Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սիրիահայ ապագա մաշկաբանն իր աշխատանքը միայն Հայաստանում է պատկերացնում

Սիրիահայ ապագա մաշկաբանն իր աշխատանքը միայն Հայաստանում է պատկերացնում

Սիրիահայ Անի Կիրակոսյանը հստակ որոշել է՝ ապրելու և աշխատելու է միայն հայրենիքում՝ Հայաստանում։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 24-ամյա շրջանավարտն ապագա մաշկաբան է։

Անին ծնվել է Հալեպում, մեծացել՝ Կամիշլի քաղաքում: Կիրակոսյանների ընտանիքը Սիրիայում է հայտնվել Հայոց ցեղասպանությունից հետո՝ գաղթելով Վանից։

Փախչելով Սիրիայի պատերազմից՝ ընտանիքը 2020 թվականին ականատես եղավ Արցախի պատերազմին։ «Արցախը մեր սրտի կարևոր կտորն է։ Անհնար է դիմանալ այդ ցավին։ Սա մեր հողն է, սա մեր երկիրն է», – ասում է Անին։

Նա Հայաստան տեղափոխվեց 2014 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո: «Մեր ընտանիքում բժշկությունը ժառանգաբար է փոխանցվել։ Դեռ մանկուց երազում էի բժիշկ դառնալ՝ առողջ և ուժեղ հասարակության ստեղծմանը նպաստելու համար: Բժշկի ուղին ընտրելու հարցում ամբողջ ընտանիքս, հատկապես՝ մայրս, աջակցում էր ինձ», – պատմում է սփյուռքահայ շրջանավարտը:

Բժշկական մայր բուհում 6 տարի ուսանելուց հետո Անին վստահ և գոհ է բժիշկ դառնալու իր որոշումից, հատկապես այն բանից հետո, երբ 2 տարի ապրեց COVID-19-ի աննախադեպ համավարակի պայմաններում, ինչը կտրուկ փոխեց բոլորիս կյանքը:

«Ես նախընտրեցի գնալ երազանքիս հետևից և դառնալ բժիշկ։ Եվ, իհարկե, այդ երազանքին հասնելու համար չէր կարող լինել ավելի լավ տեղ, քան հայրենիքը՝ Հայաստանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, որի շրջանավարտները մասնագիտական հաջողված գործունեություն են ծավալում ամբողջ աշխարհում», – ընդգծում է Անին: Նա երջանիկ է ԵՊԲՀ-ում սովորելու իր որոշման համար և հնարավորության դեպքում նույնիսկ այն չէր փոխի։

Երևանում նրա ճանապարհորդության սկիզբը մարտահրավերներով լի էր. «Հեռու էի իմ ընտանիքից և ընկերներից, սակայն ընդամենը մի քանի շաբաթ հետո ինձ զգում էի ինչպես տանը: Սկսեցի ընկերներ ձեռք բերել, որոնք հետո դարձան իմ ընտանիքը», – անկեղծանում է սփյուռքահայ ապագա բժիշկը:

Անին սիրում է նաև երգել․ բժշկական բուհի օտարերկրացի ուսանողների հետ Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի «Վերնատուն» երգչախմբի շրջանակում հասցրել է համերգ ունենալ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ՝ կատարելով երգեր Սայաթ-Նովայի երգացանկից։

Գործընկերների և հանրապետության համապատասխան կառույցների աջակցությամբ նա պլանավորում է առողջության ապահովագրության բազա ստեղծել:

Դասախոսներից և ավագ գործընկերներից Անին սովորել է աշխատանքային էթիկա, ինչն, Անիի համոզմամբ, բժշկի համար ամենակարևոր հատկությունն է։

«Բարությունը, համեստությունը և ուժեղ կամքը նույնպես հաջողության հասնելու կարևոր գործոններ են: Ավելորդ է ասել, որ բժշկական ոլորտում նորին և առաջադեմին մշտապես տեղյակ լինելը վճռորոշ նշանակություն ունի մեզ՝ բժիշկներիս համար հիվանդներին արդյունավետ բուժում ապահովելու տեսանկյունից», – կարծում է ԵՊԲՀ շրջանավարտը:

Ապագա բժիշկներին Անին խորհուրդ է տալիս նվիրված լինել իրենց աշխատանքին. «Հիվանդը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը: Մասնագիտական կայացումը հեշտ չի լինելու, կլինեն սթրեսային և դժվարին օրեր, բայց դա, ի վերջո, կփոխհատուցվի», – եզրափակում է ապագա մաշկաբանը:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան