Հետազոտողի և գիտնականի այսօրվա խնդիրներից է փոխանցելի հմտությունների, հատկապես՝ անգլերենով բանավոր և գրավոր հաղորդակցման ոչ բավարար մակարդակը: Ազդեցության գործակից ունեցող ամսագրերի հետ տարվող աշխատանքների և միջազգային գիտական միջոցառումների մասնակցության փորձը ցույց է տալիս, որ սեփական հետազոտության արդյունքները պատշաճ անգլերենով ներկայացնելու համար պարզապես անգլերենին տիրապետելը բավարար չէ: Գիտության լեզուն գիտական անգլերենն է:
Ուստի, նպատակ ունենալով զարգացնել հետազոտողների գիտական գրագրության հմտությունները և խթանել նրանց միջազգային ակտիվությունը՝ ԵՊԲՀ գիտական մասը հանդես եկավ մի հետաքրքիր նախաձեռնությամբ: Հունիսին և հուլիսն Սթենֆորդի համալսարանի Writing in the Sciences դասընթացը ԵՊԲՀ-ում անցկացվեց խմբային տարբերակով: Այն լավ հնարավորություն էր կարճ ժամանակում ձեռք բերելու որակյալ հոդված գրելու և ընդհանրապես գիտական գրագրության այնպիսի հմտություններ, որոնք որպես կանոն ձեռք չեն բերվում լեզու սովորելիս կամ ինքնակրթվելիս:
Նախօրոք գրանցված 37 հետազոտողներից և ուսանողներից ընտրվեց 10 մասնակից, ովքեր հաջողությամբ ավարտեցին դասընթացն ու հավաստիացրեցին, որ նմանատիպ միջոցառումներն ահրաժեշտություն են սկսնակ հետազոտողի համար:
Սթենֆորդի դասընթացը հագեցած էր առաջադրանքներով և թեստերով, որոնք ներառում էին հեղինակավոր ամսագրերում տպված հոդվածներից վերցված նյութեր, օրինակներ, նախադասություններ, սակայն առցանց դասընթացի կողմից մատուցված գիտելիքը խմբային հանդիպումների ընթացքում կիրառվեց հայ հեղինակների անգլերեն հոդվածներից վերցված օրինակների վրա, ինչը մասնակիցների խոսքով, առավել ամրապնդեց նյութն ու զարգացրեց գործնական հմտությունները:
Դասընթացում ներառված էին բազմաթիվ թեմաներ այդ թվում՝ որակյալ հոդված գրելու քերականական, ոճաբանական, կառուցվածքային խնդիրները, հրապարակման, գրախոսության, գրագողություն որոշ հարցեր, դրամաշնորհային ծրագրեր, և այլ փաստաթղթեր կազմելու խորհուրդներ, ինչպես նաև մի հետաքրքիր թեմա այն մասին, թե ինչպես է պետք սեփական հետազոտության արդյունքները հանրամատչելի լեզվով ներկայացնել լրատվամիջոցներին և հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին:
Հարկ է նշել, որ դասընթացը ցիկլային է և հետագայում նմանատիպ միջոցառումների պակաս չի զգացվելու: Բաց չթողնելու համար՝ հետևեք մեր հայտարարություններին կամ Գիտության վարչության էլեկտրոնային նամակագրությանը: