Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ: 

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանը նշում է, որ սննդային ալերգիայի զարգացման ռիսկը մեծ է այն անձանց մոտ, ովքեր ունեն ալերգիա ունեցող ընտանիքի անդամներ:

Ախտանիշները կարող են ի հայտ գալ, նույնիսկ տվյալ սննդի չնչին քանակի օգտագործումից: 

«Շատ ալերգեններ կարող են առաջացնել գերզգայունության ռեակցիաներ անգամ այն բանից հետո, երբ դրանք եփվել են կամ մարսվել են աղիքներում: Կան որոշ բացառություններ: Օրինակ՝ որոշ ալերգեններ (սովորաբար մրգեր կամ բանջարեղեն) ալերգիկ ռեակցիայի պատճառ են դառնում միայն հում վիճակում ուտելու դեպքում: Ախտանիշները սովորաբար սահմանափակվում են բերանով և կոկորդով»,- մանրամասնում է բժիշկը: 

Նրա փոխանցմամբ` ամենատարածված սննդային ալերգեններն են՝ կովի կաթում պարունակվող սպիտակուցները, ձուն, գետնանուշը, ցորենը, սոյան, ձուկը, ծովամթերքը և ծառի ընկույզը: 

Որոշ սննդային խմբերում, հատկապես ծառի ընկույզների և ծովամթերքների դեպքում, սննդի ընտանիքի մեկ անդամի նկատմամբ ալերգիան կարող է հանգեցնել նույն խմբի մյուս անդամների նկատմամբ ալերգիայի զարգացման: Սա հայտնի է որպես խաչաձև գերզգայունություն: 

Խաչաձև գերզգայունությունը այդքան էլ բնորոշ չէ կենդանական ծագման սննդին: Օրինակ՝ կովի կաթից ալերգիա ունեցող պացիենտները սովորաբար կարող են ուտել տավարի միս, ինչպես նաև ձվից ալերգիա ունեցողները կարող են ուտել հավի միս: 

Խեցեմորթների (shellfish) հետ խաչաձև գերզգայունության ռեակցիա են առաջացնում հիմնականում խեցգետնակերպերը (crustaceans) (ծովախեցգետին (shrimp), խեցգետին (crab), լոբստեր): Խեցեմորթների հետ խաչաձև գերզգայունություն առաջացնում են նաև մոլյուսկները (կակղամորթ (clams), միդիա): Երբեմն մարդիկ ալերգիա են ունենում երկու տեսակի խեցեմորթների նկատմամբ: 

 

Սննդի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների ախտանիշներ 

Ալերգիկ ռեակցիաների ախտանիշները հիմնականում նկատվում են մաշկի վրա (ցան, քոր, մաշկի այտուցվածություն): Ստամոքսաղիքային ախտանիշները կարող են ներառել փսխում և լուծ: Շնչառական ախտանիշները կարող են ուղեկցել մաշկային և ստամոքսաղիքային դրսևորումներին, բայց սովորաբար առանձին չեն արտահայտվում: 

 

Ծանր ալերգիկ ռեակցիաներ

Անաֆիլաքսիան արագ զարգացող ծանր ալերգիկ ռեակցիա է: Առանց անհապաղ բժշկական օգնության ցուցաբերման՝ էպինեֆրինի (ադրենալինի) ներարկում և մասնագետի օգնություն, անաֆիլաքսիան կարող է մահացու լինել: Հետագա հսկողությունը ալերգոլոգ/իմունոլոգի կողմից պարտադիր է: 

Անաֆիլաքսիայի սիմպտոմները կարող են ներառել՝ դժվարացած շնչառություն, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ: Եթե Դուք ունեք այս սիմպտոմներց որևէ մեկը, անհապաղ դիմեք բժշկական օգնության (զանգահարել 911): Մի սպասեք, որպեսզի տեսնեք արդյոք ինքնուրույն կանհետանան սիմպտոմները թե ոչ:

 

Ախտորոշում 

Ալերգոլոգը լավագույն որակավորված մասնագետն է սննդային ալերգիան ախտորոշելու համար: Ձեր ալերգոլոգը մանրակրկիտ կուսումնասիրի հիվանդության պատմությունը և կանցկացնի ֆիզիկալ քննություն: Ձեզ կարող են հարցնել սննդի պարունակության,  ախտանիշների հաճախականության, սեզոնայնության, ծանրության և բնույթի, ինչպես նաև սննդամթերքի օգտագործման և ցանկացած ռեակցիայի միջև ընկած ժամանակահատվածի մասին: 

Մաշկային թեստերը կարող են որոշել, թե որ մթերքները, եթե այդպիսիք կան, կարող են առաջացնել ալերգիայի ախտանիշները: Մաշկային փորձի ժամանակ սննդային էքստրակտի փոքր քանակ դրվում է մեջքին կամ ձեռքին: Եթե 20 րոպեի ընթացքում առաջանում է բշտիկ կամ ցան, դա վկայում է հնարավոր ալերգիայի մասին: Եթե բշտիկ կամ ցան չի զարգանում, ուրեմն թեստը բացասական է: Հազվադեպ է, երբ բացասական մաշկային թեստ ունեցող անձը ունենա IgE-միջնորդված սննդային ալերգիա: 

Որոշ դեպքերում, ինչպիսին է ծանր էկզեման, մաշկային թեստը հնարավոր չէ անցկացնել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում արյան անալիզ: Կեղծ դրական արդյունքներ կարող են լինել և մաշկային թեստի, և արյան քննության ժամանակ: Ախտորոշումը հաստատելու համար հաճախ պահանջվում է սննդով հրահրման թեստ: Թեստը իրականցվում է սննդամթերքը բժշկական պայմաններում օգտագործելու միջոցով՝ որոշելու, արդյոք այդ սնունդը ռեակցիա առաջացնում է թե ոչ: 

 

Ալերգիկ ռեակցիաների վերացումը տարիքին զուգընթաց 

Շատ երեխաների մոտ մեծանալուն զուգընթաց վերանում է կովի կաթից, ձվից, սոյայից և ցորենից ալերգիկ սենսիբիլիզացիան, նույնիսկ  ծանր ռեակցիաների պատմության դեպքում: 

Երեխաների մոտավորապես 20%-ի մոտ ժամանակի ընթացքում վերանում է գետնանուշի նկատմամբ գերզգայունությունը և 9%-ի մոտ՝ ծառի ընկույզի նկատմամբ: Ձեր ալերգոլոգը կօգնի ձեզ իմանալ, թե որ տարիքում երեխայի մոտ կարող են վերանալ ալերգիկ ռեակցիաները:

 

Բուժում 

Սննդային ալերգիաների լավագույն բուժումը, ալերգեններից խուսափելն է: Թեև ապացուցվել է, որ գետնանուշի կարագի միայն հոտը գերզգայունության ռեակցիա չի առաջացնում, սակայն երբեմն սննդային ալերգենները կարող են տարածվել օդում հատկապես գոլորշու մեջ և առաջացնել ռեակցիաներ: Օդային տարածվող սննդային ալերգեններից ամենահավանական ռեակցիայի առաջացում դիտվում է ծովամթերքի եռացման ժամանակ: 

Սնունդն ուտելուց առաջ միշտ հարցրեք տվյալ սննդի բաղադրատոմսի մասին:

Ուշադիր կարդացեք սննդային պիտակները: ԱՄՆ-ն և շատ այլ երկրներ պահանջում են, որ պիտակների վրա պոտենցիալ ալերգեն նյութերը գրված լինեն բոլորի համար հասկանալի բառերով, օրինակ՝ կազեին գիտատեխնիկական տերմինի փոխարեն կաթ:

Միշտ ունենալ և իմանալ, թե ինչպես կիրառել ներարկվող էպինեֆրինը (ադրենալին) և հակահիստամիններ անհապաղ ռեակցիաների բուժման համար: Սովորեցրեք ընտանիքի անդամներին և այլ մարդկանց, ինչպես օգտագործել էպինեֆրինը, կրեք ID թևնոց, որը նկարագրում է Ձեր ալերգիան: Ռեակցիայի առաջացման դեպքում դիմեք շտապ օգնության բաժանմունք, նույնիսկ ախտանիշների անհետացման պարագայում: Այնուհետև ստացեք հետագա հսկողություն ալերգոլոգի կողմից:

 

Օգտակար խորհուրդներ 

  • Ամենատարածված սննդային ալերգեններն են կովի կաթում պարունակվող սպիտակուցները, ձուն, գետնանուշը, ցորենը, սոյան, ձուկը, ծովամթերքը և ծառի ընկույզը:
  • Ալերգոլոգը լավագույն որակավորված մասնագետն է սննդային ալերգիան ախտորոշելու համար: Ալերգոլոգի կողմից իրականացվող թեստերը հաճախ օգնում են պարզել, թե արդյոք որ մթերքներն են առաջացնում Ձեր ախտանիշները:
  • Որոշ սննդային ալերգիաներ տարիքին զուգընթաց կարող են վերանալ:
  • Սննդային ալերգիաների լավագույն բուժումը, ալերգեններից խուսափելն է:
  • Սնունդն ուտելուց առաջ միշտ հարցրեք տվյալ սննդի բաղադրատոմսի մասին, ուշադիր կարդացեք սննդային պիտակները: 

 

Զգացեք լավ: Ապրեք առողջ: 

Ալերգոլոգ/իմունոլոգը, հաճախ կոչվում է ալերգոլոգ, մանկաբույժ կամ թերապևտ է, որն ունի նվազագույնը երկու լրացուցիչ տարվա մասնագիտացում, այնպիսի խնդիրների ախտորոշման և բուժման համար, ինչպիսիք են՝ ալերգիաները, ասթման, աուտոիմուն և իմունապակասուրդային հիվանդությունները:

Ճիշտ խնամքը կարող է զգալիորեն մեղմել ալերգիկ հիվանդությունների ընթացքը: 

Այցելելով ալերգոլոգին՝ Դուք կարող եք ակնկալել ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժման ծրագիր և կրթական տեղեկատվություն, որը կօգնի Ձեզ կառավարել Ձեր հիվանդությունը: 

Աղբյուր՝

American Academy of Allergy Asthma & Immunology

www.aaaai.org