Ապագա բժիշկներն այսօր հանդիպում ունեցան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիր, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինայի հետ:
Հանդիպման սկզբում անդրադարձ կատարվեց Թոմ Քաթինայի կյանքին, կարճ ներկայացվեց նրա կենսագրությունն ու անցած ուղին: Ճարտարագետի մասնագիտություն ստացած ամերիկացի երիտասարդը որոշում է ուժերը փորձել բժշկության մեջ՝ ընտրելով վիրաբույժի մասնագիտությունը, ինչը ճակատագրական է դառնում նրա համար: Դյուքի համալսարանի Բժշկական դպրոցի շրջանավարտ Թոմ Քաթինան բժշկական կարիերան սկսել է Միացյալ Նահանգների Ռազմաօդային ուժերում՝ չորս տարի ծառայելով իբրև թռիչքային վիրաբույժ։ Դրանից հետո նա վեց տարի իբրև կամավոր աշխատել է Քենիայում՝ Նայրոբիի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում, ապա տեղափոխվել Սուդան և հիմնադրել այն հիվանդանոցը, որը գլխավորում է մինչ օրս։ Այնպես է ստացվում, որ Սուդանի նուբացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով կարճ ժամանակով գործուղված Քաթինան այլևս չի ցանկանում թողնել առանց այդ էլ պատերազմից կեղեքված նուբացիներին և արդեն 10-ը տարի է՝ ստանձնել է մարդասիրական կարևոր առաքելություն՝ բժշկել մարդկանց:
Նա բուժօգնություն է տրամադրում ավելի քան 750 հազար մարդու, որոնք նրան են դիմում տարաբնույթ հիվանդություններով: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Թոմ Քաթինան փաստեց, որ բազմաթիվ դժվարությունների է հանդիպում: Հաճախ, բոլորին օգնելու ցանկությանը զուգահեռ, ստեղծվում է իրավիճակ, երբ, որպես բժիշկ, ստիպված ես որոշում կայացնել, ինչն այնքան էլ հեշտ չէ: «Պետք է հաղթահարել այդ բարդությունները, ընդունել սխալները և շարժվել առաջ»,- ընդգծեց մարդասիրական առաքելություն իրականացնող բժիշկը:
ԵՊԲՀ ուսանողների շրջանում Թոմ Քաթինան անկեղծացավ, որ ծնողները ոչ միայն կողմ չեն եղել Սուդանում մնալուն և այնտեղ բժշկական գործունեություն ծավալելուն, այլև նուբացի կնոջ՝ Նազիմայի հետ ամուսնանալու հարցում:
Արդեն մեկ տասնամյակ Սուդանի Նուբա լեռներում ռումբերի տեղատարափի տակ մարդասիրական առաքելություն իրականացնող Թոմ Քաթինան ապագա բժիշկներին խորհուրդ տվեց մասնագիտանալուն զուգահեռ գտնել ճանապարհ՝ մարդասիրական առաքելությամբ աշխարհը փոխելու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիրը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ-ում հյուրընկալելու, ինչպես նաև բովանդակալից քննարկում կազմակերպելու համար: