ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Լիլիթ Ստեփանյանը «Կառլեն Եսայանի անվան» կրթաթոշակառու է:
Նրա համոզմամբ՝ բժշկական համալսարանում սովորելը մարդուն զարգացնում է տարբեր կողմերից:
«Բժշկական համալսարանում սովորելու առաջին օրերին որոշ հարցերի պատասխաններ դեռ չունեի, նույնիսկ եղել են պահեր, որ մտածել եմ գուցե չեմ կարողանա հաղթահարել բուհի պահանաջները: Ամեն հաջորդ կուրսում, սակայն, ավելի հետաքրքիր էր դառնում, քանի որ արդեն գիտելիք ունեի, հետևաբար ավելի պարզ էին մեխանիզմները: Իսկ 3-րդ կուրսում ծանոթացա իմ ամենասիրելի առարկաներին՝ ախտաֆիզիոլոգիային և ֆարմակոլոգիային: Այստեղ առարկաները նման են մի մեծ ցիկլի, որի ամեն օղակը օգնում է մյուսն ավելի լավ հասկանալ: Իսկ վերջին կուրսն ամենապատասխանատուն է. մոտենում է ստացած գիտելիքը պրակտիկայում կիրառելու և պացիենտների վստահությանը արժանանալու ժամանակը»,-խոսելով ուսումնառության մասին նշում է Լիլիթը:
Դպրոցի ավարտական դասարաններում կենսաբանություն առարկան ուսումնասիրելիս Լիլիթին շատ է զարմացրել և հետաքրքրել մարդու օրգանիզմի աշխատանքը, ուստի ցանկացել է ավելի մանրամասն հասկանալ այն և պարզել, թե ինչպես է այդ կատարյալ աշխատանքի որևէ օղակ խանգարվում:
«Ընտրության երկու ուղի ունեի՝ բժշկությունը կամ գիտությունը: Միևնույն ժամանակ սիրում էի մարդկանց հետ շփվել և օգնել, ուստի որոշեցի, որ լավագույն ճանապարհը բժշկի ուղին ընտրելն է: Նեղ մասնագիտություն ընտրելն ինձ համար ամենակարևոր հարցերից է, քանի որ իսկապես դժվար է մեկն ընտրել, երբ բոլորն են հետաքրքիր: Ամենայն հավանականությամբ կմասնագիտանամ օրթոդոնտիայում»,-ընդգծում է հերացիականը:
Նրա խոսքով՝ բժշկին անհրաժեշտ է բարձր մասնագիտական պատրաստվածություն ունենալ, նաև կարևորում է համարձակությունը, համբերատարությունը, հոգատարությունն ու նվիրվածությունը:
«Պացիենտի հետ աշխատանքը հեշտ չէ, պետք է նրբանկատ և զգույշ, որովհետև հիվանդություն ունեցող մարդը շատ փխրուն է և խոցելի»,-ընդգծում է ԵՊԲՀ ուսանողը:
Անվանական կրթաթոշակի արժանանալու և այդ ճանապարհին ունեցած դժվարություններին անդրադառնալով Լիլիթ Ստեփանյանը շեշտում է՝ ցանկացած բան հեշտ է, եթե դրան մոտենում ես սիրով և ժամանակ ես տրամադրում առաջ գնալու համար.
«Դժվարությունն այն է, որ ժամանակը անսպառ չէ և հաճախ կարիք էր լինում ընտրել դասերի և այլ զբաղմունքների միջև: Ես երբեք չեմ սովորել անվանական կրթաթոշակ ստանալու կամ բարձր առաջադիմություն ունենալու համար: Միշտ փորձել եմ հնարավորինս ուշադիր լսել դասախոսին և տանը նյութը ուսումնասիրել այնպես, որ պատճառահետևանքային կապերով այն ամրապնդվի: Փորձել եմ անել մաքսիմալը, առաջինը նրա համար, որ թանկ եմ գնահատում ժամանակը և երկրորդը՝ բժշկական բուհում սովորելն իմ ընտրությունն էր»,-հավելում է նա:
Անվանական կրթաթոշակառուն նշում է՝ եթե չընտրեր բժշկի մասնագիտությունը՝ կընտրեր դերասանի մասնագիտությունը. «Միշտ շատ եմ սիրել բեմն ու արվեստը, ինչպես նաև հետաքրքրվել եմ մարդկային հոգեբանությամբ, որը կարծում եմ այս երկու մասնագիտությունների ընդհանրությունն է»: