Բժշկական համալսարանում շարունակվում է ստոմատոլոգների Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը։
Եռօրյա միջոցառումը համախմբել է աշխարհի 10 երկրի շուրջ 40 առաջատար մասնագետի։
Պարմայի համալսարանի դոցենտ, իտալացի մասնագետ Մարցիա Սեգուն անդրադարձավ քնի օբստրուկտիվ ապնոէ հիվանդության բուժման արդյունավետ մեթոդներին, ժամանակակից սարքավորումներին։ Նա ընդգծեց, որ Իտալիայում և Եվրոպայում այդ հիվանդությունն ունեցող վարորդները, նախքան վարորդական իրավունք ստանալը, անցնում են օրենքի շատ խիստ կարգավորումներ։ Մարցիա Սեգուն ներկայացրեց նաև իր պացիենտներից մի քանի կլինիկական օրինակ՝ կոչ անելով զբաղվել քնի բժշկությամբ։
Պրոֆեսոր Լուիջի Ջեներալին Մոդենայի և Ռեջիո Էմիլիա համալսարանի դոցենտ է։ «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայկական ստոմատոլոգիական համայնքին՝ այս հրավերի համար։ Մեծ պատիվ է այստեղ ներկա գտնվելը», – նշեց նա։
Մասնագիտացած լինելով Էնդոդոնտիայի ոլորտում՝ իտալացի պրոֆեսորը ներկայացրեց գործիքային մշակումը, անդրադարձավ հետազոտական և կլինիկական ասպեկտներին, խոսեց բուժման որակի մասին։ Լուիջի Ջեներալին ևս առանձնացրեց կլինիկական դեպքեր իր մասնագիտական պրակտիկայից՝ մանրամասնելով բուժման մեթոդները յուրաքանչյուրի համար։
Վրաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի հիմնադիր և գլխավոր քարտուղար, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի սենատի անդամ, իմպլանտոլոգ Վլադիմիր Մարգվելաշվիլին երախտիքի խոսք հղեց հայ գործընկերներին հրավերի համար՝ նշելով, որ միշտ պատրաստակամ է համագործակցության։ «Համաժողովն արդյունավետ է անցնում, քննարկվում են շատ արդի թեմաներ», – փաստեց վրաց մասնագետը։ Նրա զեկույցը վերաբերում էր գերիատրիկ ստոմատոլոգիային։ Վլադիմիր Մարգվելաշվիլիի զեկույցի առանցքում էին տարեց պացիենտների հետազոտման և ախտորոշման առանձնահատկությունները։ «Բնակչության ծերացումն այսօրվա աշխարհի գլխավոր առանձնահատկությունն է։ Տարեց է համարվում 65 տարեկան և բարձր տարիքի մարդը, սակայն դա այնքան էլ արդյունավետ չէ ստոմատոլոգիայում, քանի որ նշված տարիքային խմբի ներսում կան բազմաթիվ տարբերություններ ֆիզիկական, մտավոր և բժշկական կարգավիճակներում», – նշեց նա՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է տարանջատել հիվանդությունը տարիքից։
Վլադիմիր Մարգվելաշվիլին անդրադարձավ նաև գերիատրիկ ստոմատոլոգիայի հիմնական սկզբունքներին։
Նշենք, որ ստոմատոլոգների Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը կամփոփի աշխատանքները վաղը՝ մայիսի 4-ին։ Այն նախաձեռնել են Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան և Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիան՝ բժշկական բուհի հետ համատեղ: