյարդաուռուցքաբանության ոլորտում։ Նա հանդիսանում է Սուրբ Հուդայի մանկական գիտահետազոտական կենտրոնի գլոբալ մանկաբուժության ծառայության անդամ, ինչպես նաև ղեկավարում է Գլոբալ նյարդաուռուցքաբանության ծրագիրը, որի նպատակն է նպաստել նյարդաուռուցքաբանության զարգացմանը սահմանափակ ռեսուրսներով երկրներում։ Ներկայումս բժիշկ Քադդումին հանդիսանում է վիրտուալ մանկական նյարդաուռուցքաբանության հետդիպլոմային ծրագրի ղեկավարը։

 

Ռաշմի Դալվի

Պրոֆեսոր Դալվին հանդիսանում է Մումբայի NH-SRCC մանկական հիվանդանոցի և ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի և մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի այցելու կոնսուլտանտ։ Բժիշկ Դալվին հանդիսանում է Հնդկաստանում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության առաջամարտիկներից մեկը, որը ծավալում է ոչ միայն կլինիկական, այլև ակադեմիական գործունեություն մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի ոլորտներում։ Պրոֆեսորի հետաքրքրության շրջանակում են լիմֆոմաները, օժանդակ խնամքը, քաղցկեղի դեպքերի ռեգիստրները և հիստիոցիտոզը։

Պրոֆեսոր Ռաշմի Դալվին զարգացող երկրներում Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ակտիվ անդամ է 1992 թվականից, SIOP-Հնդկաստան ծրագրի հիմնադիր անդամ։ 2009-2012 թվականներին գլխավորել է Հնդկաստանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության միությունը, 2010-2013 թվականներին ղեկավարել SIOP-PODC կրթական ծրագրերը, 2002 թվականից հանդիսանում է Մանկական ուռուցքաբանության միջազգային ասիական միության ակտիվ անդամ և 2018-2021 թվականներին եղել է SIOP-Ասիայի մայրցամաքային նախագահ։

 

Անդրեա Ֆերրարի

Միլանի ազգային ուռուցքաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբան է։

Բժիշկ Անդրեա Ֆերրարին մասնագիտացած է սարկոմաներով, հազվադեպ հանդիպող ուռուցքներով դեռահասների և երիտասարդ մեծահասակների շրջանում։ Բժիշկ Ֆերրարին հանդիսանում է Մանկական փափուկ հյուսվածքների սարկոմաների գիտական խմբի (EpSSG) հիմնադիրներից մեկը։ Նա Մանկական հազվադեպ հանդիպող ուռուցքների եվրոպական Կոոպերատիվ հետազոտական խմբի (ExPERT) և իտալական հազվադեպ հանդիպող ուռուցքների խմբի (TREP) նախագահն է։ Բժիշկ Ֆերրարին Միլանում հիմնել է դեռահասների և երիտասարդ մեծահասակների համար նախատեսված հատուկ ծրագիրը (Youth Project) և հանդիսանում է Մանկական ուռուցքաբանության Եվրոպական միության դեռահասների և երիտասարդ մեծահասակների կոմիտեի նախագահը։  Նա միջազգային գիտական ամսագրերում տպագրված ավելի քան 330 աշխատության հեղինակ կամ համահեղինակ է։

 

Ալեքսեյ Ա. Մասչան

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության ազգային բժշկական գիտահետազոտական ​​կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալն է, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի մանկական արյունաբանության, իմունաբանության և բջջային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենը։

Ալեքսեյ Ա. Մասչանը դարձավ առաջին գիտնականներից մեկը, որը ներդրեց արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստումը երեխաների շրջանում և նկարագրեց բուժման այս մեթոդի հստակ ցուցումները: Ձևավորել է արյան հիվանդությունների ախտորոշման և բուժման միասնական մոտեցում երեխաների շրջանում։ Գիտական​​ հիմունքներով պրոֆեսոր Մասչանը ստեղծել է երեխաների շրջանում արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման նոր պարադիգմ, որը հնարավորություն է ընձեռել բարելավել բուժման արդյունքները։

 

Ֆրեդերիկ Բուփ

Պրոֆեսոր Բուփը Թենեսիի համալսարանի առողջապահական գիտությունների կենտրոնի նյարդավիրաբուժության ամբիոնի ղեկավարն է։ Երկար տարիներ ղեկավարել է LeBonheur մանկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքը։ Ներկայումս պրոֆեսոր Բուփը մասնագիտական գործունեություն է ծավալում Սուրբ Հուդայի անվան մանկական գիտահետազոտական կենտրոնում։

Պրոֆեսորը բազմաթիվ միջազգային մասնագիտական միությունների անդամ է։

Ներկայումս ընդգրկված է ծրագրավորվող փականային շունտերին, ինչպես նաև դեղորայքային բուժման չենթարկվող էպիլեպսիայի վիրահատական բուժմանը վերաբերող բազմակենտրոն հետազոտություններում։

 

Հիշեցնենք, որ մեկդարյա բուհը SIOP Asia 2023 համաժողովի շրջանակում մայիսի 19-21-ը կհամախմբի մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար դերակատարներին՝ նպաստելով նաև ազգային ձեռքբերումների բազմապատկմանը։

Գրանցման նպատակով անհրաժեշտ է անցնել ։