Մայիսյան եռատոնի կապակցությամբ զրուցել ենք ԵՊԲՀ կուրսանտ Սենիկ Մատինյանի հետ, ով սեփական օրինակով ապացուցում է, թե ինչպես կարելի է համատեղել գիտությունը զինվորական ծառայության հետ։ Կուրսանտ Մատինյանը զորակոչվել է ամիսներ առաջ և ընտրել պաշտպանական գերատեսչության առաջարկած այլընտրանքային ծառայություններից մեկը։
«Ամիսներ առաջ զորակոչվել եմ Հայոց բանակ։ Քանի որ մենք արդեն ունեինք բժշկի որակավորում, իսկ կրթության ընթացքում անցել էինք ռազմական պատրաստություն, Պաշտպանության նախարարարությունը հնարավորություն տվեց մեզ մեկ տարի սովորել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայում, որից հետո կստանանք բուժծառայության սպայի կոչում և կմեկնենք ՀՀ Զինված ուժեր՝ երկամյա ծառայության։ Մոտ մեկ ամիս անհրաժեշտ պատրաստություն ստանալուց հետո վերադարձել ենք հարազատ բուհ և շարունակում ենք ուսումնառությունն այստեղ»,- պատմում է երիտասարդը։
Օրվա սկիզբը սովորող-ծառայողներն անցկացնում են հիվանդանոցային օղակում և ստանում հետագայում` զորամասում բուժծառայությունը կազմակերպելու անհրաժեշտ հմտություններ։ Օրվա երկրորդ կեսը Սենիկը նվիրում է գիտական գործունեությանը։ ԵՊԲՀ Նեյրոգիտության լաբորատորիայում գործընկերների հետ աշխատում է կաթվածի կենդանական մոդելի ստացման, ինչպես նաև բուժման առավել արդյունավետ մեթոդների որոնման ուղղությամբ։
«Ի դեպ այս տարի պատիվ ունեցա համալսարանական թիմի կազմում մասնակցել Հորիզոն 2020 Twinning ծրագրին դիմելու գործընթացին և, ինչպես գիտեք, ԵՊԲՀ-ն բավականին բարձր միավորներով հաղթեց եվրոպական ամենահեղինակավոր գիտական մրցույթներից մեկը։ Այս կոնտեքստում՝ որպես թիմի ամենաերիտասարդ անդամ, կուզենամ շնորհակալություն հայտնել համալսարանին ինձ թիմում ընդգրկելու և այդպիսի պատասխանատվություն վստահելու համար»,- ասում է ասպիրանտը։
Նրա գնահատմամբ՝ զինվորական կյանքը բավականին հետաքրքիր է անցնում, ամեն շաբաթ բացի մասնագիտական ցիկլային առարկաներից շարային պատրաստության պարտադիր դասընթացին էլ ավելի են հմտանում զինվորական գործում։
«Սովորում ենք այս բնագավառում այդքան անհրաժեշտ համատեղ գործողությունների և առավել նպատակաուղղված մեթոդների կիրառման անհրաժեշտ հմտություններ»,-մանրամասնում է Սենիկը։
Զինվորական պարտքը կատարելուց հետո շարունակելու է բժշկի և գիտնականի աշխատանքը։ Այժմ ծառայությանը զուգահեռ հանդիսանում է նաև ԵՊԲՀ «Կենսաքիմիա» մասնագիտական դասիչով հեռակա ասպիրանտ։ Աշխատանքի ընթացքում գիտնականների թիմը փորձ է անելու ուսումնասիրել կաթվածի հետևանքով ուղեղում մեկնարկող պաշտպանական գործընթացներից մեկը։ Այս առթիվ, երիտասարդներըը կարճ ժամանակ առաջ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և PMI Science-ի համատեղ հայտարարած ասպիրանտական դրամաշնորհի հաղթող ճանաչվեցին, ինչը հնարավորություն կտա էականորեն բարելավվել կաթվածի ուղղությամբ կատարվող հետազոտական աշխատանքը։
«Հայրենիքը սկսվում է սահմաններից և յուրաքանչյուրս մեր մեջ պետք է բանաձևենք այն։ Եվ սա հատկապես կարևոր է նորակոչիկի համար, ով օրեր հետո կդառնա մեր անվտանգության երաշխավորը»,- զրույցի վերջում ընդգծում է Սենիկը՝ հավելելով, որ միայն ՀՀ Զինված ուժեր ծառայության անցնելիս իրապես հասկացավ այդ պարտականության օրհասական պահանջը և նորովի վերաիմաստավորեց իր արդեն երկրորդ՝ զինվորի համազգեստով տրված երդումը։
Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը