Շարունակում ենք ներկայացնել ԵՊԲՀ այն ուսանողներին, ովքեր ոչ միայն ուսումնական հաջողություններ ունեն, այլև հասարակական ակտիվություն են ցուցաբերում և ամենակարևորը՝ բառի բուն իմաստով սիրահարված են ապագա մասնագիտությանը։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Արևիկ Մինասյանի մասնագիտական ուղին կանխորոշվել էր, երբ դեռ բավականին փոքր էր և ատամհատիկին ընտրել էր ֆոնենդոսկոպ։
«Ծնողներիցս բացի՝ ընտանիքիս բոլոր անդամները բժիշկներ են։ Բժշկությունը ընտրելու ամենամեծ պատճառը հենց այդ էր։ Փոքր տարիքում շատ ժամանակ եմ անցկացրել հիվանդանոցում, թե՛ որպես բուժառու, թե՛ որպես «բժիշկ»։ Պատճառն այն էր, որ այդ տարիքում իմ դեպքում ախտորոշված էր կեղծ կռուպ շնչառական հիվանդությունը, այդ պատճառով հաճախ էի այցելում բժշկիս, որը իմ տատիկն էր՝ քիթ-կոկորդ-ականջաբան Ջուլիետա Աշոտի Կարապետյանը։ Որքան էլ տարօրինակ է, ինձ այնքան էր գերում հիվանդանոցների միջավայրը, որ երբեմն նույնիսկ ծնողներիս շրջանում ձևացնում էի՝ իբրև ինձ լավ չեմ զգում, որպեսզի ինձ բժշկի տանեին»,- պատմում է Արևիկը։
Հետագայում ավելի մեծ տարիքում, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում սովորելիս, ամեն տարի հնարավորոություն է ունեցել ուսումնական պրակտիկաներ անցնել համալսարանական տարբեր հիվանդանոցներում։ Այդ ընթացքում էլ հստակեցրել է որոշումն ու վստահաբար ընդունվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Բուհ ընդունվելուն Արևիկ Մինասյանը մեծ ոգևորվածությամբ է սպասել, քանի որ ավելի մոտեցել է բժիշկ դառնալու երազանքին։
«Միշտ ցանկացել եմ նմանվել ընտանիքիս բժիշկ անդամներին, հատկապես տատիկիս, պապիկիս և մորաքրոջս, քանի որ միշտ հպարտացել եմ իրենց կատարած աշխատանքներով։ Տատիկս՝ Ջուլիետա Կարապետյանն աշխատել է «Արաբկիր» բուժկենտրոնում բացման առաջին իսկ օրվանից, երբ դեռ բուժկենտրոնը չէր կոչվում «Արաբկիր»։ Աշխատել է այնտեղ 45 տարի և այնտեղ էլ ավարտվել է իր աշխատանքային գործունեությունը որպես վիրաբույժ։ Պապիկս՝ Յուրի Կարապետյանը, տարիներ շարունակ աշխատել է արյան փոխներարկման ինստիտուտում, որպես գլխավոր բժիշկ, ավելի ուշ զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը և կարիերայի վերջին շրջանում կարճ ժամանակ եղել է տնօրենի պաշտոնակատար։ Պապիկս առաջինն էր, ով Հայաստանում կատարեց պլազմոֆերեզ: Մորաքույրս՝ Հասմիկ Կարապետյանը, մասնագիտացել է երկու ուղղություններով: Աշխատել սկսել է, որպես նեոնոտոլոգ, սակայն տարիներ անց վերապատրաստվեց որպես արյունաբան և մինչև հիմա աշխատում է այդ ոլորտում»,- մանրամասնում է ապագա բժիշկը։
Նա մեծ հույսեր ունի, որ ծնողներն ապագայում կհպարտանան իր ձեռքբերումներով։ Դեռ դպրոցական տարիներից է աչքի ընկել ակտիվությամբ և պատահական չէ, որ Ուսանողական խորհրդարանի անդամ է:
«Անդամակցությունը խորհրդարանին տվել և շարունակում է ինձ տալ բազմաթիվ նոր ծանոթություններ և հնարավորություն փորձել ավելի կատարյալ դարձնել մեր համալսարանը, ծանոթանալ համալսարանում կատարվող աշխատանքներին։ Ունեմ փոքրիկ երազանք՝ ցանկանում եմ բացել իմ սեփական նորաձևության տունը և հուսով եմ, որ ապագայում ժամանակ կգտնվի և երազանքս իրականություն կդարձնեմ չխանգարելով առաջին մասնագիտությանս՝ բժշկությանը»,- հավելում է ուսանողը։
Դեռ վաղ է խոսել նեղ մասնագիտացման մասին, բայց առաջիկայում իրեն ցանկանում է տեսնել ռադիոլոգիայի ոլորտում։
«Հուսով եմ, որ տարիներ հետո ինչ մասնագիտություն էլ որ ընտրեմ, կլինեմ օրինակելի մասնագետ և կօգնեմ շատ մարդկանց, չէ որ մեր օրերի հերոսները բժիշկներն են»,- ասում է ապագա բժիշկը։
Շարունակելով ընտանեկան ավանդույթը՝ բժշկի մասնագիտությունն է ընտրել և ԵՊԲՀ-ում է սովորում նաև Արևիկի ավագ քույրը։
Ապագա բժշկի հետ զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը