Բժիշկ Մամտա Ջայինը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ է։ Ազգությամբ հնդիկ ծերաբույժն ավարտել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը 1998 թվականի նոյեմբերին։
Այժմ արդեն նա Հնդկաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկի գործադիր տնօրենն է։
Մամտա Ջայինի հետ զրուցել ենք բժշկության ոլորտում կարգապահության ու ազնվության կարևորության, մասնագիտության ուժեղ և թույլ կողմերի, բժշկական մայր բուհում կրթության, ինչպես նաև համաշխարհային առողջապահական համակարգի ապագայի մասին։
– Ինչու՞ ընտրեցիք բժշկությունը, ո՞րն է Ձեր նեղ մասնագիտացումը։
– Նպատակս էր ծառայել մարդկությանը և իմ երկրին։ Այժմ 500 մահճակալ ունեցող Shree Aggarsain միջազգային հիվանդանոցի գործադիր տնօրենն եմ, նեղ մասնագիտացմամբ՝ ծերաբույժ։
– Բժշկության ոլորտում պրոֆեսիոնալիզմի մասին շատ է խոսվում, ի՞նչ է Ձեզ համար մասնագիտական արհեստավարժությունը:
– Կարգապահությունն ու ազնվությունը երկու կարևոր առաքինություն են, որոնք ուղղված են բժշկական ոլորտում պրոֆեսիոնալիզմի պահպանմանը, քանի որ բժիշկները գործ ունեն կյանքի հետ, որը երկրային պարգևն է:
– Որո՞նք են բժշկի մասնագիտության ուժեղ և թույլ կողմերը:
– Ուժեղ կողմը. երբ ծառայում ես հասարակությանը, ստանում ես հոգեկան բավարարվածություն և մոտիվացված ես լինում մասնագիտական կյանքում: Թույլ կողմը՝ զգացմունքայնություն, բայց երբեմն այն ծառայում է որպես շարժիչ ուժ՝ պացիենտների բուժման ընթացքում արդարացի մոտեցում ցուցաբերելու համար:
– Ինչպե՞ս եք հաղթահարում սթրեսը: Հասցնու՞մ եք հանգստանալ։
– Յոգա, մեդիտացիա և համապատասխան երաժշտություն:
– Վերջին շրջանում ի՞նչ գրքեր եք կարդացել:
– Ռոնդա Բիրնի «Գաղտնիքը» և Օշոյի «Դեղորայքից մինչև մեդիտացիա» ստեղծագործությունները:
– Ձեր կարծիքով ո՞րն է բժշկի ամենակարևոր հատկանիշը:
– Կարծում եմ՝ բժիշկը պետք է ունենա զգայուն սիրտ՝ ճիշտ կլինիկական մտածողությանը զուգահեռ, որպեսզի կարողանա հասկանալ պացիենտների ապրումները:
– Ինչո՞ւ ընտրեցիք ԵՊԲՀ-ն բժշկական կրթության համար։
– Այն աշխարհի հնագույն, ավելի քան 100-ամյա հեղինակավոր բժշկական համալսարաններից է՝ առաջին քրիստոնյա երկրում, որը հյուրընկալել է շուրջ տասը Նոբելյան մրցանակակրի և ունի հարուստ գիտական ժառանգություն։
– Ինչպիսի՞ն եք պատկերացնում համաշխարհային առողջապահական համակարգը 10 տարի անց:
– Ապագա առողջապահությունը ես կանխատեսում եմ որպես «Ինտեգրված առողջապահական համակարգ՝ այլընտրանքային բժշկության ընդգրկմամբ», որը նպատակամղված կլինի մարդկանց բուժելուն՝ հիմնականում կենտրոնանալով առողջության կանխարգելիչ կառավարման վրա:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան