Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Սիրահարված»՝ ռևմատոլոգիային. Թամարա Բայրամյանը վստահ է՝ բժշկությունը ամենակարևոր մասնագիտություններից է

«Սիրահարված»՝ ռևմատոլոգիային. Թամարա Բայրամյանը վստահ է՝  բժշկությունը ամենակարևոր մասնագիտություններից է

Բժշկական կրթագիտական հաստատությունում տասնամյակներ շարունակ սերունդներ կրթող ավագ սերնդի, բժշկագիտության նվիրյալների մասին պատմող ակնարկաշարի հերթական անդրադարձը բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ  ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի դոցենտ Թամարա Բայրամյանի մասին է: Խոստովանում է՝ մինչ օրս «սիրահարված» է բժշկությանը՝ մասնավորապես ռևմատոլոգիային:

Դոցենտ Բայրամյանը 1968-1974թթ. սովորել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետում: 1976-1978թթ. ուսանել է Բժշկական գենետիկայի ինստիտուտում, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայում՝ բժշկական գենետիկա մասնագիտությամբ:

«Մեր տոհմում բժիշկներ չկային, բայց միշտ մտածում էի, որ մարդկանց օգնելու համար բժշկությունը ամենակարևոր մասնագիտություններից է: Ավարտեցի դպրոցը և 1974 թվականին ընդունվեցի բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, գերազանց ավարտեցի և անմիջապես ընդունվեցի Մոսկվայում բժշկական գենետիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, ավարտեցի, պաշտպանեցի թեկնածուական թեզը և վերադարձա Հայաստան: Հասկանում էի, որ Հայաստանում ամենաչլուծված և խնդիրներ, բարդություններ առաջացնող հիվանդություններից մեկը պարբերական հիվանդությունն է: Այդ ժամանակ հոսպիտալ թերապիայի ամբիոնի վարիչը պրոֆեսոր Արտյոմ Ալեքսանդրի Այվազյանն էր, որը զբաղվում էր պարբերական հիվանդությամբ: Մեծ հաճույքով սկսեցի աշխատել, ես գենետիկ էի, նա առավել շատ կլինիցիստ: Բացի պարբերական հիվանդությունից, պրոֆեսոր Այվազյանը զբաղվում էր նաև շարակցական հյուսվածքի հիվանդություններով, ռևմատոլոգիական հիվանդություններով: 1980-ական թվականների սկզբին նրանից բացի որևէ մեկը ռևմատոլոգիայով չէր զբաղվում»,-նշում է դոցենտը՝ հավելելով, որ իրեն ռևմատոլոգիայի մեջ հրապուրել է այն, որ ռևմատոլոգիական հիվանդությունները ընդգրկում են մեր օրգանիզմի բոլոր օրգաններն ու համակարգերը:

Նրա խոսքով՝ եթե թերապիայի մեջ կարելի էր ընտրել էնդոկրինոլոգիա, հեմատոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, սրտաբանություն, ապա այս հիվանդությունների ժամանակ մենք հանդիպում ենք բոլոր այդ պաթոլոգիաները:

«Հետաքրքրասեր էի, ընտրեցի այդ մասնագիտությունը: Այն ժամանակ պրոֆեսոր Այվազյանի մոտ բերում էին հիվանդների, որոնց ախտորոշումը պարզ չէր, բազմաթիվ հանելուկների հանդիպեցինք, շատ հանելուկներ լուծեցինք. մի խոսքով, սիրահարվեցի ռևմատոլոգիային: Ռևմատոլոգները զբաղվում են նաև պարբերական հիվանդությամբ, բայց ինձ համար գերակշռող դարձան ռևմատոլոգիան հիվանդությունները»,-նշում է Թամարա Բայրամյանը:

2019թ․-ից աշխատում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում որպես բժիշկ-ռևմատոլոգ, 2001թ․-ից ԵՊԲՀ թերապիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ է, 2008-2019թթ․ «Մուրացան» ՀՀ թերապիայի թիվ 1 ամբիոնի բժիշկ-օրդինատոր, 1993-2001թթ. եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1978-1993թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոսպիտալ թերապիայի ամբիոնի ավագ գիտաշխատող:

Բժիշկ-գիտնականը 1978 թվականից դասավանդում է բժշկական մայր բուհում:  Հեղինակ և համահեղինակ է 35 տպագրված գիտական աշխատանքի, որոնցից 11-ը՝ արտերկրում։

«Մեր ամբիոնը տարեկան ունենում է մինչև 18 կլինօրդինատոր, որը բավականին խոսուն թիվ է: Կարևորում եմ ամբիոնի վարիչ Քնարիկ Գինոսյանի ղեկավարությամբ ստեղծված դասագիրքը, որը լավ ձեռնարկ է, թե՛ ուսանողների,  թե՛ պրակտիկ բժիշկների համար: Սովորողները վարժ տիրապետում են օտար լեզուների, կարդում են ոչ միայն հանձնարարվող հայկական, ռուսական գրականություն, այլև կարողանում են օգտվել օտարալեզու գրականությունից, ինչը գովելի է: Յուրաքանչյուր խումբ մտնելիս զգաստանում ես, որ կարողանաս արդարացնել նրանց սպասելիքները»,- ընդգծում է համալսարանականը: