Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Տարվա դպրոց» պատվաբեր կոչումը կրող ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի օլիմպիական նվաճումները շարունակական են

«Տարվա դպրոց» պատվաբեր կոչումը կրող ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի օլիմպիական նվաճումները շարունակական են

Օրերս ամփոփվեցին Գիտության հայկական համադպրոցական 2-րդ փա­ռատոնի արդյունքները, որին «Հերացի» ավագ դպրոցը ներկայացել էր կենսաբանական  6 նախագծով։

Դրանք համակարգել էին կենսաբանության ուսուցիչներ Ռուբինա Հա­րու­թյունյանը (3 նախագիծ), Հասմիկ Ղազարյանը (2 նախագիծ) և Արմինե Խաչատրյանը (1 նախագիծ): Բոլոր աշխա­տանք­ներն էլ մեծ հետա­քրքրություն առաջացրին և բուռն քննարկումների առիթ դարձան, իսկ «Բիոպրոտեին. 3 խնդիր,  մեկ լուծում» նախագիծը, որ Ռուբինա Հարություն­յանի հմուտ ղեկավարությամբ իրականացրել էին  Մհեր Սարաֆյանը և Մանե Կուրղինյանը, գիտական ժյուրիի կողմից արժանացավ «Կենսաբանական լավագույն նախագիծ» մրցանակին և կմաս­նակցի ԱՄՆ -ում կայանալիք միջազգային գիտա­տեխ­նի­կական փառա­տոնին (International Science and Engineering Fair):

Ուսուցիչների փոխանցմամբ` Մհերը և Մանեն արդեն ակտիվ  նախապատ­րաստ­վում են մեկ ամիս անց ԱՄՆ-ում լա­վա­գույնս ներկայանալու և հեղինակավոր այդ բարձր հար­թակում Հայաստանը պատվով ներկայացնելու։

Փառատոնին մասնակցում էր 70 աշա­կերտ և նրանց գիտական ղեկավարները, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարու­թյուն­յանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հով­հաննես Հովհաննիսյանը, հայաստանյան գիտական կազմակեր­պություն­ների ներկայացուցիչներ։ 

Գիտության փառատոնին հաջորդեց մեկ այլ հեղինակավոր մրցաշար՝ AESA-ի 21-րդ ամենամյա գիտական օլիմպիադային, որը նոր հաղթանակներ բերեց «Հերացի» ավագ դպրոցին. ներկայացված երկու նախագծերը, որոնք հեղինակել են Մանե Կուրղինյանն ու Մհեր Սարաֆյանը և Լենա Մանուկյանն ու Սյուզի Սահակյանը, արժանացել են հատուկ մրցանակի, իսկ  դպրոցին շնորհվել  է «Տարվա դպրոց» կոչումը։

Անցյալ տարի այս նույն օլիմպիադայում կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանը ճանաչվել էր տարվա լավագույն ուսուցիչ։

Գիտական հեղինակավոր այս մրցապայքարում հերացիականների հաղթանակն անսպասելի չէր. դպրոցում կազմակերպվող օլիմպիական դասընթացները, բժշկական մայր բուհի դասախոսների և ուսանողների հետ ամենօրյա սերտ կապն ու համագործակցությունը, հետազոտական աշխատանքների իրականացման հարցում աշակերտներին տրամադրվող մեթոդական-գիտական տեխնիկական աջակցությունն այն ամուր հիմքն են, որից ծնվում են օլիմպիական (այդ թվում՝ միջազգային) նվաճումները։