Բժշկական կրթությունն այլ ոլորտների համեմատ պահանջում է տարիների երկարատև ու քրտնաջան աշխատանք: Ուսումնառության երկարատև ընթացքն ու սպասվող դժվարությունները հաղթահարելու գիտակցումն ապագա բժիշկների համար առաջին քայլն է դեպի բժշկական մայր բուհ:
Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված և ընտանիքի հետ հայրենիք վերադարձած Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գևորգ Պաղտասարյանի կարծիքով՝ ԵՊԲՀ-ում սովորելու կարևոր նախապայմաններից է աշխատասիրությունն ու նպատակասլացությունը: «Դեռ փոքրուց որոշել էի՝ բժիշկ եմ դառնալու: Տարիների ընթացքում որոշումս անփոփոխ է մնացել: Շփվելով տարբեր բժիշկների հետ՝ ավելի եմ համոզվել, որ ճիշտ ուղի եմ ընտրել»,-ասում է ապագա բժիշկը՝ հավելելով, որ ընտրություն կատարելիս տրամադրվող կրթության որակի առումով հաշվի է առել հասարակության կարծիքը, ըստ որի՝ բժշկական մայր բուհը Հայաստանում մրցակից չունի:
Բարձր առաջադիմությամբ սովորող Գևորգ Պաղտասարյանին ուսումնառության ընթացքում առաջ է մղում այն գիտակցումը, որ ապագայում գործ է ունենալու մարդկանց կյանքերի հետ: «Իմ պարտքն եմ համարում սովորել հանարավորինս լիարժեք, որովհետև բժիշկը սխալվելու իրավունք չունի: Սա է այն ամենը, ինչն ինձ մոտիվացնում և օգնում է հաղթահարել ուսումնական գործընթացի տևական, բարդ ու բավականին հետաքրքիր ընթացքը»,-ավելացնում է նա:
Բժշկականում ուսանողի կյանքն անցնում է շատ ակտիվ, բազմաբովանդակ ու արտասովոր։ «Անվերջ դասեր, հիվանդանոցային կյանք, որտեղ ամեն պացիենտ սպասում է բժշկի ճիշտ դրված ախտորոշմանը, բուժման բարեհաջող ընթացքի մասին լուրի կամ պարզապես բժշկի մի լավ խոսքի: Բուհի ներսում կյանքը ևս ոչ մի վայրկյան կանգ չի առնում։ Այս հարցում նշանակալի է Ուսանողական խորհրդարանի դերը։ Լինելով Ուսանողական խորհրդարանի անդամ՝ ամեն ինչ փորձում եմ անել, որ ուսանողական տարիները էլ ավելի հետաքրքիր անցնեն բոլորիս համար»,-նշում է նա:
Ապագա բժիշկը հետբուհական կրթությունը ևս կշարունակի բժշկական համալսարանում՝ ստանալով նեղ մասնագիտացում: «Նախատեսում եմ մասնագիտանալ մանկաբարձության և գինեկոլոգիայի ուղղությամբ, սակայն չի բացառվում, որ տարիների ընթացքում, տեսնելով բազմաթիվ մասնագիտական ուղղություններ և շփվելով տարբեր բժիշկների հետ, փոխեմ որոշումս»,-ասում է բարձր առաջադիմությամբ սովորող ուսանող:
Նա ուսման ընթացքում գերադասում է անել առավելագույնն ու պատրաստ է ապագայի ցանկացած մարտահրավերի: Իսկ գլխավորն այն է, որ մասնագիտական գործունեությունը ծավալելու է Հայաստանում՝ հայրենակիցներին օգնելու մղումով:
Նշենք, որ ապագա բժիշկը 4-ից մինչև 17 տարեկան զբաղվել է սպորտով, եղել է Հայաստանի Հանրապետության լողի ազգային հավաքականի անդամ, թիկնալող լողաձևում՝ Հայաստանի տարիքային չեմպիոն։ Այժմ չի զբաղվում լողով, քանի որ իր ամբողջ ժամանակն ու ներուժը ներդրել է ուսման ու մասնագիտական կայացման գործում:
Խոսելով մասնագիտական որակների մասին՝ Գևորգ Պաղտասարյանն ընդգծում է, որ բժիշկը նախևառաջ կոչում է, ոչ լոկ մասնագիտություն։ «Պատասխանատու, կարեկցող, կազմակերպված, հոգատար, ճշտապահ, նրբանկատ, օրինակելի, ազնիվ, մարդասեր…այս շարքն անվերջ է։ Ես ձգտում եմ հնարավորինս մոտ լինել բժշկի իմ իդեալին»,-ընդգծելով բժշկի կոչմանն արժանի անհատի հատկանիշները՝ եզրափակում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը։