Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սովորողների հետ Արսեն Թորոսյանը քննարկեց հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող հարցեր

Սովորողների հետ Արսեն Թորոսյանը քննարկեց հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԵՊԲՀ-ում հանդիպեց բժշկական համալսարանի սովորողներ հետ։ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը նշեց, որ այսօր հրավիրված հանդիպման նպատակն է քննարկել հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող մի շարք հարցեր, նոր մոտեցումներ, ինչպես նաև անդրադառնալ առողջապահության ոլորտը բժիկ-մասնագետներով ապահովելու կարևոր հարցին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սովորողներին հանգամանալից ներկայացրեց Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրում կատարված փոփոխությունները, խոսեց Առողջապահության նախարարության կողմից ծրագրի մասնակիցների առջև դրված պահանջների և ակնկալվող արդյունքներ մասին։

Ծրագրի իրականացման հիմքում՝ մարզերը բժշկական անձնակազմով համալրելու հարցն է։ Եթե վերջին երեք տարում ծրագրին հատկացվել էր 35 տեղ, ապա այս տարի առաջին անգամ նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվել է 50 տեղ` (օրդինատուրայի ընդունելության մեկնարկել է պետական ավարտական քննություններից հետո): Նպատակային կլինիկական օրդինատորները մինչ ուսումնառության սկիզբն Առողջապահության նախարարության հետ կնքում են պայմանագիր, որով ստանձնում են պարտավորություն` ավարտելուց հետո աշխատելու այն մարզում, ուր կուղեգրվեն: 

Նախարարը հավաստիացրեց, որ ծրագրին հատկացվող տեղերը տարեցտարի կավելանան։

Հաշվի առնելով, որ կատարած վերլուծությունների համաձայն՝ բժշկական աշխատուժը գերկենտրոնացված է մայրաքաղաքում, Արսեն Թորոսյանը ընդծեց, որ շատ կարևոր է, որպեսզի մարզային իշխանությունները առողջապահությանը վերաբերեն որպես առաջնահերթություն, մշակեն մեխանիզմներ և աջակցեն առողջապահական գերատեսչության վարած քաղաքականությանը։ Պատասխանելով ուսանողներից մեկի՝ տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ վերջին օրերին հասարակական մեծ հնչեղություն ստացած հարցին՝ նա նշեց, որ այս հարցում համակարգային, ոչ թե անձնավորված լուծում է անհրաժեշտ։ Խոսելով բժշկի մասնագիտության մասին, Արսեն Թորոսյանը նկատեց, որ նախքան բժշկական համալսարան ընդունվելը յուրաքանչյուր դիմորդ պետք է լավ պատկերացնի, որ կյանք փրկող մասնագետ հնարավոր չէ հետությամբ դառնալ, առհասարակ բժշկի ուղին բավականին բարդ է։ Առողջապահության նախարարը պատասխանեց սովորողների շուրջ մեկ տասնյակ հարցի:

ԵՊԲՀ Արմեն Մուրադյանն ամփոփելով հանդիպումը՝ նշեց, որ հետբուհական կրթությունը պետք է առաջի հերթին համապատասխանի երկրի կարիքներին։ Ռեկտորի խոսքով՝ բժշկական կրթությունը ենթադրում է դժվարություններ և ծայրահեղ պատասխանատվություն: Նրա գնահատմամբ՝ որակական ցուցանիշներով ԵՊԲՀ-ն մրցունակ է, ինչի մասին վկայում են բուհի բազմաթիվ շրջանավարտները, որոնք այսօր մասնագիտական գործունեությունը հաջողությամբ շարունակում են աշխարհի առաջատար բժշկական կազմակերպություններում, իսկ մատչելիության տեսակետից այստեղ կրթությունը այլ երկրների համեմատ շատ մատչելի է, և հենց այդ է պատճառը, որ 30 երկրից օտարերկրացի ուսանողներ այսօր բժշկական կրթություն են ստանում հենց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։